Երկպալատ խորհրդարան ունենալու մասին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` սփյուռքահայ լսարանի առաջ բացահայտած գաղափարը, չնայած դեռեւս անհասկանալի եւ հում լինելուն, եւ չնայած Հայաստանի նախագահի մամուլի խոսնակի պարզաբանմամբ` բազմաթիվ ուրիշների շարքում քննարկվելիք հնարավոր առաջարկներից մեկը լինելով, անմիջապես մեր քաղաքական դաշտում քննարկման շրջապտույտ սկսեց: Երեկ արդեն այդ գաղափարը մեկնաբանել են տարբեր քաղաքական գործիչներ: Փաստորեն սփյուռքից առաջարկների տեսքով այս գաղափարը հնչել է 2010 թվականի մայիսին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ժամանակ: Սակայն «Ազգն» ուզում է ավելի վաղ ժամանակի հիշեցում անել` ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Սանոսյանն այդպիսի առաջարկ արել էր դեռ 2009 թվականի հունիսի 9-ին, Ազգային ժողովի հայտարարությունների ժամին, ինչի մասին մեր թերթը լուր տվել էր: Սանոսյանի դեպքում այդպիսի առաջարկը հատկապես հասկանալի է` նա ծնունդով Վրաստանի հայաշատ Նինոծմինդայի շրջանից է, «Վիրահայերի միության» ՀԿ նախագահության անդամ: Երեկ մեզ այցելած Հայկ Սանոսյանն ավելի մանրամասնեց իր այն ժամանակվա առաջարկի էությունը գրավոր տարբերակով, ի դեպ, հենց այն ժամանակվա հայտարարությունից մի հատված ներկայացնելով: Մենք հետաքրքրական համարեցինք գաղափարի ավելի վաղ հնչելու փաստն ու այն մատուցելն ընթերցողին:
«Մենք կարիք ունենք ներքին համախմբման, ազգային ներուժի ամբողջական բացահայտման եւ ի նպաստ մեր ազգային խնդիրների իրականացման: Մենք պետք է հնարավորինս օգուտ քաղենք աշխարհով մեկ ցրված լինելու հանգամանքից: Առաջարկում եմ Ազգային ժողովում ստեղծել խորհրդակցական կարգավիճակ ունեցող սփյուռքահայերի պալատ, որը կլինի սփյուռքի մեր հայրենակիցներից կազմված մարմին: Այն սփյուռքի համայնքները ՀՀ-ում ներկայացնելով` գործուն կերպով կնպաստի հայ ժողովրդի տարբեր հատվածների հայաստանակենտրոն սեւեռմանը: Այդ նույն սփյուռքահայերը կլինեն նաեւ հայ համայնքների դեսպանները մայր հայրենիքում: Եթե սփյուռքի մեր հայրենակիցներին հորդորում ենք գալ, հայրենիքում ներդրումներ անել, զարգացնել Հայաստանի տնտեսությունը, ապա պարտավոր ենք, իմ կարծիքով, նրանց համար ստեղծել վստահության եւ ներգրավվածության լայն դաշտ: Սփյուռքահայությունը պետք է մասնակցություն ունենա մեր երկրի, մեր ժողովրդի համար բախտորոշ խնդիրների քննարկմանն ու լուծմանը: Նրանք էլ իրենց ներկայացրած երկրների օրենքներն ու փորձը կներկայացնեն: Սփյուռքահայերի պալատ ստեղծելով Հայաստանի խորհրդարանում` միաժամանակ կլուծվի շատ կարեւոր հարց, այն է` կունենանք հնարավորինս ընդհանրական կարծիք մեր ազգային խնդիրների վերաբերյալ: Սա իրականացնելու համար պետք է նկատի ունենալ երկքաղաքացիության օրենքը, ինչպես նաեւ պետք է նպաստենք նման օրենքների ընդունմանը հայահոծ մյուս երկրներում, մասնավորապես Վրաստանում: Հասկանում եմ, որ այս գաղափարը իրականության վերածելու համար անհրաժեշտ կլինի կատարել սահմանադրական կամ օրենսդրական փոփոխություններ, մշակել մեխանիզմներ ու ահռելի կազմակերպչական աշխատանք կատարել, սակայն վստահ եմ, որ վերջնարդյունքը կարդարացնի ջանքերը»:
ՀԱՅԿ ՍԱՆՈՍՅԱՆ, 2009 թվական, հունիսի 9