ԱՄՆ հայկական համայնքը շարունակելու է իր դժգոհությունն ու անհամաձայնությունն արտահայտել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակման առնչությամբ: Վերջինս բավականին վաղուց հավաքած ճամպրուկը վերջապես վերցրել ու արդեն փետրվարի 6-ին ժամանել է Ադրբեջան:
«The Washington Times»-ի կիրակնօրյա հրապարակման համաձայն, Ամերիկայի հայդատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը վստահեցնում է, որ Բրայզան ոչ օբյեկտիվ վերաբերմունք ունի Ադրբեջանի հանդեպ: «Հայերը եւս մեկ անգամ հիասթափվեցին նախագահ Օբամայից, որ հայ համայնքին տված իր ոչ մի խոստումը չկատարեց», ասել է Համբարյանը:
Չնայած Օբամայի կուսակցությունը ներկայացնող որոշ սենատորներ դեմ էին Բրայզայի թեկնածությանը, Օբաման, ըստ Համբարյանի, այդուամենայնիվ, նրան Ադրբեջանում դեսպան նշանակեց: Օբաման, չկարողանալով հաղթահարել Բրայզայի թեկնածության առնչությամբ սենատորներ Բոքսերի եւ Մենենդեսի կիրառած վետոները, հարցը որոշեց, երբ ամերիկյան օրենսդիր մարմինն արձակուրդում էր, ինչն էլ հնրարավորություն է տալիս ԱՄՆ նախագահին դեսպանների նշանակման հարցում որոշումներ կայացնել առանց Սենատի: Բրայզայի հետ նույն «ճակատագրին» էր արժանացել նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն:
Այդ ամենով հանդերձ, եւ չնայած Բրայզան արդեն ժամանել է Բաքու, նրա թեկնածության հաստատման հարցը դեռ փակված չէ: Համբարյանը հույս է հայտնել, թե Բրայզայի թեկնածության դեմ արտահայտված սենատորները կպահպանեն իրենց դիրքորոշումը եւ արդեն այս տարիՙ Կոնգրեսի հաջորդ նստաշրջանում չեն հաստատի նրա թեկնածությունը, եւ Բրայզան ստիպված կլինի թողնել դեսպանի պաշտոնը Բաքվում: Սպիտակ տունն, իր հերթին, չսպասելով Կոնգրեսի հերթական նիստին, արդեն իսկ Բրայզայի թեկնածությունը նորից ներկայացրել է հաստատման:
Թե ինչպես կվերաբերվեն դեսպանի թեկնածության հաստատմանը կոնգրեսականները, դեռեւս կպարզվի: Սակայն հանգամանքը, որ հարեւան «ոչ բարյացակամ» երկրում Միացյալ Նահանգները կարող է ներկայացնել Մեթյու Բրայզան իր ադրբեջանամետ հայացքներով ու դիրքորոշմամբ, բնավ էլ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության կամ կայունության չէ, որ վկայում է:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ