Թբիլիսիում ավարտված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկությունում տատամի դուրս եկած Հայաստանի 11 ձյուդոյիստներից միայն 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանին հաջողվեց մրցանակակիր դառնալՙ նվաճելով բրոնզե մեդալ: Առաջին գոտեմարտում հայ ձյուդոյիստը հաղթեց ֆրանսիացի Ժերեմի Գադոուքսին, հաջորդում պարտվեց վրացի Պատա Մերեբաշվիլուն: Չնայած պարտությանը, Դավթյանն իրավունք ստացավ շարունակելու պայքարը բրոնզե մեդալի համար: Հաջորդաբար հաղթելով վրացի ձյուդոյիստներ Բեթկիլ Շուկվանիին եւ Դավիթ Ասումբանին, Հովհաննես Դավթյանն արժանացավ բրոնզե մեդալի: Քաշային նույն կարգում հանդես եկած Գոռ Հարությունյանը գրավեց 7-րդ տեղը:
Մրցանակակիր դառնալուն մոտ էր նաեւ Արմեն Նազարյանը: Մինչեւ 66 կգ քաշային կարգում հաղթելով թուրք Ուզուն Հալիլ Իբրահիմին եւ վրացի Արսեն Մախարաշվիլուն, Արմենը 3-րդ գոտեմարտում զիջեց ռուսաստանցի Դենիս Լավրենտեւին: 3-րդ տեղի համար մրցապայքարում Նազարյանը հաղթեց բելառուս Դմիտրի Շերշանին, սակայն պարտվեց ռուսաստանցի Միխայիլ Պուլյաեւինՙ բրոնզե մեդալը զիջելով մրցակցին: Նազարյանը գրավեց 5-րդ տեղը:
Մեր մյուս ձյուդոյիստներըՙ Համբարձում Տոնոյանը (66 կգ), Անդրանիկ Չափարյանը (73 կգ), Ռոբերտ Վարդանյանը (73 կգ), Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ), Գրիգոր Իվանյանը (60 կգ), Պավլիկ Վարդազարյանը (66 կգ), Արթուր Երանոսյանը (66 կգ) եւ Հակոբ Առաքելյանը (100 կգ) անհաջող ելույթներ ունեցանՙ չկարողանալով տեղ զբաղեցնել ուժեղագույն ութնյակում: