Թուրքագետ Հակոբ Չաքրյանը երեկ «Տեսակետ» ակումբի հյուրն էր: Անդրադառնալով արաբական երկրներում, մասնավորապես Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին եւ այդտեղ Թուրքիայի ազդեցությանը` Հակոբ Չաքրյանը նշեց, որ Թուրքիան հանդես է գալիս որպես տարածաշրջանային գերտերության հավակնություններ ունեցող երկիր ու որպեսզի հիմնավորի դա, փորձում է հանդես բերել միջամտություն: «Այս դեպքում, սակայն, Թուրքիայի միջնորդությունը չի կարող այնքան էլ էական լինել, քանի որ Եգիպտոսը տարածաշրջանի առանցքային երկրներից է ու նաեւ առաջնորդող երկիր արաբական աշխարհում», ասաց բանախոսը` միաժամանակ կարեւորելով Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների գործոնը. «Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան նույնպես փորձում են նպաստել, որ Եգիպտոսում կայունություն հաստատվի»: Իսկ եվրոպական երկրների եւ Թուրքիայի ուժերը շատ անհամաչափ են:
Հարցին, թե արաբական աշխարհի զարգացումներն ինչքանո՞վ կազդեն Հայաստանի վրա, թուրքագետը պատասխանեց, որ տարածաշրջանում, այսինքն` Մերձավոր ու Միջին Արեւելքում, Հայաստանը չունի մեծ դերակատարություն ու ազդեցիկ դիրք, բայց երբ սրվում է իրավիճակը, միջազգային ասպարեզում հետին պլան են մղվում մեր առջեւ ծառացած խնդիրները: Թե ի՞նչ կլինի Եգիպտոսում կայունության հաստատումից հետո, այս հարցի վերաբերյալ բանախոսը կարծիք հայտնեց. «Եթե նույնիսկ վաղը Եգիպտոսում դադարեն արյունահեղության վերածված բախումները, միեւնույնն է, դեռ երկար ժամանակ երկիրը կմնա անորոշ վիճակում»: Միշտ չէ, որ նման ցույցերից հետո հաստատվում են ժողովրդավարական կարգեր ու կայունություն տվյալ երկրում: Բանախոսի կարծիքով` չի բացառվում, որ Հոսնի Մուբարաքից հետո ժողովրդական զանգվածների ճնշման ներքո հաստատվի իսլամական արմատական համակարգ:
Թուրքագետը նաեւ անդրադարձավ Կարսում գտնվող մարդկության հուշարձանն ապամոնտաժելու հարցին: Հուշարձանը սկզբում կոչվել է «Հայաստանի հետ բարեկամության ու հաշտության հուշարձան, այնուհետեւ անվանափոխվել է: Որոշումն արդեն կայացվել է, եւ Կարսի մարդկության հուշարձանը պետք է ապամոնտաժվի: Թուրքագետի կարծիքով` այս հուշարձանը բավականին տգեղ է ու սենտիմենտալ: Թուրքիայի վարչապետը հուշարձանը նույնպես անվանել է տգեղ ու անճոռնի, բայց, Հ. Չաքրյանի կարծիքով, ապամոնտաժելու որոշումը կայացվել է նաեւ ելնելով այն հանգամանքից, որ հուշարձանն ավելի բարձր է, քան շրջակա մզկիթների մինարեթները: Իսկ արդյոք մարդկության հուշարձանի գոյությունը կնպաստի՞ հայ եւ թուրք ժողովուրդների մերձեցմանը, սրա վերաբերյալ Հ. Չաքրյանը նշեց. «Չեմ կարծում, որ նման կոթողները կմերձեցնեն ժողովուրդներին: Մերձեցնելը կլիներ այն դեպքում, եթե Թուրքիան ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, դա կնպաստեր, որ երկու պետությունների միջեւ հաստատվեն առողջ հարաբերություններ, նաեւ կնպաստեր, որ գոնե մասամբ վերականգնվի հայ ժողովրդի վստահությունը թուրք ժողովրդի նկատմամբ»: Թուրքական ժողովրդական զանգվածները սիրահոժար մասնակցել են Հայոց ցեղասպանությանն ու կոտորել, կացիններով գլխատել, կողոպտել են իրենց հարեւաններին: Խոսելով թուրքերի վայրագություններից` բանախոսը շեշտեց. «Առհասարակ, քոչվոր անցյալ ունեցող ժողովուրդները, այդ թվում ե՛ւ թուրքերը, ե՛ւ ադրբեջանցիները, մեծ հակում ունեն կողոպուտի նկատմամբ, դա բխում է նրանց քոչվորական անցյալից ու կենսաձեւից, որովհետեւ ինչ չեն ունեցել, կողոպուտի միջոցով վերցրել են նստակյացներից: Ոչխար արածեցնողը հո՞ չէր կարող տափաստանում ցորեն ցանել, հետո էլ ալրաղացում ալյուր սարքեր ու հաց թխեր»: Շարունակելով խոսել քոչվոր ժողովուրդների` կողոպուտի հանդեպ ունեցած հակումից` Հակոբ Չաքրյանը նաեւ նշեց, որ ժամանակին ամենահարգի նվերը, որը ճանապարհորդները տանում էին թուրքմեններին, հացն է եղել:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ