Կիպրացի թուրքերիՙ Թուրքիային հասցեագրած այս ցուցապաստառը շարունակում է զայրացնել վարչապետ Էրդողանին
Եգիպտոսում տեղի ունեցող քաղաքական զարգացումները կարեւոր նշանակություն ունեն տարածաշրջանի համար: Թվում էր, թե տարածաշրջանային գերտերության հավակնություն ունեցող Թուրքիան, ելնելով այս հանգամանքից, ողջ ուշադրությունը կկենտրոնացնի այս զարգացումների վրա: Սակայն հունվարի 28-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի թուրքական հատվածում «Արհմիությունների պլատֆորմի» կազմակերպած հանրահավաքը, որի մասնակիցները հայհոյանքներով դատապարտել եւ նսեմացրել են Թուքիային, գերազանցեց բոլոր ենթադրությունները:
Այսպիսով հանրահավաքը, ինչպես տեղեկացրել ենք երեկվա համարում, վարչապետ Էրդողանի ցուցարարներին եւ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ինքնակոչ նախագահ Դերվիշ Էրօղլուին հասցեագրած սուր արտահայտություններով մտավ պաշտոնական Անկարայի օրակարգ: Ըստ երեւույթին այս հարցը դեռ որոշ ժամանակ կմնա օրակարգում, քանի որ կիպրացի թուրքերի բարձրացրած ցուցապաստառները վիրավորել են Թուրքիայի վարչապետին, իսկ Էրդողանի «Թուրքիայից կերակրվողներից այս արարքը հետին նպատակ է հետապնդում» խոսքերից վիրավորվել են կիպրացի թուրքերը:
Թերեւս այդ առումով պատահական չէ, որ երեկվա համարում «Թարաֆ» թերթը գրել էր. «Կիպրոսում չեն հանդարտվում բորբոքված կրքերը»: Ինչպես երեւում է փոխադարձ վիրավորանքի պարագայում խնդիրը սոսկ կիպրացի թուրքերի ցուցապաստառները չեն, ոչ էլ դրանց Թուրքիայի վարչապետի արձագանքը, այլ այն հակասությունը, որը գոյություն ունի Էրդողանի կառավարության եւ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ինքնակոչ նախագահ Էրօղլուի վարչակազմի միջեւ:
Ահա թե ինչու նախորդ օրվա ասուլիսում վարչապետ էրդողանը Թուրքիայի համար վիրավորական ցուցապաստառներ կրող ցուցարարների նկատմամբ դրսեւորած հանդուրժողականության պատճառով խիստ քննադատել էր Էրօղլուին, իսկ վերջինի նախորդ Մեհմեդ Ալի Թալաթի Թուրքական հանրապետական կուսակցությունը հրապարակավ, այդ թվումՙ խորհրդարանում, հայտարարել էր, որ այս ամենի համար պատասխանատու է Էրօղլուն:
Եթե իսկապես բարձրացված ցուցապաստառների համար Էրօղլուն է պատասխանատու, ապա հանրաքվեի մասնակիցները ցուցապաստառներով Թուրքիայի քողի տակ իրականում վիրավորվել են վարչահետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը: Դա, ըստ ամենայնի, արվել է Եվրոմիության պահանջներին «տուրք տալով» Կիպրոսի հարցի լուծմանը ձեռնամուխ լինելու համար, որովհետեւ Էրօղլուն Ռաուֆ Դենքթաշի արժանի իրավահաջորդն է, իսկ վերջինը, որի անունը շոշափվում էր «Էրգենեքոնի» գործով, պաշտոնավարման տարիներին ամեն կերպ վիժեցնում էր հունական կողմի հետ բանակցությունները, որպեսզի հիմնահարցի չկարգավորվածության պայմաններում ստեղծվի Կիպրոսի հյուսիսային հատվածը Թուրքիային կցելու հնարավորություն:
Համենայն դեպս, փետրվարի 7-ին «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կենտրոնական վարչության շենքում վարչապետ Էրդողանը հանդիպել է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախորդ նախագահ Թալաթին: Դռնփակ այս հանդիպումը տեւել է 1 ժամ 45 րոպե, ավարտին որեւէ հայտարարություն չի արվել: Պարզապես քաղաքական դիտորդները հանգել են այն եզրակացության, թե խարխլվում է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» գործող նախագահ Էրօղլուի աթոռը:
Թալաթի պահանջով տեղի ունեցած այս հանդիպումից հետո վարչապետ Էրդողանը ելույթ է ունեցել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության խմբակցության նիստում եւ վերստին անդրադարձել է հանրահավաքում կիպրացի թուրքերի Թուրքիայի դեմ բարձրացրածՙ «Ձեռքերդ հեռու Կիպրոսից», «Մենք ազատագրվե՞լ ենք, թե՞...» մակագրությամբ ցուցապաստառներին:
Նա թուրքական կենտրոնական թերթերիՙ «Հյուրիեթի», Թարաֆի»եւ «Թաքվիմի» վկայությամբ ասել է. «Վերջերս Հյուսիսային Կիպրոսում բարձրացվեց մի ցուցապաստառ, որը Թուրքիային անարգում եւ հայհոյում է: Դրանով դրսեւորվեց Կիպրոսի տրամաբանությանն ու պայքարի ոգուն հակասող անընդունելի մոտեցում: Ի՞նչ է նշանակում «Ձեռքերդ հեռու այստեղից»: Բարձրացված ցուցապաստառը ջուր է լցնում Հարավային Կիպրոսի ջրաղացին: Հյուսիսային Կիպրոսը երբեւէ այդքան նյութական եւ քաղաքական աջակցություն չի ստացել, որքան վերջին 8 տարիներին նրան ցուցաբերել են «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունները: Թող ոչ ոք չշահարկի Կիպրոսի հարցը: Դա ազգային խնդիր է, եւ մենք ամենայն բծախնդրությամբ շարունակելու ենք դրա կարգավորման ջանքերը»:
Հատկանշական է, որ Թուրքիայի վարչապետը ելույթում չի օգտագործում «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն» արտահայտությունը, նախընտրելով դա փոխարինել Հյուսիսային Կիպրոս արտահայտությամբ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ