Քաղաքագետ Հովհաննես Նիկողոսյանը մեկնաբանեց վերջերս ԵԽԽՎ բյուրոյի որոշմամբ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերակազմակերպման քաղաքական եւ իրավական նախադրյալները: Ներկայացնում ենք մեկնաբանությունը ամբողջությամբ:
ԵԽԽՎ բյուրոյի կողմից ձմեռային նստաշրջանում վերակենդանացված 1416 բանաձեւի իրագործումը պետք է լինի ամբողջական` արտացելելով խնդրո առարկա բանաձեւի դրույթների լիարժեք իրականացումը: Ընդհանրապես, միջազգային փաստաթղթերը, եւ կասկած չկա, որ ԵԽԽՎ փաստաթղթերը, առավել եւս բանաձեւի տեսքով, իրենց կերպով միջազգային են, պետք է մեկնաբանվեն եւ հետեւաբար կենսագործվեն իրենց ամբողջականությամբ: Սա հստակ ամրագրված է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայում (թեեւս 1416 բանաձեւը պայմանագիր չէ որպես այդպիսին) եւ մի շարք այլ փաստաթղթերում, որպես, այսպես ասած, «անառարկելի նորմ», կամ jus cogens, ըստ որոնց միջազգային բնույթի փաստաթղթերը պետք է մեկնաբանվեն «բարեխիղճ ու ողջամիտ կերպով» եւ իրագործվեն իրենց ամբողջության մեջ:
Մասնավորապես, 1416 բանաձեւի երկու կարեւորագույն դրույթներ, որոնք նրա ոգու եւ տառի բաղկացուցիչներն են, 2005-ից ի վեր չեն իրագործվել` հասցնելով այս փաստաթղթին անվերականգնելի վնաս: Առաջին. 4-րդ պարբերությունը խոսում է հակամարտության լուծման նպատակով «խաղաղ միջոցների կիրառման» մասին եւ պարտավորեցնում Հայաստանին եւ Ադրբեջանին հետեւել այս պայմանին: Ի դեպ, ԼՂՀ իշխանությունները պետք է իրենց խոսքն ասեին 2005-ին, եւ պետք է ասեն նաեւ այսօր: Եթե նայենք Ադրբեջանի իշխանությունների` ընդհանրապես, եւ պատգամավորների` մասնավորապես, ելույթներին 2005-2011 թթ. ընթացքում, ապա հստակորեն կտեսնենք, որ այս սկզբունքը քանիցս խախտվել է, եւ ավելին` այդ հայտարարությունները փոխել են այն միջազգային միջավայրը, որտեղ ընդունվել է այդ բանաձեւը 2005-ին:
Երկրորդ. 1416 բանաձեւի 9-րդ պարբերությունը կոչ է արել Ադրբեջանին առանց նախապայմանների կապեր հաստատել ԼՂՀ իշխանությունների հետ: Իհարկե, կոնսենսուսի արդյունքում բանաձեւը ներառում է ավելի մեղմ որակում` խոսելով երկու համայնքների մասին, եւ նույնիսկ այդ դեպքում Ադրբեջանի իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկել այս պայմանը կատարելու համար, եւ ավելին` կոշտացրել են իրենց հայտարարությունները, եւ նույնիսկ վերջերս Արցախի Եվրոպական շարժման նախաձեռնության դեմ մի մեծ արշավ սկսեցին, որն ընդհանրապես կապ չուներ իշխանություններ ճանաչել-չճանաչելու հետ, այլ միանշանակորեն վերաբերում էր ԼՂ ժողովրդին: Այսինքն` դա մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների դաշտից էր, որը նույնպես կտրուկ մերժողականություն ստացավ:
Միայն այս երկու օրինակները բավական են, որ հայկական կողմը հարց բարձրացնի այս բանաձեւի ոչ ամբողջական իրագործման պայմաններում այդ ենթահանձնաժողովի իրավաչափության եւ քաղաքական նպատակահարմարության հարցը ԵԽ Նախարարների խորհրդի նիստում քննարկելու համար: