«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2011-02-02 | #17, 2011-02-03 | #18, 2011-02-04


ՀՐԵԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Բաքվում վերահրատարակվել է անցյալ դարասկզբի ռուս ծայրահեղ ազգայնական լրագրող Վասիլի Վելիչկոյի «Կովկաս» գիրքը: Շնորհանդեսին ներկա է եղել Իլհամ Ալիեւի աշխատակազմի բաժնի պետ Էլնուր Ասլանովը, ինչպես եւ` Ադրբեջանի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մամեդովը:

Վելիչկոյի «աշխատության» վերահրատարակման շարժառիթը պարզ է. սույն հեղինակը Թիֆլիսի «Կովկաս» ռուսատառ լրագրում ժամանակին հանդես է եկել հակահայկական հոդվածներով, որոնք էլ, ըստ էության, հետագայում օգտագործել է իր գրքում: Ադրբեջանական քարոզչության նպատակն, այսպիսով, այն է, որ ցույց տրվի եւ քարոզվի, որ «հայերի էության մասին նաեւ ռուս հեղինակն է խոսել»:

Դա, իհարկե, շատ էժան հնարանք է: Վելիչկոն չէ, որ արտահայտում է ռուս մտավորականության վերաբերմունքը հայ ժողովրդի, նրա էության, մշակույթի եւ ձգտումների նկատմամբ:

Այնուամենայնիվ, հարցին արժե մոտենալ սառնասրտորեն: Վելիչկոյի հիշյալ գիրքն այդ դիտանկյունից գնահատելիս ակնհայտ է դառնում մի ճշմարտություն. այն ոչ այնքան հակահայկական է, որքան` հակահրեական:

Այսպես, անդրադառնալով հայ ժողովրդի ծագումնաբանությանըՙ Վելիչկոն ասում է. «Իմիջիայլոց, ահա թե ինչ է գրել վարշավյան պատվավոր պրոֆեսոր Դ. Ի. Ազարեւիչը. «Չունենալով ձեռքի տակ գրադարաններ, ես միայն ձեզ կհիշեցնեմ, որ հնէաբանների համագումարում, որ վերջին անգամ տեղի է ունեցել Մոսկվայում, մարդաբանական բաժինը` նախագահությամբ Վիխրովի, լսել է մի ֆրանսիացու, կարծեմ` Ֆիգյեի, զեկուցումը հայերի սեմականության մասին (ընդծումը` բնագրում- Վ.Ա.): Այդ համագումարի նյութերը դժվար չէ գտնել Կայսերական հանրային գրադարանում եւ այնտեղ փնտրել եւ սույն զեկուցումը»: Պատվելի գիտնականին, ով, կարծում եմ, անհամեստություն չի համարի, որ ես հղում եմ անում իր հեղինակությանը, զայրացրել է հայության չափազանց համարձակ պաշտպանների թեթեւ վերաբերմունքը հանդեպ գիտության: Նրանցից ոմանց համար կարող է արդարացում ծառայել Բրակհաուզի եւ Եֆրոնի բառարանի ուղղակի ցուցումն առ այն, որ հայերը «հնդեվրոպական ցեղի իրանական խմբի հատված են» (ընդգծումը` բնագրում- Վ.Ա.), որ հատուկ է առանձնապես հրեաների կողմից տպագրվող բառարաններին»:

Մենք ձեռնպահ ենք մնում Վելիչկոյի մարդաբանական «գիտելիքներին» եւ կիրառած «մեթոդին» գնահատական տալու մտքից, այլ արձանագրում ենք իրողությունը. նա ընդունում է տեսակետը, որ հայերն «ունեն սեմական ծագում» եւ, ընդհակառակը, մերժում նրանց պատկանելությունը հնդեվրոպական ցեղի իրանական խմբին:

Վելիչկոն շարունակում է. «Հայերը մի կողմից հավատին դավաճանելու գնով բռնել են այլադավան իշխողների հանդեպ ստրկական հարաբերությունների ճանապարհը, մյուս կողմից ամրապնդել են ընդհատակյա պետության այն հատուկ տեսակը, որ համապատասխանում է նրանց սեմական բնազդներին (ընդգծումը մերն է- Վ.Ա.), այն է` կրոնապետությունը, որտեղ քաղաքական եւ նյութական արժեքներն ունեն առանձնահատուկ նշանակության` ի վնաս կրոնականի»:

Այս տեսական «հիմնավորումն» անելուց հետո Վելիչկոն անցնում է իր ժամանակի Կովկասի իրողությունների գնահատմանը եւ ցույց տալիս, որ «հայերն իրենց ձեռքում են կենտրոնացրել Թիֆլիսը եւ Բաքուն», նրանք են «տնօրինում Բաթումը` այդ կերպ վերահսկելով ապրանքաշրջանառությունը», թեեւ «նրանք կազմում են Թիֆլիսի բնակչության 40 տոկոսը, բայց քաղաքային դուման նրանցն է, ռուսները եւ վրացիներն այնտեղ մուտք չունեն»:

Եվ` հիմնական ընդհանրացումը. «Կովկասում սոցիալ-քաղաքական հարցը համընկնում է ցեղայինին. բուրժուան բաղկացած է գրեթե բացառապես հայերից... որը խոշոր սոցիալական վտանգ է տեղական բնակչության համար, իսկ պետական գործի համար` քաղաքական վտանգ»:

«Ուսումնասիրության մեխը» դա է: Իր տեսակետը «հիմնավորելու» համար, այսպիսով, Վելիչկոն այլ բան չի գտել, քան ասել, որ «հայերը հրեաների նման անիշխանական են, քանի որ ունեն սեմական ծագում»:

Պետք է թերեւս ընդգծել, որ Վելիչկոյի դարաշրջանի Ռուսաստանն ընդգծված հակահրեական պետություն էր: Բավական է նկատել տալ, որ 1900-ականներին Ռուսաստանի մանավանդ հարավային քաղաքներում տեղի են ունեցել հրեական ջարդեր, իսկ Կովկասում` հայկական կոտորածներ: Բնականաբար, դրանում շահագրգռված էին վերնախավի այն ուժերը, որոնց գաղափարախոսը Թիֆլիսում Վասիլի Վելիչկոն էր:

Բայց, տեր աստված, չէ՞ որ այդ ամենը եղել է մեկ դար առաջ: Ի՞նչ կարիք կար հրատարակելու «վելիկոռուսական շովինիստի» մտավարժանքները, կազմակերպելու շքեղ շնորհանդես: Մի՞թե հանուն նրա, որ Վելիչկոն Կովկասի թաթարներին համարում է «օրինապաշտ հպատակներ»: Արժե՞ դրանով հպարտանալ:

Եվ հետո` Բաքվում պետական հովանավորությամբ վերահրատարակելով մինչեւ վերջ հակահրեականությամբ թաթախված մի գիրք, Ադրբեջանի իշխանություններն իրենց հաշիվ տալի՞ս են, որ դրանով իսկ պաշտոնապես օրինականացնում են այդ նողկալի տեսությունը: Այլ դեպքերում, այնինչ, ջանք եւ եռանդ չի խնայվում քարոզելու Ադրբեջան-Իսրայել «բարձր մակարդակի հարաբերություններն» ու «Ադրբեջանի հրեական համայնքի ծաղկումը»: Հետաքրքիր է, ի՞նչ է մտածում Եվդա Աբրամովը, երբ իր ժողովրդի դեմ ատելություն տածող գիրք է վերահրատարակվում մի երկրում, որի խորհրդարանում ինքը կոչված է ներկայացնելու հրեական համայնքը:

Ի վերջո. եթե Ադոլֆ Հիտլերը «Մայն կամպֆ»-ում մի քանի վայհրահաչություն էլ հայերիս հասցեին թույլ տված լիներ, Իլհամ Ալիեւը կարգադրելու էր, որ այն ադրբեջաներեն թարգմանվի եւ տպագրվի՞:

Անշուշտ:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4