Մարդու իրավունքների պաշտպանը գնաց, կեցցե նոր պաշտպանը, ասում են մերոնք ու ... շրջանառում անուններ` իրենց ցանկությունների համեմատ: Շրջանառվող անունների պակաս չկա. մեկը լավ տղա է, մեկը` լավ աղջիկ, մեկը գրանտներով մարդու իրավունքները պաշտպանող հայտնի իրավապաշտպան է (Հայաստանում ո՞վ է գժվել առանց գրանտի մարդու իրավունք պաշտպանի), մեկը համ լրագրող է, համ իրավապաշտպան: Անուններ տալիս նշվում են հավաստի աղբյուրներ, այդ թվում` նախագահական շրջանակի, թե այսպես ու այնպես, արդեն որոշում կա` ո՞ւմ նշանակել: Մինչդեռ ոչ ոք չի խոսում այն մասին, թե երկու պաշտպան ունենալուց հետո մենք ի՞նչ որակի պաշտպան ենք ուզում ունենալ, անկախ անձից` ո՞ր խնդիրները չի կարողանում իրականացնել ՄԻՊ ինստիտուտը ներկայացնողը Հայաստանում, կամ միգուցե օրենսդրորեն ամեն ինչ կարգավորված չէ՞ այս ոլորտում, որ միայն անձից չպահանջենք: Երկու պաշտպան ունեցանք` առաջինը նոր-նոր էր ձեւավորում ոլորտը ու մեծ ցանկություն ուներ մարդկանց օգնելու, ինչն անկարեւոր չէր, սակայն բախվեց իշխանական պատին: Երկրորդն ինքը իշխանության կրող էր, Քոչարյանի կադրը ու թեեւ ինստիտուցիոնալ պատրաստվածության մասնագետ` հաճախ էր դառնում քաղաքական խարդավանքների ու մամուլի պատանդը (ինքը եւս դա խոստովանել է):
Երկրորդ պաշտպանին քննադատում էին թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Որքան էլ նա ասում էր, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, երկու կողմից էլ նրան մեղադրում էին հենց քաղաքականացված լինելու համար: Մարտի 1-ի դեպքերի հետ կապված 2008-ի թվականի ՄԻՊ տարեկան զեկույցը գլխավոր դատախազը խորհրդարանում անվանեց քաղաքական փաստաթուղթ: Մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանից նեղանում էր ընդդիմությունը, որ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններին գնահատական չի տալիս, քանի որ քաղաքական իշխանության մաս է, իշխանությունն էլ դժգոհ էր մնում, որ նա չէր կարողանում խուսափել ընդդիմության ստեղծած ծուղակներից եւ հաճախ էր տարուբերվում իր տեսակետներում:
Այսպես թե այնպես` Արմեն Հարությունյանը որպես ՄԻՊ անցյալ է դառնում, նա օմբուդսմեն չի համարվի փետրվարի 11-ից հետո, երբ կրկնի իր հրաժարականը: Պաշտոնավարման 5 տարին գնահատելով` նա ինքն էլ խոստովանեց երկկողմ ճնշումների մասին: Քոչարյանը հրապարակավ նրան իր «ամենաանհաջող կադրն» էր անվանել, անգամ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էր մեղադրել, որ Ա. Հարությունյանը խուսափել է քաղբանտարկյալ տերմինից (Համարբերգի դասախոսությունից ոչ ոք եզրակացություն չի արել):
Իսկապես, ինչպե՞ս անել, որ ՄԻՊ-ը քաղաքական խաղալիք չդառնա ոչ իշխանության, ոչ ընդդիմության ձեռքին, մյուս կողմից էլ` արեւմտյան արժեքներին խորքից տիրապետելով` ինքը չդառնա արեւմտյան ինստիտուտների ճնշումների գերին:
Ինձ համար, որպես Հայաստանի հանրապետության քաղաքացու, վիրավորական է, որ ՄԻՊ թեկնածուների շարքում այսօր ավելի շատ շրջանառվում են արեւմտյան գրանտներով սնվող իրավապաշտպանների անուններ, մինչդեռ իսկապես դրսի հովերից զերծ ՄԻՊ ունենալու համար այդ պաշտոնում մենք պետք է ունենանք այնպիսի մեկին, որը նախ պետք է բազում ու բազում հարյուրավոր դոլարների գրանտներ կուլ տված չլինի մինչեւ պաշտպան դառնալը, իրավաբան լինելու հետ մեկտեղ` հասարակության համար ընդունելի ու վստահելի կերպար լինի, ցանկություն ունենա հասարակ մարդկանց իրավունքները պաշտպանել, իշխանության ազդեցությունից եւս հնարավորինս ազատ լինի: Թեեւ` ինչպե՞ս պիտի ազատ լինի նա, եթե օրենսդրությամբ ֆինանսավորվում է բյուջեից, եւ նրա թեկնածությունը ներկայացնում են ե՛ւ Հայաստանի նախագահը, ե՛ւ Ազգային ժողովը:
Ըստ օրենքի` պաշտպանն անկախ է եւ ենթարկվում է միայն սահմանադրությանն ու օրենքներին, միջազգային հանրաճանաչ նորմերին, որեւէ պաշտոնյայի ենթակա չէ: Բայց այդպե՞ս է արդյոք: Այն լուրը, թե նախագահականում արդեն կողմնորոշվել են` ո՞ւմ թեկնածության վրա կանգ առնեն (երեկ տալիս էին Կարեն Անդրեասյանի անունը), խոսում է այն մասին, որ ինչպես եւ Քոչարյանի ժամանակ, ներկա նախագահի օրոք էլ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կհայտնվի նա, ում հարմար կհամարի նախագահը, հետո միայն կգնահատվեն նրա որակները: Այդ դեպքում ինչպե՞ս պիտի այդ պաշտպանը անկախ լինի նախագահականի ազդեցությունից, պաշտպանի այն մարդկանց իրավունքները, ովքեր իշխանության բարձր օղակների գործողություններից կտուժեն կամ կլինեն իշխանության հակառակորդների ճամբարում: Կամ` ինչպե՞ս պիտի արեւմտյան կառույցներից 1 մլն դոլար ստացած ՄԻՊ գրասենյակը չլինի արեւմտյան ճնշումների պատանդը: Հիմա, երբ արդեն երկու պաշտպան ենք ունեցել, առաջինը ձեւավորել է կառույցը, երկրորդը, իրավապաշտպաններից մեկի պատկերավոր արտահայտությամբ, միս ու արյուն է տվել այդ կառույցին, ոչ թե պիտի խոսք գնա այս կամ այն ցանկալի անձին տեղավորելու մասին` նոր ազատված հաստիքում, այլ մտածել, թե ինչպե՞ս այս կառույցին համեմատաբար ավելի մեծ անկախությամբ օժտել, ինչպե՞ս դարձնել այն ամենամեծ վստահություն վայելող օղակը: Իսկ եթե մեր երկրում անձերից վերանալ չեն կարող, ուրեմն ՄԻՊ-ն ավելի շատ կշարունակի մնալ ցուցանակ` եվրոպաներին ուղղված, քան թե գործուն, Հայաստանում մարդու իրավունքների իրական պաշտպանության հարցը լուծող ինստիտուտ: ՄԻՊ-ին ներկայացվող օրենսդրական պահանջների հանգույն` այս օրերին պիտի որոնեինք հասարակության մեջ հեղինակություն վայելող մարդուն, ոչ թե սրա-նրա լոբբիինգն անեինք մամուլում: Բայց մերոնք չեն փոխվում: Իսկ հեղինակավոր, հասարակության տարբեր շերտերի կողմից ընդունելի մարդ, խոստովանենք, այսօր Հայաստանում դժվար է գտնել, քանի որ իշխանությունն ու ընդդիմությունն իրար այնպես են ոչնչացրել ու հեղինակազրկել, որ երրորդ պաշտպանին գտնելու համար պետք է խոշորացույցով ման գալ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ. - Փետրվարի 11-ից, երբ Արմեն Հարությունյանի լիազորությունները համարվեն դադարեցված, մեկ ամսվա ընթացքում պետք է նոր պաշտպան ունենանք: Պաշտպանին նշանակում է Ազգային ժողովը ` ձայների 3/5-ից ավելիով, Հայաստանի նախագահի եւ ԱԺ պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջարկված թեկնածուներից: