«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2011-01-27 | #14, 2011-01-28 | #15, 2011-02-01


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ

Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության հաստատումից հետո ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կդիտարկի ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը:

Հանձնաժողովի` հունվարի 31-ին կայացած անդրանիկ նիստում հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանում սահմանային անվտանգության մակարդակի առավել բարձրացման, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման, պետական սահմանի համալիր կառավարման գործընթացները մեր պետության համար գերակա նշանակություն ունեն. «Այսօր աշխատում ենք երկու հիմնական ուղղություններով` Ռուսաստանի հետ` Իրան-Թուրքիա պետական սահմանի երկայնքով սահմանային ենթակառուցվածքների եւ ուղեկալների արդիականացման եւ ԵՄ-ի հետ` Հարավային Կովկասում պետական սահմանների համալիր կառավարման շրջանակում:

Ռուսաստանի հետ արդեն ստորագրվել է համապատասխան արձանագրություն, եւ շուտով ձեռնամուխ կլինենք 2011-2015 թվականների պլանի իրագործման աշխատանքներին: Մարտին սպասվում է ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

ԵՄ-ի հետ նախաձեռնում ենք աննախադեպ լայն գործընթաց, որի նպատակն է արդիականացնել Վրաստանի հետ Հայաստանի պետական սահմանի բոլոր երեք անցակետերը` Բագրատաշենի, Գոգավանի, Բավրայի, ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային անցակետեր եւ հասնել նրան, որ մի կողմից` ունենանք հուսալիորեն պաշտպանված պետական սահմաններ, մյուս կողմից` ապահովենք մարդկանց եւ ապրանքների հնարավորինս դյուրին տեղաշարժը»:

Արթուր Բաղդասարյանի համոզմամբ` ծրագրի իրականացումը ենթադրում է նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, կառավարման ոլորտում լուրջ բարեփոխումների իրականացում: Այսօր պետական յոթ մարմիններ առնչություն ունեն պետական սահմանին, անհրաժեշտ է հստակեցնել նրանց գործառույթները, եւ գործընթացը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:

Նիստում հաստատվել է հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը, որոշվել է մայիսի սկզբին ավարտել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի մշակումը եւ հունիսից մեկնարկել ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը: Ծրագրի իրականացման գործում կներգրավվեն նաեւ ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի փորձագետները:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4