«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2011-02-03 | #18, 2011-02-04 | #19, 2011-02-05


«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍՏԻՊՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԿԱՌՈՒՅՑ, ՈՒՐ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐ»

Կալիֆոռնիայում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությունը` սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը դարձնել երկպալատ` հնարավորություն ընձեռելով խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկելու նաեւ աշխարհասփյուռ հայությանը, ոգեւորել ու միաժամանակ մտահոգել է Հայաստանում եւ սփյուռքում ապրող բազմաթիվ հայերի:

Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը «Հայելի» ակումբում երեկ փաստում էր, որ դեռեւս 70-ականներից փորձ էր արվում միավորելու սփյուռքահայերին: Այդ կապակցությամբ կազմակերպվեցին համաժողովներ, ստեղծվեցին կազմակերպություններ, անգամ համահայկական բանկ ստեղծելու գաղափար էր առաջացել, սակայն դրանք տարբեր պատճառներով ձախողվեցին:

Ավետիքյանը փաստում է, որ նման առաջարկությամբ 2007-ին «Ազգ»-ում եւ «Գոլոս Արմենիի» թերթում հանդես է եկել Նիկոլայ Հովհաննիսյանը, 2009-ին` ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանը, անցյալ տարի նոյեմբերին էլ Լոս Անջելեսում տեղի ունեցած համաժողովի ժամանակ համասփյուռքյան կառույցի ստեղծման շուրջ խորհրդակցություններ տեղի ունեցան Հարութ Սասունյանի եւ համախոհների գլխավորությամբ:

Նրա գնահատմամբ, սփյուռքի 7 միլիոն հայության շահերը ներկայացնելու համար կազմակերպչական կառույց ստեղծելու հարցում ուշացել ենք: Ինչ վերաբերում է երկպալատ խորհրդարան հիմնելուն, Արմենական-ՌԱԿ-ի ատենապետը փաստում է. գաղափարը լավն է, սակայնՙ դեռեւս անմշակ, թեեւ կան նաեւ ուշադրության արժանի այլ գաղափարներ:

«Գաղափարը հում է, տեսակի, ձեւի, ընտրության, միջազգային իրավունքի առումով կան բազմաթիվ խնդիրներ: Անհրաժեշտություն կար մինչ հայտարարությամբ հանդես գալը սփյուռքահայ եւ հայաստանյան տարբեր շրջանակների հետ ներքին քննարկումներ կազմակերպել, ծրագիրը մշակել եւ միայն դրանից հետո հրապարակային քննարկման դնել»:

Հակոբ Ավետիքյանը հավելում է. ժամանակն ու պահանջներն են ստիպում ստեղծել ընդհանուր կառույց, ուր կքննարկվեն համահայկական շահեր: Այս ուղղությամբ անհրաժեշտ է լուրջ աշխատանք ծավալել, սակայն պետք է հաշվի առնել, որ սփյուռքը միատարր չէ, եւ խնդրի քննարկման ժամանակ կառաջանան բարդություններ:

Խնդրի մասին իր տեսակետները պարզեց նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նա ընդհանրապես դեմ էր գաղափարին. հրատապ բազմաթիվ այլ հարցեր ունենքՙ դրանք պետք է լուծենք նախ:

Սփյուռքահայ գործարար Վահան Զանոյանն էլ է ողջունում երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարը, սակայն մեջբերում է ԱՄՆ-ում հայտնի մի արտահայտություն. «Սատանան մանրամասնությունների մեջ է»:

Նրա համար անհասկանալի է մարմնի բուն առաքելությունը:

«Հայաստանը միայն հայաստանցու համար չէ, Հայաստանը ողջ հայության հայրենիքն է: Եվ այս մարմնի առաքելությունը պետք է լինի սփյուռքում առկա հարցերը Հայաստան բերել, ավելի ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապերը: Այս ուղղությամբ աշխատելու դեպքում մարմինը կհաջողի, բայց եթե քաղաքացին գա եւ մտնի տեղական օրենքների մեջ, ապա շատ հարցեր կառաջանան», ասաց գործարարը:

Զանոյանի գնահատմամբ, աշխարհի տարբեր երկրներում եղած հսկա ներուժը հայրենիք բերելով մեծ արդյունքների կհասնենք: Սփյուռքի հայերը կարող են առաջարկություններով հանդես գալ տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում եւ բարձրացնել բազմաթիվ հարցեր ու նպաստել պետության կայացման գործին:

«Սփյուռքում օրեցօր հայությունը մաշվում է: Այս գաղափարը նորություն է, ինչպես անցյալում եկեղեցին կապեց Հայաստանն ու Սփյուռքը, ցրված հայությանը, այս գաղափարն էլ կարելի է նույն կերպ զարգացնել: Մտածենք, թե ինչպես կարող ենք զարգացնել այս գաղափարը: Հրեաների օրինակով մենք էլ կազմակերպված գործենք ու այդպես էլ ավելի ուժեղացնենք մեր հայրենիքը»: Սա էլ հայտնի գործարար եւ բարերար Վահագն Հովնանյանի տեսակետն է:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4