Ինչպես սպասվում էր, 20-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին անգամ նվաճեց Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը: 10-րդ տուրում հաղթելով Արա Մինասյանին, Ռոբերտը պահպանեց մոտակա հետապնդողներից մեկ միավորի առավելությունը: Այնպես որ ավարտական տուրում Արտաշես Մինասյանի հետ մրցավեճում Ռոբերտին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին: Նա իր երկրպագուներին երկար սպասեցնել չտվեց: Կատարելով ընդամենը 11 քայլ, Հովհաննիսյանն արագորեն հաշտություն կնքեց մրցակցի հետ ու առաջին շնորհավորանքներն ընդունեց:
Ռոբերտ Հովհաննիսյանն իրոք արժանիորեն նվաճեց հանրապետության չեմպիոնի տիտղոսըՙ իրավունք ստանալով հանդես գալու Հայաստանի հավաքականում: Ռոբերտը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր: Նա տարավ 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ միակ պարտությունը կրեց հանրապետության անցյալ տարվա չեմպիոն Ավետիք Գրիգորյանից: Ռոբերտը կպարգեւատրվի 1,2 մլն դրամով:
Համառ պայքար էր ծավալվել մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերի համար: Ի վերջո, 3 շախմատիստներ վաստակեցին հավասարՙ 7-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով արծաթե մրցանակակիր դարձավ Սամվել Տեր-Սահակյանը, որը վերջին 2 տուրերում հաշտություն կնքեց Հրանտ Մելքումյանի հետ ու հաղթեց Տիգրան Պետրոսյանին: Բրոնզե մեդալը կհանձնվի Զավեն Անդրեասյանին, որը պարտության մատնեց Աշոտ Անաստասյանին եւ ոչ-ոքի խաղաց Դավիթ Պետրոսյանի հետ: 7 միավորով 4-րդ տեղը գրավեց Արման Փաշիկյանը:
Մյուս մասնակիցների արդյունքներն այսպիսին են. Ավետիք Գրիգորյանՙ 6,5, Տիգրան Պետրոսյանՙ 6, Արտաշես Մինասյան, Հրանտ Մելքումյանՙ 5-ական, Արա Մինասյանՙ 4, Աշոտ Անաստասյան, Դավիթ Պետրոսյանՙ 3,5-ական միավոր:
Այսօր, ժամը 16-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը տեղի կունենա մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը, որին ներկա կգտնվի հանրապետության նախագահ, շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: