Այս տարի Արցախում բացվելու է Ազգային պատկերասրահ, որի նախաձեռնողը բարերար Գրիգոր Գաբրիելյանցն է: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Հիմա հստակեցվում է Ազգային պատկերասրահի շենքի տեղը: Ըստ Panorama.am-ի` Գրիգոր Գաբրիելյանցը Արցախում Ազգային պատկերասրահ բացելու գաղափարի մասին հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, եւ նա ասել է, որ կաջակցի այս հարցում: Տարիներ շարունակ Արցախն ազգային պատկերասրահ չի ունեցել, մինչդեռ մշակույթի զարգացումը շատ կարեւոր է երկրի համար:«Եթե ցանկանում ենք, որ երկիրը զարգանա, պետք է զարգացնենք ե՛ւ մշակույթը, ե՛ւ տնտեսությունը», նշել է Գրիգոր Գաբրիելյանցը: Իր նկարների հավաքածուն բարերարն արդեն նվիրաբերել է Արցախի ազգային պատկերասրահին: Ուրիշ անհատներ նույնպես պատկերասրահին նկարներ են նվիրել, եւ արդեն շուրջ 150 նկար է հավաքվել: Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի եւ հայտնի ռուս նկարիչների կտավները մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու նաեւ Արցախում: Կարեն Աղամյանի փոխանցմամբ` Արցախի ազգային պատկերասրահին շուրջ 100 նկար է նվիրաբերելու Հայաստանի նկարիչների միությունը: Այդ 100 նկարն այսօր ժամը 15.00-ին ցուցադրվելու են Նկարիչների միությունում: Եվս 5 նկար էլ նվիրաբերվելու է Հայաստանի մշակույթի նախարարության պահոցներից:
Ի. Պ.