Երեկ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի 2013-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդգրկվեց ընտրական 3-րդ խմբում, որտեղ մեր ֆուտբոլիստների մրցակիցներն են Չեխիայի, Ուելսի, Չեռնոգորիայի եւ Անդորրայի ընտրանիները:
Վիճակահանությամբ մասնակից 52 հավաքականները բաժանվեցին 10 խմբի: Դրանցից 2-ում ընդգրկվեցին 6-ական, 8-ումՙ 5-ական հավաքականներ: Եզրափակիչի 7 ուղեգրերի համար կպայքարեն 10 խմբերի հաղթողները եւ 2-րդ տեղ գրաված հավաքականներից լավագույն արդյունքի հասած 4 ընտրանիները, որոնք վիճակահանությամբ զույգեր կկազմեն ու անցումային խաղեր կանցկացնեն: 2013-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները տեղի կունենան Իսրայելում այդ տարվա հունիսին: Իսկ ընտրական մրցաշարի հանդիպումները կսկսվեն այս տարվա մարտի 25-ին:
Ինչպես հայտնի է, Հայաստանի երիտասարդական հավաքականն առայժմ մարզիչ չունի: Նախորդ ընտրական մրցաշարի ավարտից հետո երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, դանիացի Ֆլեմինգ Սերիցլեւը մեկնեց Հայաստանիցՙ ընդունելով հրավերն Իրանից: ՀՖՖ-ն ներկայումս բանակցում է մի քանի մարզիչների հետ: ՀՖՖ նախագահը խոստացել է վիճակահանությունից հետո դրական լուծում տալ գլխավոր մարզչի ընտրության հարցին: