«Ազգում» արդեն տպագրվել է Նյու-Յորքում ապրող Անահիտ Դաշտենցի հետ հարցազրույցը` Խաչիկ Դաշտենցի անձնական կյանքի եւ «Ռանչպարների կանչի» ստեղծման մասին որոշ բացահայտումներով: Գրողի դուստրը նաեւ Խ. Դաշտենցի նոթատետրից մի անտիպ հատված է տրամադրել «Ազգին», որը ներկայացնում ենք ընթերցողին: Կետադրությանը ձեռք չենք տվել, այնպես է, ինչպես նոթատետրում, հարգել ենք դեռեւս մասնագետների ձեռքով չանցած բնօրինակի անձեռնմխելիության պարագան: Հատվածը նկարագրում է Անդրանիկ Օզանյանի զինակից Սմբատ զորավարի մահվան պատմությունը: Սմբատը հայ հայդուկական շարժման առաջին նվիրյալներից մեկն է, զորավար Անդրանիկի զինակիցը, զինվորը, որն անցավ ազատագրական կռիվների թոհուբոհով, տեսավ գաղթ, վտարանդիություն, ապա եւ վերադարձավ հայրենիք` ապրելով մինչեւ 1956 թվականը: Կյանքի վերջին տարիներին նա Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնի պահակն էր: Նոթատետրի ձեռագիր այս հատվածը փաստորեն վավերագիր է` մեծ զորականի մահվան ու դրան առնչվող գրողի զգացողությունների մասին` ի տարբերություն «Ռանչպարների կանչի» վերջին գլուխներից մեկի, «Խենթի կողքին»-ի պատմության, որտեղ արդեն այդ նույն պատմությունը գեղարվեստական ձեւի մեջ է դրված:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ուզում եմ «Ազգի» խմբագրությանը տրամադրել մի անտիպ նյութՙ հորս նոթատետրերից. հուշեր են, նշումներ են Սմբատ զորավարի մասին: Եթե հիշում եք, վեպում երկու գլուխ կաՙ «Զբոսայգու վերակացուն» եւ «Խենթի կողքին»: Այդ նյութի հետ են կապված` Սմբատի մահվան հետ... Այնտեղ մի կերպար կաՙ Հայկազյանը: Հետաքրքրական է, այդ հուշագրությունից երեւում է, որ Հայկազյանի կերպարի հետ կապված որոշ մանրամասներ հենց իրՙ Դաշտենցի հետ են եղել: Շատ թեթեւ կրճատումներ եմ արել, ավելի ամփոփ դարձնելու համար: Պահպանված է բնագրի ուղղագրությունը եւ կետադրությունը: Տարընթերցումներն ու անընթեռնելի բառերն առնված են չակերտների մեջ:
Լավագույն մաղթանքներս ձեր «Ազգ» օրաթերթին:
Անահիտ Դաշտենց
Նոթատետր (1955-1956)
1955 թվի նոյեմբերի 27-ին, արեւոտ կիրակի, ես, Հովիկ Հաբեթյանը, Մուշեղ Զաքարյանը, Ժան Էլոյանը եւ Տիգրանը (Ֆրանսիայից եկած, խասգյուղցի), ինչպես նաեւ Տավրիկը (իր ֆոտո ապարատով) վերցրինք թթու, լավաշ, օղի եւ գինի, խնձոր, տանձ, մանդարին, շոկոլադ, սուջուխ եւ կոնսերվա եւ գնացինք տեսնելու զոր. Սմբատին «Կինո Հայրենիքի» մոտ: Կոնյակ եւ մսեղեն (կոլբասա) չկար խանութներում:
Սմբատը շատ ուրախացավ: Խմեցինք եւ ժամանակ անցկացրինք մինչեւ ժամը 5-ը: Տավրիկը մեզ նկարեց նախ խմբովՙ զորավարի հետ, ապա ինձՙ Սմբատի հետ: Այնուհետեւՙ Անդրանիկի եւ Սմբատի նկարները կրծքիս: Ապաՙ Սմբատին առանձին: Սենյակը ցուրտ էր: Փայտ չուներ: Մենակ էր: Հետո մի պառավ եկավ սենյակը հավաքելու: Խմեցինք նաեւ մաճառ, որ զորավարն ուներ:
1956թ.
Մարտի 18-ին երեկոյան, երբ տուն եկա, փոքրիկ աղջիկս, 10 տարեկան Հասմիկը դուռը բաց արավ եւ ասաց. «Պապա, զորավար Սմբատը մեռել է»:
Ո՞վ ասաց:
Գիժ Հովհաննեսը:
Ես քարացա վշտից: Ամբողջ գիշերը չկարողացա քնել: Կարդացի Վ. Փափազյանի «Հետադարձ հայացք» գիրքը: Առավոտ շուտ, երբ դեռ անկողնում էի, Մշեցի Հովհաննեսն եկավ:
Զորավարը մեռա՞վ, պառկած տեղից ասացի ես:
Հա, մեռավ, ոչինչ, բայց փողերս կորան:
Ի՞նչ փող:
Հինգ հազար ռուբլիս: Նրա մոտ էի պահ տալիս իմ փողերը: Չէ՞ որ ես քեզ ասել եմ, որ նա իմ քեռին է:
Ես իսկույն հասկացա, որ Հովհաննեսը ստում է: Նա պարզապես ուզում էր իմ վկայությունը վերցնել` ժառանգությունից գումար պոկելու համար: Ես նեղացա վրան: Նա գնաց:
Արագ հագնվեցի եւ բարձրացա դեպի համալսարանի կողմը: Մեռելատան դուռը բաց էր: Սիրտ արեցի մտնել: Նկուղային սենյակի մեջտեղը մի մահճի վրա ցանցասավանի տակ հանգչում էր մի հաղթանդամ մենավոր մեռել: Չգիտեմ ինչու մտածեցի, որ դա Սմբատ զորավարն էր:
Հարցրի պահակին.
- Քաղաքի երրորդ մասից մահացածի բերե՞լ են ձեզ մոտ:
- Չէ՛: Հա, բերել են: Անունը ի՞նչ է:
- Սմբատ:
- Այդպիսի մեռել չկա մեզ մոտ:
- Զորավար Սմբատ:
- Հա, թե Զորավար Սմբատ ես ասում, մեզ մոտ է: Գուցե սա՞ է, -ասաց նա եւ մոտենալով նրա դեմքից ետ քաշեց ծածկոցը եւ ցանցաշորը:
Նա էր, Սմբատ Զորավարը, պառկած հավերժական քնով: Աննման հայրենասերը: Անդրանիկ փաշայի մարտական ընկերը: Մշեցի քաջ շինականը եւ հերոսական անձը: Տխրությամբ դուրս եկա: Ոչ մի պսակ չկար վրան: Անշուք, անզարդ պառկած էր նա, մոռացված այն սերնդից, որի երջանկության եւ ազատագրության համար էր նա մարտնչել օսմանյան բռնապետության դեմ:
- Ե՞րբ են տանելու թաղելու:
- Վաղը, -ասաց պահակը:
Հետեւյալ օրը, մարտ ամսի 20-ին Առնիստ գյուղացի Մուշեղ Զաքարյանը զանգահարեց, որ գնամ պսակ պատվիրելու:
Մինչեւ այդ Խնկանոս Դանիելյանը ասաց, որ նա կտակ է գրել կենտկոմ` խնդրելով իրեն թաղել Էջմիածնում: Ասաց, որ նրա խնդիրը հարգված է եւ հանձնարարված է (սոցսովետին) կազմակերպել նրա թաղումը:
Որոշ նկատառումներով ես պսակ չպատրաստեցի: Պսակը հյուսեցի իմ սրտում:
Գնացի Գրիգոր Հովհաննիսյանի մոտ, որ կուլտուրայի մինիստրի տեղակալ էր: Մշեցի, հայրենասեր տղա էր: Դրանից մեկ ամիս առաջ Գրիգորը մի շառաչուն ապտակ էր հասցրել իրենց ամբարտավան աշխատակիցներից մեկին, որի մասին ամբողջ քաղաքն էր իմացել: Ապտակը տվել էր մինիստր (կուլտուրայի) Անդրանիկ Շահինյանի կաբինետում նրա մյուս երկու տեղակալների ներկայությամբ, երբ այդ ամբարտավան մարդը (...) նրան 15 րոպե հայհոյել էր: Գրիգորը հետո ինձ ասաց, որ այդ ապտակը նա տվել էր Րաֆֆու «Խենթը» եւ «Ջալալեդինը» կարդալուց հետո: Գործը հասել էր մինչեւ Թովմասյանը եւ խոսում էին, որ երեւի Գրիգորին ազատեն պաշտոնից կամ նկատողություն անեն:
Այնուամենայնիվ Գրիգորը, իբրեւ մշեցի, կանչեց շոֆերին եւ պատվիրեց, որ Էջմիածին գնան: Ժամը 3-ին մոտ ես եւ նա դուրս եկանք Երեւանից: Նա գնում էր շրջկոմի քարտուղար Գեղամ Պետրոսյանի մոտ «Լենինի կտակը» կարդալու, որ նա իբրեւ պատգամավոր բերել էր XX համագումարից, իսկ ես պետք է մասնակցեի Սմբատի թաղմանը:
Ես գնացի դեպի Ս. Գայանեի վանքը մի փոքրիկ աղջկա ցուցմունքով եւ գտա մի նոր փորված շիրիմ: Մարդ չկար այնտեղ: Հանդիպեց մի կին, կարմիր շորով, որից իմացա, որ Երեւանից մի նշանավոր մարդ են թաղելու այդտեղ:
Ո՞վ է:
Մի տերտեր:
Գուցե սխալ եք:
Չգիտեմ ով է, իսկապես: Ասում են մի նշանավոր մարդ է: Հերոս է:
Զորավար Սմբա՞տն է գուցե:
Հա, հերոս մարդ է, ասում են:
Այդ գեղջկուհին պատմեց Շողակաթի, Հռիփսիմեի եւ Գայանեի վանքերի պատմությունը:
Իսկ որտե՞ղ է «Խենթի» գերեզմանը:
Էստեղ է, -ասաց հայուհին: Նա ինձ ուղեկցեց, գնացինք եւ ի՜նչ.
Սմբատի համար փորված գերեզմանի մոտ տեսանք մի մաշված, հին գերեզմանաքար վրան փորագրված միայն մեկ բառ «Խենթ»: Ինչպես էր, որ չէի նկատել:
Մի գառնարած անցավ մեր մոտով, ուզեցի ստուգել.
Զորավար Սմբատն է թաղվելու այդտեղ, -ասաց նա:
Ուրեմն ճիշտ է, որ այս գերեզմանը նրա համար է փորված:
Այո: Նրա համար է:
Ե՞րբ են բերելու:
Ժամը 5-ին:
Երեւաց Գրիգոր Հովհաննիսյանի մեքենան, որ գալիս էր իմ ետեւից: Հովհաննիսյանը եկել էր լճի մոտ շրջագայելու: Շոֆերին ուղարկել էր իմ ետեւից: Նա «Լենինի կտակը» չէր գտել: Գեղամ Պետրոսյանն էլ շրջանի գյուղերն էր գնացել:
Գրիգորի ամբողջ նպատակն էր անպայման ինձ հետ ներկա լինել Զորավարի թաղմանը, բայց հեռվից, որովհետեւ կարծում էր, թե կարող են հանկարծ արտասահմանի թերթերում գրել այդ մասին:
Գնացինք ճաշի: Ճանապարհին հանդիպեց շրջկոմի [...] Արամ [...], որ մոտ ծանոթ էր Գրիգորին եւ հաշվվում էր նրա ցանցի աշխատող:
Նա մեզ տարավ մի ճաշարան, ուր մենք ճաշեցինք, որից հետո նորից գնացինք լճի եզերքը: Ես համոզում էի Գրիգորին, որ պետք է մնալ: Իսկ նա էլ, անկեղծորեն, ուզում էր մնալ:
Գնացինք մի քիչ Ս. Գայանե վանքի շրջապատը ման գալու: Այնտեղ մի 7-8 մարդ էր հավաքված: Նստած էին գերեզմանի մոտ հին շիրիմների վրա եւ վանքի պատի տակ: Դրանցից մեկը սեւադեմ, մազոտ երեսներով մի մարդ էր, որ Անդրանիկի վրա ժամանակին մահափորձ էր հանձն առել կաշառքով: Բայց հենց որ Անդրանիկին տեսել էր, ձեռքը թուլացել էր եւ ետ էր կանգնել իր դավադրությունից: Այդ մարդը նույնպես այնտեղ էր եւ խղճի խայթ էր զգում: Եկել էր Սմբատի թաղմանը: Լուռ էր, ոչինչ չէր խոսում: Մենք նորից վերադարձանք լճի ափը: Ման եկանք: Լսվեց թաղման սգահանդեսի նվագի ձայնը: Բերում էին: (...) եւ Գրիգորը մնացին, իսկ ես շտապեցի հուղարկավորությանը:
Մեծ բազմություն կար: Դագաղը բերվում էր ձեռքերի վրա, ամբողջ եկեղեցական դասի մասնակցությամբ: Կաթողիկոսի տեղապահը (Կաթողիկոս Վազգեն I-ը գտնվում էր արտասահմանում) ճառ ասաց գերեզմանին, վեր հանեց նրան իբրեւ մեծ հայրենասերի, ազգասերի, զորավար Անդրանիկի ընկերոջ եւ զինակցի: Մեջբերում արավ նրա Անդրանիկի հուշարձանի բացմանը արտասանած ճառից:
Ջերմորեն խոսեց նաեւ Ֆրանսիայից եկած մի ընկեր, որ նրան ճանաչում էր: Նաեւ մի կին: Պսակներ քիչ կային այդ մեծ մարդու վրա:
Մտանք Զվարթնոց եւ ժամը 6-ին հասանք Երեւան:
Այսպես ուրեմն` Սմբատ Զորավարը թաղվեց 1956 թվի մարտ ամսի 20-ին, երեքշաբթի օրը երեկոյան ժամը 5-ին: Ես մոտիկից, իսկ Գրիգոր Հովհաննիսյանը հեռվից (լճի ափից) կաշկանդված դիտում էինք այդ հերոս մարդու թաղումը մեր աչքում եւ սրտում ահավոր արցունք, կսկիծ եւ ցավ:
Այդ նույն օրը ես մի փոքրիկ բանաստեղծություն գրեցի: Տես իմ ալբոմը:
1956 թվի մարտի 26-ին
Թաղման յոթերորդ օրը մի խումբ ընկերներով (Հով. Հաբեթյան, իր կին Անիկոն, Տիգրան Ղլղաթյան, Մուշեղ Զաքարյան, ես եւ մոտ 20 ուրիշ բարեկամներ, մեծ մասը մշեցի ազգականներ զորավարի) գնացինք Էջմիածին եւ այցելեցինք զորավար Սմբատի գերեզմանը: Նկարվեցինք գերեզմանի վրա խմբով: Խոսեցինք, Հով., ես եւ Մուշեղ Զաք.: Ես խմեցի Սմբատի եւ Անդրանիկի կենացը: Գինին թափեցի Սմբատի եւ «Խենթի» գերեզմաններինՙ նրանց շաղկապելով իրար: Սմբատի ազգական կանանցից մեկը ընկավ գերեզմանին ողբալով.
Դու անմուրազ մեռար, Սմբատ ջան: Քու փափաք անկատար մնաց: Դու չարժանացար Մշո սուրբ հողին: Բայց դու բախտավոր ես նրանով, որ պառկեցիր Հայաստանի հողի վրա: Մասիսու քամին քու վրեն կզարկե, Սմբատ ջան:
1956 թվի մայիսի 13-ին կիրակի օրը
Մշեցի Արմենակ Ասատրյանը, Գր. Հովհաննիսյանը, Սամվել Մովսեսյանը (Կաքավի տղան), նկարիչ Պետրոս Գեւորգյանը, ես, Երեմ Սերոբյանը եւ Սամվելի եղբայր Բաղդասար Մովսիսյանը ավտոյով (Արմենակի) գնացինք Զվարթնոց, այնտեղից Էջմիածին: Տեսանք Սմբատի գերեզմանը: Խենթի գերեզմանը: Մտանք Ս. Գայանեի վանքը, Մայր Տաճարը եւ վերադարձանք Երեւան նոր բացված Հրազդանի կամուրջովՙ երեկոյան ժամը 8-ին:
Զվարթնոցում եւ Ծիծեռնակի Բերդի վրա այդ օրը նկարվեցինք:
Նկար 1. Խ.Դաշտենցը 1970թ.
Նկար 2. Դաշտենցը Մեսրոպ վարդապետ Գրիգորյանի (ներկայում արքեպիսկոպոս) հետ, 1960թ.