«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2011-01-28 | #15, 2011-02-01 | #16, 2011-02-02


ՁՅԱՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ը

Առաջիկա օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում առատ տեղումները կպահպանվեն:

Ուժեղ ձյունն ու քամին կշարունակվեն մինչեւ փետրվարի 3-ը: «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը «Ազգ»-ի հետ զրույցում ասաց, որ վաղը հանրապետությունում կհաստատվի առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը հանրապետությունում կգրանցվի -2-7 աստիճան ցուրտ: Հովտային շրջաններում կգրանցվի -5 -9 աստիճան, իսկ ցերեկը` 0 -3 աստիճան ցուրտ:

Երեւանում ցերեկը կգրանցվի 0 -2 աստիճան ցուրտ:

Առաջիկա գիշերը լեռնային ու նախալեռնային շրջանների լեռնանցքներում կդիտվի թույլ բուք, իսկ ճանապարհներին` մերկասառույց:

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբՙ մայրաքաղաքի բոլոր շրջաններում կշարունակվեն փողոցների մաքրման աշխատանքները, որոնք, ի դեպ, երեկ սկսվել էին ոչ թե վաղ առավոտվանից, այլ կեսօրվա մոտ: Փողոցների եւ մայթերի մաքրման աշխատանքներում ներգրավված է 46 ձյուն մաքրող, 23 աքցան եւ 19 մայթ մաքրող հատուկ տեխնիկա: Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխանցմամբ էլ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը կշարունակի աշխատել սահմանված ժամանակացույցով: Երեւանում աշխատող 112 միկրոավտոբուսային եւ 29 ավտոբուսային երթուղիների գրաֆիկում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Տրանսպորտի վարչության փոխանցմամբՙ հասարակական տրանսպորտը 90 տոկոսով պատրաստ է եղանակային նման պայմաններում աշխատելուն: Բացի դրանիցՙ քաղաքապետարանից հրահանգ է իջեցվել բոլոր շահագործող կազմակերպություններինՙ թարմացնելու եւ կարգի բերելու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը:

Երեկվա դրությամբ շարունակում էր փակ մնալ Սելիմի լեռնանցքը, Թալին, Մարալիկ, Գյումրի եւ Աշոցք տանող ճանապարհները դժվարանցանելի են: Քուչակից Ապարան տանող ճանապարհահատվածում բուք է: Դպրավանք, Վարդենիս, ճամբարակ, Վայք տանող ճանապարհներին տեսանելիությունը շատ ցածր է` 5-7 մետր:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4