Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում այսօր, փետրվարի 4-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա «Ծաղկաքաղ պարսկական ժամանակակից պոեզիայից» (կազմող եւ թարգմանիչ` Աշոտ Մինասյան) գրքի շնորհանդեսը:
Այստեղ ներկայացված են պարսիկ շուրջ 55 բանաստեղծների` Միրզա Սադեղ Հաքիմի, Նասիմ Շեմալի, Իրաջ Միրզայի, Ալի Աքբար Դեհխոդայի, Արեֆի, Սիմին Բեհբահանի եւ այլ գրողների գործերից, բանաստեղծություններից բացի, գրքում զետեղված է նրանց համառոտ կենսագրությունը:
Առանձին բաժնով ներկայացված են քաղաքացիական պայքարի տարիներին (1905-1925թթ.) ստեղծագործող կին բանաստեղծների ստեղծագործություններից, այդ հեղինակներից են` Շահին Ֆարահանին, Ֆախրի Խալաթբարին, Ֆանին:
«Երիտասարդ նորարարներ» խորագրի ներքո ներկայացված են Աթեշի, Մինա Ասադի, Սիավոշ Քասրայի գործերը: Ա.Մինասյանը գրում է, որ այս շարքի բանաստեղծներին իրենց ստեղծագործություններում ներկայացրել են իրանցի պարսկալեզու երիտասարդ բանաստեղծների դեմքն ու մտայնությունները: Այդ ստեղծագործությունները նա վերցրել է դոկտ. Խանլարի խմբագրած «Սօխան» (Խոսք) ամսագրի 1970-ական թվականների համարներից եւ Մոհամմադ Հողուղիի «Նոր պոեզիա» ժողովածուից, նաեւ պարբերական մամուլից:
««Նոր ալիք» դեկադենտական շարժումը պարսկական ժամանակակից պոեզիայում» վերնագրի ներքո Աշոտ Մինասյանը գրում է, որ դեռ 1940-ական թվականներին պարսկական պոեզիայում ի հայտ էին եկել բանաստեղծներ, որոնք չէին ենթարկվում տաղաչափական կանոններին: Այս շարժումը կոչվեց դեկադենտական: «Նրանք կարծում են, որ որքան խոսքը խճողված, տարօրինակ եւ զարմանալի լինի` այնքան էլ բանաստեղծությունը կատարյալ կդառնա»,- գրում է կազմողը:
Ա. Մինասյանը դեմ է նման ստեղծագործություններին, դրանք համարում է հիվանդագին երեւույթ, գրելով. «Նա դրսեւորում է մեր ժամանակի մտավորականության որոշ խավերի անտարբերությունը եւ, կարելի է ասել, թշնամությունը դեպի հասարակական հրատապ հարցերը... »:
Գրքում ներկայացված են նաեւ երգիծական բանաստեղծություններ:
Գրքի առանձնահատկություններից է նաեւ այն, որ զուգահեռաբար ներկայացված է նաեւ բանաստեղծությունների պարսկերեն բնագրերը:
Գիրքը Ա.Մինասյանի 40 տարիների աշխատանքի արդյունքն է: Նա փորձել է թարգմանության մեջ պահպանել բնագրի գրավիչ, գեղեցիկ եւ պատկերավոր խոսքը, բառախաղերն ու տաղաչափական նրբությունները: Այդ նպատակով նա ուսումնասիրել է Հ. Թումանյանի, Ա. Ծատուրյանի, Ա. Խնկոյանի եւ այլոց թարգմանությունները (նաեւ օտարազգի գրողների), համոզվել, որ «հայերեն ամենալավ թարգմանությունները նրանք են, որոնք ավելի լավ են հայացված»:
Թարգմանությունները նա տպագրել է տեղի եւ արտասահմանյան մամուլում, իսկ գրքով տպագրվում է առաջին անգամ: Թարգմանության ընթացքում Աշոտ Մինասյանը հարազատ է մնացել բնագրին, խուսափել բառացի թարգմանություններից եւ օտարաբանություններից, հնարավորության սահմաններում պահել բնագրի տաղաչափական առանձնահատկությունները: Գիրքը լույս է տեսել հեղինակի զավակների մեկենասությամբ:
Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժին