Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը երեկ աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է հասարակական տրանսպորտի կանգառներում կարգ ու կանոն հաստատելու խնդրին: Նա հավելել է, որ պետք է բացառել տրանսպորտային միջոցների կուտակումները: Քաղաքապետարանը ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել ու ճանապարհային տեսախցիկներ տեղադրելու համար առանձնացրել է 15 ծանրաբեռնված խաչմերուկ:
Անդրադառնալով ավտոկայանատեղերի գույքագրման աշխատանքների ընթացքին, Մարգարյանը նշել է, որ զուգահեռ ուսումնասիրվում են դրանց տարողունակությունը, կայանող տրանսպորտային միջոցներից գանձվող գումարների ընդհանուր չափն ու իրավական հիմքը:
Փոխքաղաքապետը խիստ կարեւոր է համարել կայանատեղիների գործարկումը օրինական դաշտ բերելու փաստը:
«Այն ավտոկայանատեղիները, որոնք չունեն պայմանագրեր վարչական շրջանների հետ, արգելվելու են: Եթե կան ավտոկայանատեղիներ, ուրեմն պետք է լինեն պայմանագրեր», նշել է նա:
Հ. Հ.