Երեկ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն էր: 2005 թվականից Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ նշում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը: Աշխարհում ամեն տարի 12,7 միլիոն մարդու մեջ հայտնաբերվում է քաղցկեղ, իսկ ավելի քան 7,6 միլոն մարդ մահանում է այս հիվանդությունից: Մահվան դեպքերի 2/3-ը գրանցվում է միջին ու ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում: Ամեն տարի նույնիսկ ավելի շատ մարդ է մահանում քաղցկեղից, քան ՁԻԱՀ-ից, մալարիայից եւ տուբերկուլյոզից միասին վերցրած: «Հենարան» ակումբում երեկ ուռուցքաբան Գագիկ Բազիկյանը նշեց, որ հիվանդությունն այսօր երիտասարդացել է: Թեեւ քաղցկեղի առաջացման վերջնական պատճառը դեռ չի հայտնաբերվել, սակայն մասնագետները որոշ դեպքերում մի շարք պատճառներ ու նպաստող գործոններ առանձնացնում են: Գագիկ Բազիկյանի փոխանցմամբ` ծխախոտը, անորակ սնունդը, ալկոհոլային խմիչքները, վարակները, նաեւ ժառանգական գործոնը կարող են քաղցկեղի առաջացման պատճառներ դառնալ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եթե չկիրառվեն համապատասխան միջոցառումներ, ապա 2010-2015 թվականների ընթացքում աշխարհում քաղցկեղից կմահանա 84 միլիոն մարդ: Միլիոնավոր մահերից կարելի է խուսափել, եթե մարդիկ ժամանակին դիմեն բժշկի, եւ իրականացվեն վաղ հայտնաբերման, կանխարգելման ու բուժման աշխատանքները: Բժշկին դիմելու սովորությունը Հայաստանում ընդհանրապես ցածր մակարդակի վրա է: Նույնիսկ կան կանայք, որոնք երեխա ունենալուց հետո շուրջ 20-25 տարի չեն ստուգվում ու հետազոտվում:
Մյուս բանախոսը` ուռուցքաբան, գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը դիմեց հատկապես կանանց, որպեսզի ստուգվեն պարբերաբար. «Հարգեն իրենց օրգանիզմը»: Գագիկ Բազիկյանը նշեց, որ հիվանդացության ամենաշատ դեպքերը թոքի, այնուհետեւ կրծքագեղձի քաղցկեղից են: 2009-ին Հայաստանում քաղցկեղից մահացել է ավելի քան 5000 հոգի, եւ 2009-ի համեմատությամբ` հիվանդացությունն ավելացել է: Ուռուցքային հիվանդություններով տառապող մարդկանց մեծամասնությունը բուժվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ անցյալ տարի ընդունվել են ավելի քան 6200 հիվանդներ, եւ վիրահատվել 3000-ից ավելին: Քաղցկեղի դեմ բուժման մեթոդներից են վիրաբուժական միջամտությունը, դեղորայքային, քիմիաճառագայթային բուժումները: «Ընդհանրապես մեր հիվանդները ստանում են համալիր բուժում, որը տարբեր մեթոդներ է ներառում, քանի որ սա մի օրգանի հիվանդություն չէ», ասաց Գագիկ Բազիկյանը, ապա հավելեց. «Հիմնականում քաղցկեղային հիվանդություններն անցնում են նախաքաղցկեղային փուլով, ու եթե հայտնաբերենք հենց այդ փուլում, կունենանք բուժման 100-տոկոսանոց արդյունք»: Մասնագետներն ասում են, որ քաղցկեղը չունի առանձնահատուկ ախտանշաններ, նույնիսկ կարող է թաքնվել այլ հիվանդության տակ:
Ուշադիր վերաբերմունքն ու ժամանակին ստուգվելը կօգնեն նվազեցնելու մահացությունը: Ըստ հաշվարկների` քաղցկեղի պատճառով մահվան դեպքերի 1/3-ը հնարավոր է կրճատել կանխարգելման եւ եւս 1/3-ը` վաղ հայտնաբերման շնորհիվ:
Ի. Պ.