Աբովյան քաղաքի հին թաղամասերը, հատկապես երկրորդ միկրոշրջանը, գրեթե ամեն օր հոսանքազրկվում են: Անջատումները տեւում են 2-3 րոպեից մինչեւ 12-13 ժամ: Խնդիրն ավելի է սրվում հատկապես տոն օրերին, երբ ցանցի լարվածությունն ավելի է մեծանում: Արդեն երկու տարի այս թաղամասերի բնակիչները Ամանորը տոնում են խավարի մեջ: Ամռան շոգ ամիսներին ահռելի կորուստներ են կրում թաղամասերի խանութները, քանի որ անջատվում են սառնարաններն ու փչանում է կաթնամթերքը, տներում հաճախակի հոսանքազրկումներից շարքից դուրս են գալիս էլեկտրական սարքավորումներՙ սառնարաններ, լվացքի մեքենաներ, համակարգիչներ ու ջեռուցման կաթսաներ: Ձմռան ամիսներին բնակիչների գազի ծախսն ավելանում է, որովհետեւ համակարգերը սառում են, եւ ամեն անգամ հոսանքը միացնելուց զրոյից տաքացնում բնակարանները: Ամեն օր մարդիկ մնում են վերելակների մեջ, իսկ հոսանք եղած ժամանակ էլ վախենում են մտնել վերելակ, քանի որ վստահ չեն, որ հերթական հոսանքազրկման պատճառով բանտարկված չեն մնա: Արդեն 20 տարի բացատրությունը մեկն էՙ բաշխիչ կայանները թույլ են եւ չեն կարողանում անխափան ապահովել պահանջվող հզորությունը: Արդյոք սա 20 տարվա խնդրին տրվող ընդունելի՞ բացատրություն է: Կամ ընդհանրապես, արդյո՞ք հսկա թաղամասերի բնակիչները ըմբռնումով ու անսպառ համբերությամբ պիտի անընդհատ լսեն բացատրություններ: Էլեկտրացանցերի աշխատակիցներից ո՞վ է ընդունում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց բնակչի չվճարելու բացատրությունները: Այս «անլուծելի» դարձած խնդրի պատճառով այս թաղամասերում անգամ բնակարանների գներն են ընկել:
Այս նամակով կոչ ենք անում քաղաքի ղեկավարներին եւ մեր ընտրած պատգամավորներինՙ իբրեւ բնակիչների ներկայացուցիչների եւ նրանց շահերի պաշտպանների, համապատասխան հայցով դիմել դատարան եւ պարտադրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը համապատասխան ներդրումներ կատարել համակարգի հզորացման ու թարմացման համար, ապահովել բնակիչների որակյալ սպասարկումը: Հակառակ դեպքում դժգոհության ալիքը շատ ավելի լուրջ հետեւանքների կարող է հանգեցնել:
Մենք պահանջում ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կատարի բնակիչների հետ կնքած պայմանագրերում նշված իր պարտավորությունները:
ՎԱՀԵ ԽԵՐԱՆՅԱՆ