«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2011-01-27 | #14, 2011-01-28 | #15, 2011-02-01


ԻՆՉՊԵՍ ԱՆՑՆԵԼ 15 ՏԱՐԻՆ

«Ֆլեշի» ճանապարհըՙ օրինակ մյուսների համար

Հայաստանյան իրականության մեջ շատ չեն ընկերությունները, որոնք, բացի բիզնես նպատակներ հետապնդելուց, ձգտում են համահունչ գործել պետության եւ հասարակության շահերին, ստեղծում հայտնի ապրանքանիշ, բիզնես ավանդույթներ, բարի համբավ, համատեղում են բարեգործությունն ու խոշոր հարկատու լինելը: Բենզին եւ դիզվառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությունն, առանց չափազանցության, լավագույնս իր մեջ ընդգրկում է այս հատկանիշները: Ուղիղ 15 տարի առաջ ստեղծված, իսկ այժմ արդեն Հայաստանի խոշորագույն այս ընկերությունը, ի տարբերություն շատ ուրիշների, չգնաց պատեհապաշտական լուծումների, տուրք չտվեց կարճատեւ գերշահույթներ ստանալու գործելակերպին:

«Ֆլեշի» նախագահ Բարսեղ Բեգլարյանը , մինչեւ գործարարությամբ զբաղվելը, արցախյան պատերազմի տարիներին ակտիվորեն մասնակցում էր իր ծննդավայրիՙ Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղի ինքնապաշտպանությանը, ապահովում տեղի պաշտպանական ջոկատի նյութատեխնիկական բազան: Պատերազմից հետո արդեն իր համախոհների հետ հիմնադրեց «Ֆլեշը», ընտրելով ամենօրյա համառ աշխատանքով ընկերության զարգացման ճանապարհը: Այսօր, 15 տարի անց, այդ աշխատանքի արդյունքներն ակնհայտ են:

«Ֆլեշն» այսօր վառելիքի հայկական շուկայի առաջատարն էՙ զբաղեցնելով դրա շուրջ 40 տոկոսը: Ընկերությունում, ներառյալ բենզալցակայանների ցանցում, ներգրավված են շուրջ 350 աշխատակիցներ: Գործունեության ընթացքում ընկերությունը ձեռնամուխ է եղել վառելիքի պահեստավորման նպատակով խոշոր բազաների ստեղծմանը, որոնք տնտեսական ճգնաժամի պայմաններում կարող են ունենալ ռազմավարական նշանակություն, իսկ պատերազմի կամ շրջափակման դեպքում կդառնան երկրի պաշտպանական համակարգի բաղկացուցիչ մասերից մեկը: Պահեստավորված վառելիքի ծավալների ավելացման քայլի իրավացի լինելն ապացուցվեց 2008-ինՙ ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ մեր երկիր չէին մտնում բենզին եւ դիզվառելիք, իսկ վառելիքի պահանջարկը առավելապես սպասարկվում էր «Ֆլեշի» պահուստներից: 2008-ի դասերը հաշվի առնելով էլ ընկերությունն ընդլայնեց պահեստավորման բազաները, ներկայումս դրանցում կարելի է պահեստավորել այնքան վառելիք, որքան մնացած վառելիք ներկրող ընկերությունների բազաները միասին վերցրած:

Ինչպես արդեն նշեցինք, «Ֆլեշն» աչքի է ընկնում նաեւ պետության հանդեպ պարտավորությունների կատարմամբ: Բավական է միայն նշել անցած 15 տարիների ընթացքում ընկերության կատարած հարկային վճարումների չափըՙ 300 մլն դոլար: Նման ցուցանիշով Հայաստանում քչերը կարող են հպարտանալ: Միայն անցած տարի «Ֆլեշի» վճարած հարկերն ու այլ վճարումները պետական բյուջե կազմել են 11 մլրդ դրամ: Ընկերությունը մշտապես տեղ է գրավում Հայաստանի 300 խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում:

«Ֆլեշի» զարգացման տեմպերը հնարավորություն ստեղծեցին, որ ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը նոր գործունեություն սկսի տնտեսության այլ ճյուղերում եւսՙ ֆինանսական շուկայում եւ իրական հատվածում: Այստեղ նույնպես արդյունքները երկար սպասել չտվեցին: «Արարատբանկը» գոյության բավականին կարճ ժամանակահատվածում իր կայուն տեղը գրավեց Հայաստանի բանկային համակարգում, իսկ Ստեփանակերտի կոնյակի գործարանը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խոշորագույն ձեռնարկությունն ու 2-րդ խոշոր հարկատուն:

Դինամիկ զարգացող ընկերություն եւ խոշոր հարկատու: Սրանց հարկ է ավելացնել նաեւ ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի մշտապես իրականացրած բարեգործական ծրագրերը, որոնց մասին նա չցանկացավ խոսել, մեր հարցմանն ի պատասխան ասելով. «Չենք բարձրաձայնում բարեգործությունը, քանի որ իսկական բարեգործը չպետք է այդ մասին հայտարարի»: Միայն տեղեկատվության հայտնի աղբյուրներիցՙ բարեգործական կազմակերպությունների պարտադիր հրապարակման ենթակա հաշվետվություններից, հրապարակային միջոցառումներից հնարավոր եղավ իմանալ, որ «Ֆլեշի» նախագահի ստեղծած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը կրթության ոլորտում տարեկան հարյուրհազարավոր դոլարների բարեգործական ծրագրեր է իրականացնում: Բարսեղ Բեգլարյանը նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնների մշտական մասնակիցն է իր խոշոր նվիրատվություններով:

Ցանկալի է, որ Բարսեղ Բեգլարյան հայ գործարարի կերպարըՙ որպես բարեգործի եւ պարտաճանաչ հարկատուի, ընդօրինակելի լինի մեր գործարարների համար, իսկ «Ֆլեշի» օրինակըՙ նրանց ընկերությունների համար, որ «Ֆլեշի» եւ Բարսեղ Բեգլարյանի հիմնադրած մյուս ընկերությունների հերթական ամյակները վերածվեն նրանց գործունեության նորանոր հաջողությունների մասին վկայող միջոցառումների:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4