Երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի առիթը օրեր առաջ «Ժամանակ» օրաթերթում տպագրված այն տեղեկատվությունն էր, թե Ռուսաստանը տնտեսական շահավետ առաջարկ է կատարել Հայաստանի իշխանություններին մարտի 26-ին կայանալիք ընտրական մրցախաղում ռուսներին պարտվելու դիմաց: Զգացվում էր, որ այդ հրապարակումը բավական վրդովեցրել է Ռուբեն Հայրապետյանին:
«Խաղը ռուսներին հանձնելու մասին գրված այդ հոդվածը փորձ է վարկաբեկելու մեր երկիրը, ֆուտբոլի ֆեդերացիան: Բոլորս գիտենք, որ մեր հավաքականն ընտրական այս մրցափուլում հաջող է հանդես գալիս եւ իրական հնարավորություն ունի մտնելու Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ: Նման հավաքական, որում ընդգրկված են հաղթանակի ձգտող տղաներ, երբեք չենք ունեցել: ՀՀ նախագահի գլխավորությամբ, ֆուտբոլի ֆեդերացիայի ջանքերով է վերջապես հաջողվել նման ուժեղ հավաքական ստեղծել, որով կարելի է պարծենալ:
Այսքանից հետո հոդվածներ են տպագրում ու վարկաբեկում են ինձՙ մեղադրելով զենքի վաճառքի եւ նարկոբիզնեսի մեջ, առանց հաշվի առնելու, որ Հայաստանն ու հայկական ֆուտբոլն եմ ներկայացնում ՈւԵՖԱ-ում եւ ՖԻՖԱ-ում: Իսկ այդ կառույցները նման մեղադրանքների, կասկածների դեպքում անպայման հետաքննություն կանցկացնեն: Դրանք կխանգարեն այդ կառույցների հետ մեր համագործակցությանը, մեր երկրի հեղինակությանը: Անցել են այն ժամանակները, երբ ֆուտբոլի ֆեդերացիայում Տեր-Պետրոսյան ազգանունով մարդ կար, կամ էլ Սուրեն Աբրահամյանն էր ղեկավարում ու խաղեր ծախում: Այս ամենն ընդդիմության, Լեւոն Տեր-Պետրոսյանի ոհմակի հերթական խարդավանքներն են: Սուտի գողականները, որ նախկինում բանտի կլյուչնիկ էին, հիմա ինչ-որ բաներ են գրում ու վախենում են հոդվածի տակ իրենց ազգանունը նշել: Եթե նրանք դեմքս տեսնեն, ինսուլտ կստանան:
19 տարվա մեջ առաջին անգամ ունենք հանրապետության այնպիսի նախագահ, որն իր անմիջական ուշադրության տակ է առել հայկական ֆուտբոլը: Եթե չլիներ նրա աջակցությունը, վաղուց էի հրաժարական տվել: Նախագահն իմ առջեւ խնդիր է դրել, որ անպայման հարկավոր է Երեւանում հաղթել Ռուսաստանի հավաքականին», նշեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահը տեղեկացրեց, որ ստիպված է դատի տալ նաեւ «Ժամանակ» օրաթերթին, ինչպես վարվել էր «Հայկական ժամանակի» պարագայում: Դատը շահելու դեպքում Ռուբեն Հայրապետյանը մտադիր է փոխհատուցման գումարն ամբողջովին տրամադրել ծերանոցներին եւ այլ կարիքավորների:
ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ ամեն ջանք ներդնում են Հայաստանի հավաքականի կազմն ուժեղացնելու համար: Այդ նպատակով բանակցում են Արազ Օզբիլիսի հետ: Վերջինս գրեթե տվել է համաձայնությունը Հայաստանի հավաքականում խաղալու: Պարզապես մի քանի օր մտածելու համար ժամանակ է պահանջել, քանի որ Հոլանդիայի հավաքականը եւս հետաքրրքրված է նրանով:
Ռուբեն Հայրապետյանին առավել շատ մտահոգում է հավաքականի դարպասապահի հարցը: Նա ակումբներին խնդրել է լուրջ ուշադրություն դարձնել դարպասապահների նախապատրաստությանը, որպեսզի Ռոման Բերեզովսկուն արժանի փոխարինողներ հայտնվեն: Ըստ Հայրապետյանի, հարկավոր է ամեն կերպ աջակցել ու ոգեւորել հավաքականի ֆուտբոլիստներին, որոնք պատրաստ են իրենց ողջ ուժերը ներդնել հաջողության հասնելու համար: Նա բերեց Հենրիխ Մխիթարյանի օրինակը, որը երկարատեւ չվերթով, երեք ինքնաթիռ փոխելով պետք է Կիպրոս ժամանի: Նախագահը գլխավոր մարզչին խնդրել էր նման պայմաններում այս անգամ Մխիթարյանին չհրավիրել հավաքական: Սակայն Մխիթարյանը զանգահարել ու խնդրել է, որ անպայման մասնակցի Վրաստանի հավաքականի հետ մրցախաղին: Ի դեպ, ՀՖՖ նախագահը ցուցում է տվել, որ Կիպրոսից կազմակերպվի Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման ուղիղ հեռարձակումը:
ՀՖՖ նախագահն իր մտահոգությունը հայտնեց «Արարատում» ստեղծված անորոշ իրավիճակի առիթով: Թիմի հովանավորները փաստորեն անուշադրության են մատնել «Արարատը», որը դեռեւս ուսումնամարզական հավաք չի անցկացրել: Նա նշեց, որ «Արարատը» բոլորի համար թանկ է եւ պետք է ստիպել հովանավորներին նորմալ աշխատել թիմի հաջողությունն ապահովելու համար: