«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2011-02-02 | #17, 2011-02-03 | #18, 2011-02-04


ՀԱՅԵՐԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԵՆ «ԿՐԿՆԱԿԻ» ԹՐԱՖԻԿԻՆԳԻ

Աշխատավարձն ուշացնում են, ենթարկում հարկադիր աշխատանքի

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ գործատուների համար «Վարքագծի կանոնակարգ» է մշակել: Այն հետագայում կլրացվի գործատուների «Կոորպորատիվ սոցիալական պատասխանատվության կանոնակարգ»-ի մյուս անհրաժեշտ բաղադրիչներով եւ կընդունվի ամբողջությամբ: Կանոնակարգը հիմնականում ներառում է հարկադիր աշխատանքի եւ թրաֆիկինգի կանխարգելման ու կանոնակարգի իրականացման սկզբունքները:

Ներկայացված սկզբունքները վերցված են ՀՀ օրենսդրությունից եւ իրավական այլ ակտերից, ՄԱԿ-ի կոնվենցիաներից եւ առաջարկություններից` ներառելով աշխատանքի հիմնարար սկզբունքների եւ իրավունքների հռչակագիրը եւ սոցիալական քաղաքականությունը:

«Սա գործող օրենսդրության լրացում եւ միջազգային նորմերի տեղայնացում է, որը կամավորության սկզբունքով պետք է ընդունեն գործատուները` կանխարգելելով իրենց ձեռնարկություններում հարկադիր աշխատանքը», ներկայացնելով կանոնակարգը ասաց ՀԳՀՄ-ի նախագահ Արսեն Ղազարյանը` հավելելով, որ հարկադիր աշխատանքը կախվածությունն է վճարող գործատուից, ոչ մարդկային պայմաններում աշխատողներ պահելը, հարկադրելը հատուկ ռեժիմով աշխատելու, գործատուի ցանկությամբ աշխատանքից ազատելը կամ ընդունելը, հոգեբանական բարդույթներ ստեղծելը, մարդուն ստորացնելը:

2009 թ. ԱՄԿ-ի տվյալների համաձայն` հարկադիր աշխատանքից գոյացած տարեկան հասույթը աշխարհում կազմել է 21 մլրդ դոլար: ԱՄԿ Կովկասի տարածաշրջանի հիմնական տեխնիկական մասնագետ Ժոլտ Դուդասի փոխանցմամբ` գումարի 80 տոկոսը գոյացել է այն գումարներից, որոնք կստանային այն մարդիկ, եթե աշխատեին սովորական, ոչ հարկադիր աշխատանքի ձեւաչափով, նաեւ սննդի համար չհատկացումների եւ մնացած այն գումարները, որ կապված են հարկադիր աշխատանքին:

Դոդասի մեկնաբանությամբ` տարբեր ոլորտներ տարբեր չափով են խոցելի համարվում: Ամենախոցելիների շարքին են պատկանում գյուղատնտեսությունը, թեթեւ արդյունաբերությունը, շինարարությունը եւ զբոսաշրջությունը: Եթե արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարելը զարգացած երկրներում անվանում են ներքին թրաֆիկինգ, ապա Հայաստանում բացի հարկադիր աշխատանքից, աշխատավարձերն էլ ուշացնում են, իսկ եթե դժգոհում ես, դառնում ես տնօրենի աչքի գրողն ու ընկնում սեւ ցուցակի մեջ: Ստացվում է, որ հայերը մի քանի անգամ ենթարկվում են աշխատանքային թրաֆիկինգի: Այս առումով նման կանոնակարգի մշակումը չափազաց կարեւոր է, սակայն մտահոգիչ է, թե կանոնակարգն ինչպես եւ ինչպիսի մեխանիզմով կաշխատի:

Գործատուները կարող են ճանաչել վարքագիծը, բայց գործնականում չկիրառել: Բացի այդ ո՞վ է հետեւելու, գրանցելու, թե ո՞ր աշխատակիցն է արտաժամյա աշխատել ու որքան պետք է վճարել արտաժամյա աշխատանքի համար:

Գաղտնիք չէ, որ հաճախ բժշկին, մանկավարժին, գրասենյակային աշխատողներին հարկադրում են արտաժամյա աշխատել հանգստյան եւ տոն օրերին: Արտաժամյա հարկադիր աշխատանքի են ենթարկվում հատկապես հյուրանոցային ոլորտի աշխատակիցները:

«Ազգ» օրաթերթն անցյալ տարի «Ծաղկաձորը նորահարուստների հանգստի քաղաք» հոդվածում անդրադարձել էր հյուրանոցային բիզնեսին: Մեր այցելած բոլոր հյուրանոցներում սպասարկող անձնակազմը փաստեց, որ ամանորյա օրերին աշխատել են առանց գրաֆիկի, առանց հերթափոխության, սակայն դրա դիմաց որեւէ հավելյալ վարձատրություն չեն ստացել, մինչդեռ հյուրանոցների սեփականատերերն այդ օրերին գերշահույթ են ստացել` անտեսելով իրենց աշխատակիցների իրավունքները:

Նման օրինակները բազմաթիվ են, եւ անհրաժեշտ է այս խնդիրներին դրական լուծում տալ ու նաեւ պարտադրել գործատուինՙ հարգել աշխատողների իրավունքը: Իհարկե, աշխատողն էլ պետք է ստիպի, որ հարգեն իր իրավունքներն ու ոտնահարման դեպքերի մասին բարձրաձայնի, սակայն այստեղ հանդիպում ենք սոցիալական խնդրի: Եթե մանկավարժն իր 80.000 դրամ աշխատավարձով ընտանիք է պահում ու գիտակցում է, որ մի երկու «ավելորդ» արտահայտության պարագայում կհայտնվի փողոցում, բնականաբար կնախընտրի լռել ու առանց վճարման արտաժամյա աշխատել:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4