ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի Լոս Անջելեսում կատարած հայտարարությունըՙ «Սփյուռքյան սենատի» ստեղծման մասին, տարաբնույթ մեկնաբանությունների եւ կարծիքների առիթ տվեց: Նման տարընթերցումները եւ տարբեր մեկնաբանությունները պայմանավորված են այն փաստով նաեւ, որ հայտարարությունը կատարել է կառավարության ներկայացուցիչը, ինչը նշանակում է, որ այն պետք է որ արդեն մշակված առաջարկ լիներ, այլ ոչ տեսական մտորումներ: Այնինչ իրականում դա ընդամենը գաղափար է, որի շուրջը դեռ պետք է փորձագիտական կարծիքներ հնչեն:
Պարզ է մի բան, կառավարության ներկայացուցչի բարձրաձայնած գաղափարը միայն տարակարծությունների ալիք է բարձրացրել, քանի որ այն ինչ-որ տեղ հակասության մեջ է մտնում Սփյուռքում վաղուց արդեն շրջանառվող կազմակերպչական նոր կառույցի ստեղծման գաղափարին եւ տարբեր նախաձեռնություններին:
Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը կարծում է, որ նմանատիպ պատասխանատու հայտարարությունից առաջ Հայաստանի կառավարությունը նախ պետք է խորհրդակցեր սփյուռքյան ավանդական կառույցների եւ կազմակերպությունների հետ, որոնք նմանատիպ աշխատանքների հարուստ փորձ ունեն:
Կուսակցությունն ընդհանուր առմամբ կողմ լինելով համասփյուռքյան մարմնի ստեղծման գաղափարին, այնուամենայնիվ կարծում է, որ չմշակված եւ ոչ ժամանակին արված հայտարարությունը ոչ միայն կարող է վարկաբեկել այդ գաղափարը, այլեւ ավելորդ ու անտեղի լարվածություն առաջացնել ՀՀ-ի եւ Սփյուռքի միջեւ եւ Սփյուռքի ներսում:
Բավական ժամանակ է, ինչ Սփյուռքում եւ Մայր հայրենիքում քննարկումներ են տեղի ունենում համասփյուռքյան ներկայացուցչական մարմնի ստեղծման գաղափարի շուրջը եւ ՀՀ իշխանությունները պետք է ականջալուր լինեն այդ քննարկումներին, դրանք ավելի ընդգրկուն դարձնեն եւ այդ գործընթացում ներգրավեն ոչ միայն փորձառու մասնագետների, այլեւ համապատասխան կառույցների ներկայացուցիչներին:
Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչություն