«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2011-02-02 | #17, 2011-02-03 | #18, 2011-02-04


«ՄԵՐ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ, ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հարցեր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին

Սովորաբար մեր մամուլն Արցախի առաջնորդներին դիմում է հատուկ-հանդիսանքային առիթներով ինչ-որ ընդհանուր հայտարարություններ կամ կարծիք ստանալու համար: Դրա համար պետք է մեղադրել ոչ միայն մամուլը, այլեւ Արցախի ղեկավարությանը, որ, մեր կարծիքով, անհրաժեշտ ակտիվություն չի ցուցաբերում այս հարցում, «ինքնադրսեւորվելու» սողանք թողնելով երբեմն ոչ կոմպետենտ տարբեր տրամաչափի «քաղաքագետների» համար: «Ազգը» որոշել է պարբերաբար եւ համապատասխան հարցարաններով դիմել ԼՂՀ ղեկավարներին ու նրանց չմիջնորդավորված տեսակետները ներկայացնել ընթերցողին: Շարքը սկսում ենք ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանից, որին ուղղված հարցարանը կազմել են մեր թերթի լրագրողները:


- «Ֆրիդոմ Հաուզ» ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը ԼՂ-ն «ոչ ազատ» պետությունների շարքում էր դասել: Դրա համար գուցե ազդակ էր նաեւ, որ ԼՂ խորհրդարանում խստորեն ընդդիմություն չկա: Ինչ-որ քայլեր անելու փորձեր արվո՞ւմ ենՙ զեկույցում նշված գործոնները չեզոքացնելու ուղղությամբ:

- Արցախում ժողովրդավար պետություն կառուցվում է ոչ թե որեւէ մեկին հաճոյանալու, այլ` որ դա մեր ժողովրդի ընտրությունն է: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ ջանքերը նաեւ տեսանելի լինեին միջազգային կառույցների կողմից: Ափսոսանքով պետք է ասեմ, որ նման դիտարկումը բացակայում է, իսկ տարին մեկ առանց ուսումնասիրությունների որոշակի եզրակացություն տալը չի կարող արժանահավատություն եւ վստահություն ներշնչել: Մեկ տարվա ընթացքում մեզ մոտ եթե ինչ-որ բան փոխվել է, ապա միայն` դրականորեն: Իսկ արհեստական քայլերի, մանավանդ` իշխանությունների նախաձեռնած, կարիք չեմ տեսնում: Արցախի ժողովուրդն ու քաղաքական ուժերն իրենք են որոշում «դիմության» եւ ընդդիմության հարցը: Բոլոր դեպքերում գերակա է այն, ինչ դրսեւորվում է ժողովրդի կամքի ազատ արտահայտությամբ:

- Ինչպիսի՞ միջխորհրդարանական կապեր է հաստատել Արցախի Հանրապետության խորհրդարանը: Օրենսդիր մարմինների մակարդակով ի՞նչ հարաբերություններ են ձեւավորվել չճանաչված մյուս երկրների հետ եւ ի՞նչ ոլորտներում, եթե այդպիսի համագործակցություն կա: Եվ ի՞նչ ձեւաչափեր կան միջազգային կառույցների մակարդակով, որտեղ Արցախի խորհրդարանը կարող է իր մասնակցությունը բերել:

- Մեզ համար համագործակցության ամենակայացած հարթակը Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունն է: Մենք ավանդական կապեր ունենք Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի խորհրդարանների հետ: Փոխգործակցության հիմնական թեման նրանց հետ օրենսդրական աշխատանքի փորձի փոխանակումն է:

Պարբերաբար հանդիպում են խորհրդարանական պատվիրակությունները: Դա օգտակար է երկուստեք: Չեմ խոսում պաշտոնական ուղերձների կամ նամակների մասին, որ մենք միմյանց հղում ենք: Միջազգային կառույցների մասով չէի ուզենա ծավալվել` նկատի ունենալով խնդրի նրբությունը հատկապես նրանց համար: Ասեմ միայն, որ վերջին երկու տարում մեր խորհրդարանի պատվիրակությամբ ես եղել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարաններում: Ստեղծվել է բավարար հիմք, որը պետք է ամրապնդել ու զարգացնել: Մասնավորապես, Ֆրանսիայի խորհրդարանի հայ-ֆրանսիական բարեկամության խմբի հետ աշխատանքը տալիս է կոնկրետ արդյունքներ:

- Ճանաչելո՞ւ է ԼՂՀ-ի ԱԺ-ն այլ չճանաչված կամ ոչ բոլորի կողմից ճանաչված երկրների անկախությունը (օրինակՙ Աբխազիա, Մերձդնեստր, Կոսովո), եւ քայլեր ձեռնարկվո՞ւմ են արդյոք, օգտագործելով միջխորհրդարանական կապերը, այդ երկրների կողմից «ճանաչել տալ» ԼՂՀ-ն:

- Կոսովոյի խորհրդարանի Անկախության հռչակագրին եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը Ռուսաստանի կողմից ճանաչելուն Արցախի խորհրդարանն անդրադարձել է քաղաքական ուժերի հայտարարությամբ: Ոչ մեր կողմից այդ պետական կազմավորումների ճանաչման, ոչ էլ հակառակ պարագայում, մենք չենք կարող առաջնորդվել այսրոպեական վճիռների տրամաբանությամբ: Դրանք որոշակի նախապատրաստական, փոխադարձ հետաքրքրությունների համադրման աշխատանքների արդյունք պետք է լինեն: Ինչ վերաբերում է մեզ «ճանաչել տալուն», ապա մենք ելնում ենք այն բանից, որ ամեն երկիր ինքն է որոշում ուրիշների հետ հարաբերվելու մակարդակն ու ձեւը:

- Ընդհանուր տպավորություն կա, որ ԼՂՀ Ազգային ժողովը օրենսդրական եւ հատկապես վերահսկողական գործառնությունն ակնկալված բարձրության վրա չի գտնվում: Որքանո՞վ է հիմնավոր այս տպավորությունը եւ, իրականում, Դո՛ւք ինչպե՞ս կգնահատեիք ԼՂՀ ԱԺ գործունեությունը:

- Չեմ կարծում, թե դա ընդհանուր տպավորություն է, բայց որ այդպիսի կարծիքներ կան` բնական եմ համարում: Երկար ծավալվել չեմ ուզում, որովհետեւ հարկ կլինի վիճակագրական տվյալներ բերել, համեմատություններ` նախորդ գումարումների խորհրդարանների գործունեությունից, բայց փորձեմ բացատրել այդօրինակ տեսակետների հիմքերը, որոնք, ըստ իս, իրավիճակի ոչ այնքան անկողմնակալ գնահատական են:

Յուրաքանչյուր երկրի օրենսդիր մարմնում նախաձեռնությունների մեծ մասի հեղինակ է գործադիր իշխանությունը: Մենք բացառություն չենք: Վերահսկողական գործառնության մասով ասեմ, որ Արցախի խորհրդարանը գործում է սահմանադրությամբ եւ կանոնակարգ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Սահմանադրությունը մեզ վերահսկողական գործառույթ, դրա դասական ընկալմամբ, չի վերապահում: Մենք հաստատում ենք վարչապետի` ԼՂՀ նախագահի ներկայացրած թեկնածությունը, հավանություն ենք տալիս կառավարության գործունեության ծրագրին, օրենքով հաստատում ենք պետական բյուջեն եւ դրա կատարման մասին տարեկան հաշվետվությունը, ինչպես նաեւ` կառավարության մասնավորեցման ծրագիրն ու դրա կատարման տարեկան հաշվետվությունը, հաստատում բյուջեն ուղեկցող նպատակային տարեկան ծրագրերը: Յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում կառավարությունն առնվազն երկու անգամ պատասխանում է պատգամավորների հարցերին: Պատգամավորները կարող են կառավարությանը դիմել նաեւ գրավոր հարցապնդումներով: Մենք այս լիազորություններն իրացնում ենք լրիվ ծավալով: Եթե դա քիչ է թվում, ապա այստեղ արդեն առկա է ընկալման խնդիր:

- ԼՂՀ-ում, հաշվի առնելով կարգավորման արդյունքում ադրբեջանցի տեղաբնակների վերադարձի հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետություն, կա՞ ընդունված օրենքՙ ազգային փոքրամասնությունների, դրանց ինչ-ինչ լիազորություններ տրամադրելու մասին:

- Միանգամից ուզում եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թե՛ օրենսդրության, թե՛ մյուս բոլոր իրավական ակտերի մշակումն ու կիրարկումը չեն պայմանավորվում կարգավորման գործընթացով ու դրանից ակնկալվող արդյունքներով: Այլ բան է, որ միջազգային չափանիշներին համապատասխան, մեր օրենսդրության հիմունքները բացառում են ազգային, կրոնական եւ ռասայական խտրականությունը: Ըստ այդմ, արդեն իսկ գործող` «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների», «Լեզվի», «Կրթության», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներով երաշխավորված են դավանանքի ազատությունը, մայրենի լեզվով կրթություն եւ տեղեկատվություն ստանալու եւ տարածելու` ազգային փոքրամասնությունների իրավունքները: Մյուս բոլոր հարցերի պատասխանը տալիս է Սահմանադրությունը:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այցելելով Ստեփանակերտ, ծանոթանո՞ւմ են արդյոք ԼՂՀ ԱԺ ընդունած օրենքներին եւ առհասարակՙ ԼՂՀ օրենսդրությանը:

- Համարյա թե համոզված եմ, որ նրանք ծանոթ են մեր երկրի սահմանադրությանը, բայց չեմ կարող նույնը պնդել ամբողջ օրենսդրության մասին: Համենայն դեպս, նրանք ինձ այդպիսի առաջարկով չեն դիմել: Երկու տարի առաջ համանախագահները հանդիպել են Ազգային ժողովի պատգամավորներին, լսել նրանց տեսակետներն ու շարադրել իրենց ընկալումները: Եվ այդ ժամանակ մենք պայմանավորվել էինք, որ կշարունակենք այդ ձեւաչափով հանդիպումները:

- ՀՀ ԱԺ-ի հետ ԼՂՀ ԱԺ-ի համագործակցությունն ի՞նչ աստիճանի է գտնվում: Ձեզ գոհացնո՞ւմ է համագործակցության ներկայիս մակարդակը:

- Եթե դատելու լինենք այն դինամիկայով, որ նկատելի է վերջին տարիներին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստերի հաճախականության եւ քննարկվող հարցերի լայն շրջանակի նույնիսկ թեթեւակի վերլուծությունից, ապա կարող եմ միանշանակ ասել, որ իրոք գոհ եմ համագործակցության ներկա մակարդակից: Քանի որ արդեն նշել եմ, որ մեզ համար միջխորհրդարանական հարաբերությունների ամենագործուն միջավայրը հենց ՀՀ Ազգային ժողովի հետ կապերն ու շփումներն են, կուզենայի միայն ավելացնել, որ ակնհայտ է նաեւ այդ համագործակցությունը խորացնելու եւ կատարելագործելու` Հայաստանի խորհրդարանի նախագահի եւ մեր մյուս գործընկերների ցանկությունը: Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի շրջանակներում, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների, կարող եմ ասել` կանոնակարգված շփումները թույլ են տալիս քննարկել որեւէ հարց եւ գտնել լուծումներ:

- Ինչպ՞ես կգնահատեիք Արցախում մամուլի վիճակը:

- Բավարար, բայց ոչ գոհացնող: Հնարավորություններն ավելին են, քան օգտագործվում են: Ես դատում եմ որպես ընթերցող, տեղեկատվություն ստացող անձ: Մյուս դեպքերում պետական մարմինների միջամտությունը, բացի նրանից, որ կառավարությունն ամեն տարի լրատվամիջոցներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, սահմանադրությամբ եւ օրենքներով արգելված է: Իմ տպավորությամբ, կա պահանջվածության եւ առաջարկի խնդիր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4