«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2011-02-05 | #20, 2011-02-08 | #21, 2011-02-09


ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԼՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏՈՒՄ

Հունվարի 28-ի համարում «Ազգը» «Դինքի սպանության գործըՙ նախագահ Գյուլի հսկողության տակ» վերնագրով տեղեկացրել էր, որ Թուրքիայի նախագահը Ստրասբուրգում պատրաստակամություն է հայտնել հետաքրքրվելու Հրանտ Դինքի սպանության գործով եւ այդ գործը հանձնելու իր անմիջական ենթակայության տակ գտնվող պետական վերահսկիչ խորհրդի տնօրինությանը:

Հիրավի, վերադառնալով Թուրքիա Աբդուլլահ Գյուլը տեր է կանգնել խոստումին: Ըստ երեւույթին հենց դրա համար էլ փետրվարի 7-ին Դինքի սպանության գործով դատական 16-րդ նիստում տեղի է ունեցել կարեւոր զարգացում: Դատախազը, ինչպես նշում է թուրքական հանրային հեռուստատեսությունը, ընդունել է 30 վարչական աշխատողների դեմ, որոնց թվում են Ստամբուլի նախկին նահանգապետ Գյուլերը, քաղաքի անվտանգության վարչության նախկին պետ Ջերահը եւ Տրապիզոնի ժանդարմերիայի կայազորի նախկին հրամանատար, գնդապետ Օզը, քրեական գործ հարուցելու Դինքի ընտանիքի դատապաշտպանների մինչ այդ մի քանի անգամ մերժված պահանջը:

Վարչական այս աշխատողների դեմ քրեական գործ հարուցելու կամ սպանությանը նրանց մասնակցությունը հետաքննելու համար անհրաժեշտ է Թուրքիայի ներքին գործերի նախարարության թույլտվությունը: Դատախազ Չավուշօղլուն դա կստանա՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց որ դատապաշտպանների քրեական գործ հարուցելու դիմումի ընդունումն անգամ սպանության կազմակերպիչների հետագա բացահայտման առումով լուրջ զարգացում է, կասկած չի հարուցում:

Հիշեցման կարգով նշենք, որ Դինքի սպանության գործով մեղադրվում է 19 մարդ, որոնցից կալանված են 2-ը միայնՙ Էրհան Թունջելն ու Յասին Հալալը: Ինչ վերաբերում է մարդասպան Օգյուն Սամաստին, ապա սրա գործը դատական նախորդ նիստում փոխանցվել էր անչափահասների դատարան, թերեւս դրանով էլ հանվել էր կալանքի որպես խափանման միջոց կիրառումն այս ստահակի նկատմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4