Հայաստանում կատարվող սոցիալ-տնտեսական իրադարձությունները կվճռեն առաջիկա ընտրությունների ելքը: Նախընտրական շրջանում դաշինքների կազմումն ու երկրի ներքին իրավիճակն էլ ցույց կտան` քաղաքական դաշտում էական փոփոխություններ կսպասվեն, թե՞ ոչ:
Ընտրությունների արդյունքները պայմանավորված կլինեն նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի փոփոխություններով:
Սոցիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը 2012-ի խոհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական կուսակցությունների վարկանիշի վերաբերյալ սոցիոլոգիական հարցում է անցկացրել: Հարցմանը մասնակցել է 1000 հոգի: Թեպետ պատվիրատուն խնդրել է չհրապարակել թվերը, սակայն վարկանշային սանդղակով առաջին հորիզոնականը զբաղեցնում է ՀՀԿ-ն: Առաջատարին հաջորդում են` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ Ժողովրդական կուսակցությունը:
«Ժողովրդի համար միեւնույնն է` կընտրվի Կոնգրեսը, Հանրապետականը, թե Դաշնակցությունը: Նրանց համար կարեւոր է, որ ապրեն նորմալ, բարեկիրթ երկրում: Կոռուպցիան վերանա, մարդիկ լավ ապրեն: Ով այս խնդիրները կլուծի, ընտրողը նրան կողջունի», նշեց սոցիոլոգը:
Հայաստանի թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ արտագաղթը: Արտագաղթողների մեծ թիվը պայմանավորված է ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգով: «Որքան ավելանում է հնարավոր պատերազմի վտանգը, այնքան արտագաղթի ալիքը հզորանում է: Բոլոր ոլորտներում, որոնք այսօր սոցիոլոգները վերլուծում են, առողջապահություն, կրթություն, պաշտպանություն եւ այլն, նկատվում է դեգրադացիա, նահանջ», ասաց Պողոսյանը:
Նրա մեկնաբանությամբՙ 21-րդ դարում կլինեն երկրներ, որոնք սնանկ կճանաչվեն, կլուծարվեն: Այն երկրները, որոնք չեն կարողանա ճիշտ կառավարում իրականացնել, մեծ տերությունների կողմից կլուծարվեն, ու կընդգրկվեն այլ միավորների մեջ: Հայաստանում միտումները բացասական են: Սոցիոլոգը խորհուրդ է տալիս ամեն օր մոմ վառել, որ Հայաստանն ինքնալիկվիդացման ճանապարհով չգնա:
Հ. Հ.