Դրանցում ծանր մետաղների պարունակությունը գերազանցում է թույլատրելին
2010-ից ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտություններ կենտրոնը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացնում է CASE (ՔԳԱՇՄ` Քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության եւ շրջակա միջավայրի) նախագիծ, որի նպատակն է իրականացնել ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ հետազոտություն, այլեւ իրազեկել բնակչությանը:
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի լաբորատորիայի վարիչ Լիլիթ Սահակյանի ներկայացմամբ` ծրագրի շրջանակներում Հայաստանի գյուղմթերքի ծանր մետաղներով աղտոտման ռիսկն են գնահատում:
Մասնագետները շուրջ մեկ տարի հետազոտություն են իրականացրել հանքարդյունաբերական կենտրոններ համարվող Ախթալա եւ Ալավերդի քաղաքներում ու հարակից Նեղուց եւ Քորկոփ գյուղերում:
Հետազոտությունն անցկացվել է երեք փուլով: Նախ ուսումնասիրել են Դեբեդ գետի ջուրը, այնուհետեւ հետազոտել այդ ջրով ոռոգվող հողն ու գյուղմթերքը:
Հետազոտված ջրերում հայտնաբերված ծանր մետաղների պարունակությունները չեն գերազանցել թույլատրելին, սակայն էկոլոգը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ գյուղատնտեսական հողերը տարիներ շարունակ ոռոգվում են նույն ջրով, իսկ հողը ծանր մետաղներ կուտակելու հատկություն ունի:
Հողերի հետազոտման ժամանակ գրանցվել են աղտոտում եւ որոշ ծանր մետաղների պարունակությունների սահմանային թույլատրելի արժեքների գերազանցում: «Հետազոտված հողատարածքների հողերում պղնձի, ցինկի, արսենի պարունակությունները մի քանի անգամ գերազանցում են նորման: Արսենիումը առաջին դասի տոքսիկության տարր է: Հողերում հայտնաբերվել են նաեւ նիկել, կադմիում եւ սնդիկ, սակայն դրանց պարունակությունները չեն գերազանցում նորման», «Ազգ»-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Սահակյանը:
Երրորդ փուլում մասնագետները հետազոտել են Ալավերդու եւ Ախթալայի մոտակա գյուղերում աճող գյուղմթերքը: Հետազոտվել են ազնվամորին, թուզը, սեւ եւ սպիտակ թութը, բալը, խաղողը, կարտոֆիլը, սոխը, եգիպտացորենը, լոբին, մաղդանոսը, համեմը, նեխուրը, որոնցում հայտնաբերվել են ծանր մետաղներ` որոշ դեպքերում մի քանի անգամ նորմայի գերազանցում:
«Կանաչեղենն ու հատապտուղներն ավելի են հակված կլանելու ծանր մետաղները: Հետազոտությունները ցույց տվեցին, որ առավել քանակությամբ ծանր մետաղներ են կուտակել ազնվամորին, թուզը, նեխուրն ու եգիպտացորենը», նշեց Լիլիթ Սահակյանը:
Այժմ կենտրոնի աշխատակիցները պատրաստում են տեղեկատվական բուկլետներ, որոնք պետք է տարածեն տեղի բնակչությանը: Նպատակն է` բնակչությանը ներկայացնել հետազոտության արդյունքներն ու իրազեկել նրանց: Թեպետ Լիլիթ Սահակյանը փաստում է, որ բնակիչների իրազեկվածությունը շատ կարեւոր է, որպեսզի նրանք իմանան ինչ են ուտում, եւ իրենք էլ նախազգուշական միջոցառումներ ձեռնարկեն, սակայն միանշանակ փաստում է, որ հնարավոր չէ գյուղացուն արգելել չուտել կարտոֆիլ կամ լոբի:
«Ցավոք, բնապահպանական խնդիրները Հայաստանում միշտ հանգեցնում են սոցիալական խնդիրների: Գյուղացուն չես կարող արգելել, որ իր աճեցրած բերքը շուկայում չվաճառի ու չուտի: Չէ՞ որ նա այդպես է պահում իր ընտանիքը, մյուս կողմիցՙ պետությունը հարուստ չէ, որ բազմաթիվ երկրների օրինակով աղտոտված հողերը, այսպես կոչված, լվանա», նշում է Սահակյանը` փաստելով, որ կան նաեւ հողերի մաքրման քիչ ծախսատար մեթոդներ, որոնք կարող են նվազեցնել վտանգը:
«Այդ ուղղությամբ աշխատում ենք, միջազգային գործընկերների միջոցով փորձում գտնել առավել մատչելի տարբերակ: Այդ տարբերակներից մեկն էլ այն է, որ եղած ծանր մետաղները պահվեն հողում եւ բույսերի համար մատչելի չլինեն: Սակայն միայն դա բավարար չէ: Հողը մաքրելուց հետո պետք է հետեւել ջրի մաքրությանը, որպեսզի նորից աղտոտիչները չթափանցեն հող, այնուհետեւՙ մարդու օրգանիզմ», ասաց Սահակյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ