«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2011-02-01 | #16, 2011-02-02 | #17, 2011-02-03


«ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ»` ԸՍՏ ՄԻԽԱՅԻԼ ԼԵՈՆՏԵՎԻ

Արցախյան իրադարձությունների պատմությունը, ի թիվս իրավաքաղաքական անտրամաբանությունների, որ շռայլորեն մատուցում էր խորհրդային կենտրոնական իշխանությունը, արձանագրել է նաեւ այս անեկդոտը. «Մոսկվայի գործարաններից մեկի բանվորները հեռագրում են ԽՄԿԿ Կենտկոմ. «Իսկ չե՞ն կարող հայերն ու ադրբեջանցիները միանալ եւ էդ ղարաբաղցիներին մի լավ դաս տալ»: Խորհրդային բնորոշ մտածողություն` երբ խոսվում է մի հարցից, որի մասին ոչ ոք կարգին տեղյակ չէ, բայց բոլորն ուզում են, որ լուծվի:

23-ամյա վաղեմության այս անեկդոտը հիշեցի` ծանոթանալով «Օստանկինո»-ի մեկնաբան Միխայիլ Լեոնտեւի հարցազրույցին, որ նա տվել է Vesti.az-ին: «Իսկ այժմ ես կպատմեմ, թե ինչպես կարելի է լուծել այդ (Ղարաբաղյան-Վ. Ա.) հարցը: Ուղղակի մեկ, երկու, երեք: Եղել է մի երկիր, ուր այդ հարցը չի ծագել: Ճի՞շտ է: Եվ սա միակ հարցը չէ, որ ներկայումս կա, սակայն առաջ չէր ծագել: Մենք մի երկիր ունեինք: Ահա եւ մնում է երկուսից մեկը. կամ մենք հետ ենք վերադառնում եւ նորմալ երկիր ենք վերականգնում, որում այդ հարցեը լուծելի են, կամ սպանում ենք իրար: Այլ կառուցողական առաջարկություններ չկան»,- այսպես է խնդրի կարգավորումը ներկայացնում Լեոնտեւը:

Ցավն այն չէ, որ մասնավոր անձ Լեոնտեւն է այսպես դատում: Եթե նա լիներ անձնական տեսակետ կրող, ապա ադրբեջանցի լրագրողը Մոսկվայով մեկ նրան հանդիպելու հազարումի հնարք չէր գործադրի: Դե, հասկանալի է, հո Լեոնտեւն ինքը չի՞ գտել բաքվեցի Համիդ Համիդովին, որը Ռուսաստանի մայրաքաղաք ուսանելու է մեկնել: Նշանակում է` ադրբեջանցիներին Լեոնտեւի տեսակետը հետաքրքրել է որպես ռուսական իրականության մեջ առկա հանրային եւ, ինչու չէ, քաղաքական տրամադրությունների դրսեւորում:

Տվյալ դեպքում, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիները «նորմալ երկրի վերականգնմամբ» շահագրգռված չեն: Նրանց խնդիրն այն է, որ տեղեկատվական հոսքերում ընդգծվի, որ «եղել է մի ժամանակ, երբ այդ` ԼՂ հարցը չի ծագել»: Մնացածը ոչ Համիդովին է պետք, ոչ էլ հարցազրույցի պատվիրատուներին: Ամբողջ իմաստն այն է, որ «եթե այդ հարցը մի ժամանակ չի ծագել, ուրեմն այսօր գոյության իրավունք չունի, իսկ ինչ որ չկա, դրա շուրջը երկար-բարակ խոսակցություններն էլ ավելորդ եւ անիմաստ են»:

Լեոնտեւի տրամադրվածությունն, անշուշտ, այլ է: Բայց նա ակնհայտորեն սխալվում է, երբ կարծում է, թե «փոքր խնդիրների անտեսմամբ» հնարավոր է ստեղծել այն ընդհանուր միջավայրը, որի մասին ինքն է երազում: Այդպես չի լինում: Այդ սխալն, ի դեպ, թույլ էր տալիս Միխայիլ Գորբաչովը, երբ շեշտը դնում էր միութենական հանրապետությունների «իրական սուվերենության» վրա: Հավանաբար, հենց այդ պատճառով էլ նրան չհաջողվեց «նորացնել Խորհրդային Միությունը»: Որովհետեւ երբ կենտրոնական կառավարությունն սկսեց երկյուղել հանրապետությունների անջատողականությունից եւ փորձեց «փոքր հարցերն անտեսելով» նրանց «գին վճարել», ապա նույն պահին էլ վերջիններս համոզվեցին, որ «կենտրոնը մեռած է, եւ ոչ մի վերակենդանացում նրան չի օգնի»:

Ըստ էության, Լեոնտեւն Ադրբեջանին առաջարկում է «հայացքը շրջել դեպի հյուսիս», որի դեպքում «այդ հարցը չի լինի»: Ե՛վ հարցազրույց վարողը, ե՛ւ նրա «վիզավին» այս պարագայում խաղում են «հնարավորության բարակ լարի վրա»: Կարեւոր չէ, որ «հնարավորություն» ասվածը նրանք տեսնում են «սեփական տան կտուրից»` ամեն մեկն իր դիտանկյունից:

Բայց Միխայիլ Լեոնտեւն իրականում հազիվ թե տեղյակ չէ, որ ԼՂ հարցը միշտ էլ եղել է: Դա նույնիսկ խորհրդային ղեկավարներն ու Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւն են խոստովանել: Եվ այսօր իմաստ չունի ակնարկել, որ «նորմալ երկիրը» փլուզվել է այն պատճառով, որ դրա մասին սկսել են խոսել: Ընդհակառակը, երկիրը նորմալ կլիներ, եթե կարողանար լուծում գտնել իր իսկ ստեղծած հարցին:

Այդքան քաջություն խորհրդային իշխանությունը չունեցավ: Հարցն այն չէ, որ նա խնդիրը պիտի լուծեր բացառապես այն կերպ, ինչպես հայերս էինք ուզում: Թեեւ դա հնարավոր էր: Երկիրն ուղղակի իրավունք չուներ հարցը թողնել առկախ: Եվ այսօրվա միջնորդությունն էլ գործուն չէ, եթե խոսվում է, թե «Ադրբեջանը եւ Հայաստանը թող համաձայնության գան, մենք կլինենք երաշխավոր»: Ոչ թե այն պատճառով, որ լուծումները գտնվում են «պարտադրանքի հարթությունում», այլ` որ նման դեպքերում, իրոք, ուրիշի դժբախտություն չի լինում:

Բռնության սպառնալիքի հասցեատերը միջազգային հանրությունն է: Այս իմաստով, ահա, Լեոնտեւի «լուծման տարբերակը» բռնության սպառնալիքն օրինականացնում է: Հանուն ինչի՞: Պատասխան չկա: Դրա համար էլ այդ «ճանապարհը տաճար չի տանում»:

Մարդկության պատմությունն ստույգ վկայում է, որ բռնությամբ միավորման բոլոր փորձերը ձախողվել եւ ձախողվում են: Իրական կյանքը չի տրվում քաղաքագիտական կոնստրուկցիայի, նույնիսկ եթե դրա հեղինակը Զբիգնեւ Բժեզինսկին է:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Սհեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4