«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2011-02-03 | #18, 2011-02-04 | #19, 2011-02-05


ԿԲ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԲԵՐԻ ԴՐԱՄԻ ՀԵՏԱԳԱ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ

Նախօրեին Կենտրոնական բանկի խորհրուդը որոշում է ընդունել փոփոխել բանկերի պարտադիր պահուստավորման նորմատիվները: Մասնավորապես, նշվում է, որ բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափից, որը կազմում է 12 տոկոս, այսուհետեւ 9 տոկոսը պետք է կատարվի հայկական դրամով, իսկ 3 տոկոսըՙ արտարժույթովՙ հիմնականում դոլարով, ինչպես նաեւ եվրոյով: ԿԲ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախկինում ներգրավված միջոցների դիմաց հայկական դրամով եւ արտարժույթով պահուստավորվում էին հավասարապես 6-ական տոկոսով:

Հիշեցնենք, որ անցյալ տարի, դոլարայնացման դեմ պայքարի շրջանակներում, ԿԲ-ն որոշեց 3 տոկոս դրամային պահուստավորման չափն ավելացնել 3 տոկոսով, իսկ 9 տոկոս արտարժութային չափըՙ նվազեցնել 3 տոկոսով: Այդպիսով, հավասարեցնելով դրամի եւ արտարժույթի պահուստավորման չափերըՙ հասցնելով դրանք 6-ական տոկոսի: Այժմ էլ, եւս 3-ական տոկոսով, համապատասխանաբար, ավելացվում են դրամի եւ նվազեցվում արտարժույթի պահուստավորման չափերը: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ փոփոխություններ կբերի այս որոշումը ֆինանսական շուկայում եւ ի՞նչ պետք է նկատի ունենան տնտեսվարողները եւ քաղաքացիները:

Կենտրոնական բանկը, ինչպես նշված է նրա հաղորդագրության մեջ, այս որոշմամբ շարունակում է պայքարել դոլարայնացման դեմ: Այն կբերի դրամի թանկացմանը, քանի որ բանկերը ստիպված են լինելու ազատվել արտարժույթից եւ ձեռք բերել դրամ: Թեեւ փոխարժեքը պայմանավորված է բազմաթիվ այլ գործոններից եւս, բայց այս որոշումը անխուսափելիորեն կնպաստի դրամի արժեւորմանը: Նույն երեւույթը դիտվեց նաեւ ԿԲ նախորդՙ անցյալ տարվա որոշումից հետո: Տարվա ընթացքում դրամը արժեւորվեց, ինչը որոշակիորեն զսպեց ճգնաժամին հաջորդած դոլարայնացման վերակենդանացած տենդը: Իսկ որ դոլարայնացումը լուրջ վտանգ է մեր տնտեսության համար, մեզ մշտապես զգուշացնում են նաեւ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ միջազգային այլ ֆինանսական կառույցների փորձագետները:

Միաժամանակ, քաղաքացիները հարկ է, որ իմանան, որ բանկերում գտնվող իրենց ավանդների տոկոսների վրա այս որոշումը ոչ մի ազդեցություն չի գործի: Այլ բան է, որ նոր ավանդներ ներգրավելիս բանկերն արդեն հաշվի կառնեն ԿԲ այս որոշումը եւ այլ տոկոսադրույքներ կառաջարկեն: Նույնը նաեւ տնտեսվարողները պետք է նկատի ունենան վարկերի առումով: Իսկ ընդհանրապես ենթադրելի է, որ բանկերը առաջիկայում կցանկանան ավելի լավ պայմաններ ստեղծել դրամային ավանդների եւ վարկերի համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4