Հունվարի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ դասական երաժշտության երեկոյի առաջին մասը նվիրված էր Պրոկոֆեւի 120-ամյակին:
Բազմաթիվ երաժշտասերների ու երաժշտագետների հետաքրքրել ու զարմացրել էր, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Արտյոմ Աբրահամյանը կատարելու է Ս. Պրոկոֆեւի դաշնամուրի թիվ 1 կոնցերտը:
Երիտասարդ դաշնակահարի ցանկությունը` առաջին համերգի ժամանակ նվագել Պրոկոֆեւ, զարմացրել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանին : Ստեղծագործությունը բարդ է եւ երիտասարդ տարիքում սակավաթիվ դաշնակահարներ կարող են մեկնաբանել: Անհրաժեշտ է ոչ միայն շնորհք, այլեւ համարձակություն եւ մեծ պատասխանատվություն: Սակայն երիտասարդին լսելուց հետո Թոփչյանը խոստովանում է, որ ապշել է ու հավելել. «Համարձակություն է անհրաժեշտ դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը մեկնաբանելու համար, Արտյոմն այդ համարձակությունն ունի: Վստահ եմ, որ կատարումը կարժանանա բարձր գնահատականի»:
Դաշնակահարի պրոֆեսոր` անվանի մանկավարժ Վիլլի Սարգսյանի մեկնաբանությամբ էլ Արտյոմը ոչ միայն համարձակ, այլեւ շատ տաղանդավոր դաշնակահար է:
Օրվա հերոսի առաջին ուսուցչուհի Ելենա Քրաջյանն էլ համոզված է` երիտասարդ դաշնակահարին մեծ ապագա է սպասում, որովհետեւ նա ունի հրաշալի լսողություն, սիրում է արվեստը եւ շատ աշխատասեր է:
Հ. Հ.