ՀՀ վարչապետին
ՀՀ մշակույթի նախարարին
Առանց նախաբանի ասենք, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով են նկարահանվում այնպիսի ֆիլմեր, ինչպիսին «Խաչագողներն են»: Այն տպավորությունն է ստացվում, որ մարդիկ ցանկանում են հային նսեմացնել, ընկճել, թեւաթափ անել: Սա դեռ հայի աչքում... Յուրաքանչյուր գործ բռնելիս պետք է մտածել նաեւ աշխարհով մեկ սփռված հայության մասին: Մի՞թե հայը չունի մի այլ արժեք, մի այլ շնորհք, մի այլ տաղանդ... Միայն խաչագող լինե՞լն է... Հայի հոգեբանության բոլոր արժեքավոր արժանիքները ծածկելովՙ բացահայտվում է միայն այն, որ հատուկ է շատ սակավաթիվ մարդկանց, որոնք ընդհանրապես զուրկ են հայի նկարագրից: Հայտնի է, որ մեծ վիպասանը իր ժամանակին, իր ժամանակակիցների կողմից նախատինքների է արժանացել միայն հենց խաչագողերի համար, որովհետեւ այն գցում, ցեխոտում էր ազգի միասնությունն ու նպատակամղվածությունը: Սա էլ կարծես քիչ է, գովազդում են «ցոգոլ» գողացող պատանիների, որոնք գողությունից հետո երազանքով ու հպարտությամբ նայում են մասիսներին: Տե՛ր Աստված, այս ի՜նչ գողամոլություն է: Ո՞վ է տեսել, ո՞վ է լսել, որ գողը երազի ու հպարտանա... Միթե հնարավոր չէր, որ այդ պատանիները ծիրանի ծառի ճյուղերին նստածՙ հյութեղ ծիրան ուտելով երազկոտ նայեին մասիսներին, այնպիսի մի ինքնամոռացությամբ, որ ծիրանի հյութը ինքնահոսվեր նրանց բերաններից:
Հիմա էլ ուզում են «Հացի խնդիր» նկարահանել, Միկիտան Սաքոյին եւ Մովրովին հայտնաբերել: Ի՞նչն է դրա նպատակը: Մի՞թե այն, որ մեր մեծահարուստներն ու գործարարները Միկիտաններ են, Մովրովներ են... Այ քեզ բա՜ն:
Փոխանակ մեր գործարարների ոգեւորող, ուրախացնող նպատակամղող ֆիլմ ցույց տան, ասենք, Մանթաշյաններ, որոնք եղել են ու կան, որ նրանց օրինակը հուզի, մտածել տա գործարարներին, որ իրենք էլ ցանկություն ունենան նրանց նմանվել: Մեր տնտեսությունը, քաղաքականությունը բազում հանգույցներով կապված է մեր գործարարների աշխատանքունակության հետ եւ պետք է նրանց թեւ ու թիկունք լինել եւ ոչ թե Միկիտան Սաքո աշխարհ բերել: Այս ի՞նչ գավառաբանություն է, այս ի՞նչ հետադիմական վարակ է: Այս ամենը այնպիսի տպավորություն է թողնում, որ ասես ինչ որ մեկը մեր լեզվով, մեր խոսքով, մեր գործով կամենում է վարկաբերել հային, հայությանը, Հայաստանը: Առավել եւս այսօր, հայությանը պետք է համախմբող, ոգեւորող, հուսադրող հայի աչքում հային բարձրացնող, ուրախացնող, հպարտություն ներշնչող ֆիլմեր եւ ոչ թե գնալ կեղտոտ, ճահճոտ, հազար անգամ տրորված արահետներով, որտեղ արժեքավոր որեւէ բան գտնել հնարավոր չէ:
Եթե ուզում են ֆիլմ ստեղծել, թող նկարահանեն Արծրունիների տան պատմիչ Թովմա Արծրունու Քթիշ բերդի պաշտպանությունը: 9-րդ դարի կեսերին արաբական զորքերի թուրք զորահրամանատար Բուղան, որը ոտնատակ էր տվել ողջ աշխարհը, որի ահից սարսափում էին նույնիսկ հզոր պետությունների հզոր արքաները, Քթիշ բերդի ստորոտում այնպես թափեցին նրա հոշոտող ժանիքները, որ ինքնակամ թակարդն ընկած մկան նման դուրս պրծնելու ծակ էր փնտրում:
Զարմանալին այն է, որ մեր պատմավիպասանները այս գործը չեն գեղարվեստավորել: Այն «խամ ու խոպան» է եւ ֆիլմի դեպքում այն ոչ միայն նորություն կլինի, այլեւ կցուցադրի հայի վեհությունը, քաջությունը, հայ մնալու հպարտությունը, կդառնա աշխարհասփյուռ հայությանը հավաքարար ուժի կոչելու մի նոր ազդակ:
Հայ Առանշահիկ Ապումուսե իշխանի այն նամակը, որն ուղղված էր թուրք զորահրամանատարին, մեր այսօրվա գաղափարախոսության լավագույն օրինակ է, մանավանդ որ այն հղված էր ռազմատենչության դեմ:
Ահա, այսպիսի ֆիլմ նկարահանեք, որ ամեն հայ ուրախանա, որ օտարն էլ տեսնի, զգա, ճանաչի հայի ով լինելը. նրա անպարտելիությունը, կամքը, զորությունը, տաղանդը, մարդասիրությունը, հայրենասիրությունը իր երկրի սիրով ոգեւորվածությունն ու ժողովրդի միաբան ուժի անսասանելիությունը...
Քթիշի պաշտպանության մասին ես որոշ բաներ գրել եմ իմ մի գրքում, որը հասկանալի պատճառով դեռ անտիպ է, բայց գիրքն այլ է, ֆիլմն այլ: Ֆիլմը դիտում, լսում, զգում է ողջ ժողովուրդը, նաեւ ուրիշները:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԱԼԹԱԿՅԱՆ, արձակագիր (գրողների միության անդամ չեմ)