«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2011-02-02 | #17, 2011-02-03 | #18, 2011-02-04


«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՕՐԱԿԱՐԳ ԿՄՏՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ»

Թուրք փորձագետների այս կանխագուշակումը նպատակ է հետապնդում սահմանափակելու Էրդողանի կուսակցության հաղթանակի հավանականությունը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումները հղի են անկանխատեսելի հետեւանքներով: Խոսքը հատկապես վերաբերում է Եգիպտոսինՙ նկատի առնելով արաբական աշխարհում նրա առաջատար դիրքը, առանցքային դերը ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականության մեջ եւ Իսրայելի ազգային անվտանգության հարցում ստանձնած պարտավորությունները: Այս ամենի հետեւանքով Եգիպտոսի զարգացումները կարեւոր նշանակություն են ձեռք բերում արաբական աշխարհի, տարածաշրջանի երկրների, ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար:

Այլ կերպ, Եգիպտոսում ընթացող զարգացումներով կանխորոշվում է ոչ միայն երկրի, այլեւ ողջ տարածաշրջանի քաղաքական ճակատագիրը: Ինչ վերաբերում է նախագահ Մուբարաքին, ապա նրա ճակատագիրն էլ կախված է բանակի դիրքորոշումից, հատկապես այն դեպքում, երբ նախագահի կողմնակիցների եւ ցուցարարների բախումները հանգել են արյունահեղության:

Ո՞ւմ կպաշտպանի բանակը. Մուբարաքի՞ն, թե՞ ընդդիմությանըՙ ցույց կտա ժամանակը: Բայց որ անկախ Մուբարաքի իշխանության պահպանման կամ տապալման հանգամանքից, անկայունությունը Եգիպտոսում, հետեւաբար եւ տարածաշրջանում դեռ երկար ժամանակ կպահպանվի, կասկած չի հարուցում: Թեեւ Թուրքիային հակակառավարական խռովություն չի սպառնում, սակայն անկայունությունը սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանում առանցքային դեր խաղալու եւ տարածաշրջանային գերտերություն դառնալու նրա հաշվարկները: Ուստի եւ միանգամայն տրամաբանական է Թուրքիայիՙ տարածաշրջանում ընթացող զարգացումներից բխող անհանգստությունը:

Թվում էր, թե այդ զարգացումներով պայմանավորված անհանգստությունը Թուրքիայի օրակարգից պետք է հանի Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրը: Սակայն Haberx.com կայքէջում «Ընտրություններից հետո հնարավոր է, որ օրակարգ մտնի Հայաստանի սահմանի բացումը» վերնագրով փետրվարի 2-ին հրապարակված հոդվածը գերազանցեց ենթադրությունները: Խոսքը Թուրքիայի ազգային մեծ ժողովի առաջիկա հունիսին նախատեսվող ընտրությունների մասին է: Ըստ կայքէջի, դրանք խիստ շահագրգռում են Ադրբեջանին, թե որ կուսակցությունը իշխանության կգաՙ պայմանավորված թուրք-ադրբեջանական հարաբերություններով, ղարաբաղյան հիմնահարցով եւ Թուրքիայի հայկական սահմանի բացման խնդիրներով: Թուրք փորձագետները, ինչպես կայքէջն է նշում, այս խնդիրների մեջ առանձնակի նշանակություն են տալիս սահմանի բացման հարցին եւ կարծիք են հայտնում, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հաղթանակի դեպքում վերստին օրակարգ կմտնի Հայաստանի հետ սահմանի բացման հարցը:

Կհաջողվի՞ Էրդողանի կուսակցությանը երկրում պահպանել միանձնյա իշխանությունը: Թուրք փորձագետները կուսակցության ժողովրդականության անկման եւ միջազգային հարաբերություններում առաջացած դժվարությունների պատճառաբանությամբ դա իրատեսական չեն համարում: Նրանցից Հասան Ալի Քարասարը ասում է. «Սահմանի բացման հարցում առաջին քայլը Թուրքիան կատարեց, պարզապես մյուս կողմը չարձագանքեց դրան: Լավ էլ եղավ: Այլապես կարող էին լուրջ խնդիրներ ծագել:

Այս առումով ադրբեջանական եւ թուրքական հասարակությունները զգույշ պետք է լինեն եւ փորձեն հակազդել: Ժամանակի ընթացքում թյուրքական աշխարհը միասնական մոտեցում էր դրսեւորելու Ղարաբաղի հարցում: Այդ մասին են հուշում Թուրքիայում եւ թուրքական աշխարհում տեղի ունեցող զարգացումները: Թյուրքալեզու պետությունների հետ բոլոր համաժողովներում պետք է համատեղ հայտարարություն ընդունել Ղարաբաղի մասին: Հարցի շուրջը պետք է միավորվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու մամուլը: Թուրքիայում ոմանք կարծում են, որ հայկական սահմանի բացումը կնպաստի Հայաստանի հետ առկա բոլոր խնդիրների կարգավորմանը, հատկապեսՙ ղարաբաղյան հակամարտության: Հարկ է սակայն նշել, որ Թուրքիան սահմանը չի փակել սոսկ Ղարաբաղի պատճառով: Դա պայմանավորված է նաեւ Թուրքիային Հայաստանի ներկայացրած հողային պահանջով եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման քարոզարշավով: Թուրքական հասարակությունը, այդ թվումՙ շարքային քաղաքացին, ցանկանում է, որ Հայաստանը Ղարաբաղի հակամարտությունում մեկուսացվի: Իշխանությունները ժողովրդի ճնշման տակ հետքայլ կատարեցին արձանագրությունների առումով: Ես այդ քայլը համարում եմ թուրք հասարակության հաղթանակը»:

Քարասարին լրացրել է Արիֆ Քեսքինը, մեղադրելով Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանություններին, թե առ այսօր չի ըմբռնել Ադրբեջանի կարեւորությունը: Այնուհետեւ նա շարունակել է. «Ադրբեջանի կորուստը լուրջ սխալ է լինելու Թուրքիայի համար: Թուրքիան վերջին շրջանում հետզհետե սկսեց հասկանալ այս իրողությունը, բայց ուշացումով: Այդ իսկ պատճառով էլ, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը գալով իշխանությանՙ լուրջ վնաս հասցրեց թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Իշխող կուսակցությունը ադրբեջանցիների վստահությունը վերականգնելու համար պետք է զերծ մնա Ադրբեջանին վնասող բոլոր տեսակի ձեռնարկումներից: Եթե նա այս ամենն անտեսելու գնով սահմանները բացի, ապա տակնուվրա կանի Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները, իսկ թուրք-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը վնաս կբերի Թուրքիայի ինչպես ներքին, այնպես էլՙ արտաքին քաղաքականությանը»:

Թեեւ թուրք փորձագետների հայկական սահմանի բացման մտահոգությունը ակնհայտ է, սակայն հիմք չունի, քանի որ Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացը վերադարձել է ելման կետ: Գործընթացի վերականգնման որեւէ առիթ չկա, ոչ էլ կլինի, երբ տարածաշրջանում հակակառավարական ցույցերի պատճառով խախտվում է ուժերի հավասարակշռությունը, ստեղծվում անորոշ իրավիճակ, եւ անկայունությունը դառնում է մշտական գործոն:

Այս ամենը պետք է հայտնի լիներ թուրք փորձագետներին: Այդ դեպքում ո՞րն է նրանցՙ հայկական սահմանի բացումից բխող անհանգստության պատճառը: Ըստ երեւույթին, փորձագետներին անհանգստացնում է ոչ թե սահմանի բացումը, այլ առաջիկա ընտրություններում վարչապետ Էրդողանի կուսակցության հերթական հաղթանակը: Որքան էլ նրանք խոսեն կուսակցության ժողովրդականության անկման մասին, սոցիոլոգիական ուսումնասիրությունները հակառակն են ասում եւ կուսակցությանը նախապես վարկաբեկելու համար փորձագետները նրան վերագրում են Հայաստանի հետ սահմանի բացման պատրաստակամություն: Այլ կերպ, վերջիններս փորձագետի քողի տակ ձեռնամուխ են եղել հակաքարոզչությանը: Եթե Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը սահմանի բացման մտադրություն ունենար, կնպաստեր խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, այլ ոչ թե վավերացման համար նախապայմաններ կառաջադրեր հայկական կողմին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4