Ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնարար սկզբունքների հիմքով շրջանակային համաձայնագրին հասնելու բանակցություններում առաջընթացի բացակայությունը մեծացնում է պատահական պատերազմի հավանականությունը որեւէ պահի կամ հարձակումը Ադրբեջանի կողմից հաջորդ մի քանի տարիների ընթացքում: Այսպիսին է Միջազգային ճգնաժամային խմբի` ԼՂ հարցով հերթական զեկույցի եզրակացությունը, որ հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքէջում:
«Ստատուս քվոն անընդունելի է Բաքվի համար, եւ ճնշում է գործադրվում կառավարության վրա` գործելու: Նրանց համապատասխան ռազմական հնարավորությունները, աշխարհագրությունը, տակտիկական դիտարկումները ցույց են տալիս, որ կողմերից եւ ոչ մեկը չի կարող հեշտ ու արագ հաղթել պատերազմում: Ավելի շուտ, ճակատամարտը ինտենսիվ կլինի եւ երկարաձիգ, կազդի մեծ տարածքներում` վտանգելով քաղաքացիական բնակչությանը եւ ոչնչացնելով ծայրահեղ կարեւորություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքները», եզրակացրել է ՄՃԽ-ն:
Տարածաշրջանում Ադրբեջանի` սպառազինությունների առումով հսկայական ծախսերը, ըստ զեկույցի, ավելի են վատթարացնում իրավիճակը:
Ամեն դեպքում, եզրակացության մեջ առանձնակի նորություններ չկան, թերեւս հատկանշական է այն, թե, ըստ հրապարակման, «պետք է այժմեականություն հաղորդել Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Անկարայում տեղի ունեցող քննարկումներին»: Թե ինչու է հատկապես Միջազգային ճգնաժամային խումբը կարեւորել քննարկումները այս կենտրոններում, թերեւս հասկանալի է, սակայն թե ինչպես պիտի այդ քննարկումներին այժմեականություն հաղորդվի` չի նշվում:
Ա. Հ.