Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը մեկնաբանել է տեղեկությունը, ըստ որի Սերժ Սարգսյանը մտադիր է սահմանադրության փոփոխությամբ Հայաստանում ձեւավորել երկպալատ խորհրդարան, որի վերին պալատում կլինեն նաեւ սփյուռքի ներկայացուցիչներ: Այդ մասին նշել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆոռնիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Դեռ 2010 թ. մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկում էր տեղի ունեցել Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման ուղիների մասին, եւ առաջարկվել էր խորհրդի անդամներին մեկ տարի անց գաղափարներ ներկայացնել այդ առնչությամբ: Սա հնարավոր առաջարկներից մեկն է, որ բազմաթիվ ուրիշների շարքում արժանի է քննարկման: Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ սահմանադրության փոփոխությունը պատասխանատու քայլ է ու նախատեսում է բարդ եւ երկարատեւ ընթացակարգ: Նման որոշում կայացնելու համար բնականաբար պետք է տեղի ունենան հանրային քննարկումներ եւ մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններ», նշել է Արմեն Արզումանյանը:
Հ. Ա.