«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2011-02-04 | #19, 2011-02-05 | #20, 2011-02-08


ՇԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ

«Ինչ էլ ասեն Քիմ Քարդաշյանի եւ նրա մյուս քույրերի մասին, միեւնույնն է, ինձ համար Շերը եղել ու մնում է իմ «երազների աղջիկը», գրում է Թոմ Վարդապետյանը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 15-ի համարում: Նա հատկապես անդրադառնում է Շերի հայկականությանն առնչվող հատկանիշներին: Ստորեւՙ թարգմանաբար այդ հոդվածը որոշ հապավումներով:

Ուղղակի հմայված եմ նրա տաղանդով եւ գեղեցկությամբ: Նաեւ տոկունությամբ: Կարողանալ դիմանալ այսքան երկար ժամանակ Հոլիվուդի եւ Լաս Վեգասի նման վայրերում եւ 64 տարեկանում դեռեւս հարատեւելՙ հեշտ գործ չէ: Դա պահանջում է շպարվել, գրիմավորվել, բայց նաեւ առավել կրքոտությամբ ու նվիրումով մոտենալ կատարածդ աշխատանքին: Նա շարունակում է մնալ առաջնակարգ դերասանուհի, իսկական ամերիկահայ կուռք:

Այդ իսկ պատճառով ես նրա թեկնածությունն եմ պաշտպանելու «Օսկարի» առաջիկա մրցանակաբաշխության ժամանակ: Եթե «Ֆարս» («Բուռլեսկ») ֆիլմում նրա դերակատարությունը չառաջադրվի թեկնածուների թվում, ես դադարեցնելու եմ «Հոլիվուդ Մեգըզինի» իմ բաժանորդագրությունը եւ հետաքննություն եմ պահանջելու: Նրա դերակատարումըՙ որպես գիշերային ակումբի սեփականատիրուհու, ուղղակի ցնցող էր ու անթերի:

Նախապես հիացել էի նրա օսկարակիր «Լուսնոտը» ֆիլմով, նաեւ մյուս ֆիլմերովՙ «Իսթվիկի վհուկները», «Թեյ Մուսոլինիի հետ», «Դիմակ» եւ այլն: «Ֆարս» ֆիլմում նա նույնքան հմայիչ է: Ահա թե ինչ է գրում քննադատներից մեկը այդ մյուզիքլի մասին. «Աստղ դառնալը երկար փորձառության արդյունք է: Առանց Շերի «Բուռլեսկ» ֆիլմը հաջողության չէր հասնի»:

Նրա երաժշտական կարիերան նույնքան հարուստ է ու հրապուրիչ: Ցարդ վաճառել է ավելի քան հարյուր միլիոն ձայնասկավառակներ: Համերգային շրջագայությունները դեռեւս մեծ պահանջարկ ունեն: 1985-ին, երբ դեռ բարետես լրագրող էի եւ աշխատում է «Հեյվրհիլ գազեթի» խմբագրությունում, լուր ստացանք, որ Հարվարդ համալսարանում որպես «Տարվա լավագույն դերասանուհու» Շերին շնորհելու են «Hasty Pudding» մրցանակը: Անմիջապես խնդրեցի խմբագրին, որ ինձ գործուղի Քեմբրիջՙ մեկնաբանելու իրադարձությունը, եւ նրա դեմքին տատանումներ տեսնելով, ավելացրի, որ «նա իմ ընկերներից մեկն է, ու անձնական կյանքի մանրամասնություններով մեր թերթը կկարողանա առաջ անցնել Բոստոնի բոլոր մյուս թերթերից»:

Իրականությունից շատ հեռու չէր իմ ասածը, քանի որ բոլոր հայերն էլ ինչ-որ տեղ իրար մոտիկ են, ազգակից, բարեկամՙ էթնիկական առումով: Եվ իմ այդ առաջին հանդիպումը նրա հետ իսկական «բացահայտում» դարձավ:

Ինչպես միշտՙ իր թովիչ արտաքինով, նա նստած էր «Մերսեդես» ավտոմեքենայի հետեւի նստարանին եւ ձեռքով թափահարում էր իրեն ճանապարհ դնող ամբոխին: Նա ինձ նկատեց, երբ տեղ հասանք, եւ ես նրա մամուլի ներկայացուցչից թույլտվություն խնդրեցի հանդիպել նրան:

«Ինչպե՞ս ես», հարցի նրան հայերեն:

Շերն ինձ ցնցեց իր գերազանց հայերենի իմացությամբՙ հավանաբար հորից ստացած ժառանգությամբ: Ջոն Սարգիսյանը բեռնատարների վարող, թղթախաղերի մոլին դարձած եւ բանտում նստած անձնավորություն էր եղել, բոլորովին ոչ այն ծնողը, որը երիտասարդ աղջկան պետք է դաստիարակեր: Շուտով ուրիշ հայեր միացան մեզ, եւ Շերը ոչ մեկիս հուսախաբ չարեց հայկական մշակույթի եւ ժառանգության իր գիտելիքներով: Նկատելի էր հպարտությունը նրա դեմքի վրա: Մյուս լրագրողներըՙ իմ մրցակիցները, նախանձում էին եւ հարցնումՙ «Այդ ի՞նչ լեզվով ես խոսում»: «Է՜յ, մտածեցի, եթե հայ լինեիք, ավելի խոր կհասկանայիք նրան»:

Թերթում իմ տպագրած նյութը հավասարը չուներ: Նրա հայկականությունը սահմաններ չունի: Նա հասնում է բոլորին, իր հայ ազգակիցներին: Եվ այսօր էլ բոլոր օտարներին, որպես ինքնատիպ հայի օրինակ, ես տալիս եմ Շերիլին Սարգիսյանի անունը:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4