Եթե չիրականացվեն ոլորտի արդյունավետությունը բարձրացնող միջոցառումներ
2010-ին Հայաստանի արդյունաբերության արձանագրած գրեթե 10- տոկոսանոց աճի մեջ գերակշիռ դեր ունի հանքարդյունաբերությունը: Դա բացատրվում է մի շարք հանգամանքներով, որոնցից հիմնականը միջազգային շուկայում մետաղների գների կտրուկ բարձրացումն է: Դրանք անցյալ տարի գերազանցեցին նախաճգնաժամային գներին: Հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ 2009-ին Հայաստանի կառավարությունը շուրջ 40 մլն դոլարի վարկ տրամադրեց հանքարդյունաբերական 4 խոշոր ընկերություններին, ինչը հնարավորություն տվեց նրանց պահպանել արտադրական ծավալները եւ որոշակի վերազինում անցկացնել: Այսինքն, այդ վարկի շնորհիվ մեր հանքարդյունաբերությունը հաղթահարեց ճգնաժամը: Նկատի ունենալով, որ հանքարդյունաբերական կոմբինատները գտնվում են մայրաքաղաքից դուրս, նրանց գործունեությունը, բացի զուտ տնտեսականից, նաեւ սոցիալական նշանակություն ունի, քանի որ հազարավոր աշխատատեղեր են ապահովում մարզերում:
Բնականաբար, հարց է առաջանում, թե բացի կոմբինատների սեփականատեր ընկերություններից եւ այդտեղ աշխատողներից, ի՞նչ է ստանում պետական բյուջեն հանքարդյունաբերության գործունեությունից: Այս առումով հետաքրքրական են 2010-ի արդյունքներով հանքարդյունաբերությունն ու մետաղամշակումը ներկայացնող ընկերությունների վճարած հարկերի մեծությունների մասին տեղեկությունները:
Հայաստանի հանքարդյունաբերության առաջատար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը մինչ ճգնաժամը մի քանի տարի շարունակ թիվ 1 խոշոր հարկատուն էր, 2010-ին երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 5-րդ տեղըՙ 12,6 մլրդ դրամ վճարած հարկերով: Այս ցուցանիշը գերազանցում է ընկերության 2009-ի ցուցանիշը կրկնակի, երբ վճարվել էր 6,3 մլրդ դրամ, զբաղեցնելով 8-րդ տեղը: Կապանի կոմբինատըՙ «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ն անցած տարի 2,7 մլրդ դրամ վճարած հարկերով 21-րդ տեղում էրՙ 2009-ի 1,5 մլրդ դրամի եւ 42-րդ տեղի փոխարեն: Ալավերդու կոմբինատըՙ «Արմենիան քափր փրոգրամ»-ը 2010-ին վճարել է 1,8 մլրդ դրամ, զբաղեցնելով 41-րդ տեղը: 2009-ին այս ընկերությունը վճարել էր ընդամենը 372 մլն դրամ հարկեր եւ 176-րդ տեղում էր: Հաջորդՙ 42-րդը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն» է 1,7 մլրդ դրամով, այն դեպքում, երբ 2009-ին 83-րդ տեղում էր 723 մլն դրամ վճարած հարկերով: Ի տարբերություն վերոնշյալ ընկերությունների, 2009-ի համեմատ գրեթե անփոփոխ են «Գեո պրո մայնինգի» վճարած հարկերըՙ 976 մլն դրամ 67-րդ տեղ, 2009-ի 953 մլն դրամի եւ 63-րդ տեղի դիմաց: Մոլիբդենի մշակմամբ եւ ֆերոմոլիբդենի արտահանմամբ զբաղվող «Մաքուր երկաթի գործարանը» այս տարի վճարել է 855 մլն դրամ եւ զբաղեցնում է 81-րդ տեղը: Այս ընկերության վճարած հարկերը 2009-ի համեմատՙ 1,7 մլրդ դրամ եւ 61-րդ տեղ, նվազել են: Որոշ չափով ավելացել են Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի վճարած հարկերըՙ 383 մլն դրամ 2009-ի 310 մլն դրամի դիմաց:
Ինչպես երեւում է, հանքարդյունաբերության ոլորտի որոշ խոշոր ընկերությունների վճարած հարկերն ավելացել են կրկնակի եւ անգամ եռակի: Կան նաեւ այնպիսիք, որոնց հարկային վճարները կամ մնացել են անփոփոխ կամ նվազել են: Ընդհանուր առմամբ, ակնառու է, որ ոլորտից հարկային մուտքերն էապես ավելացել են: Սակայն արդյոք սա բավարա՞ր է ասելու, որ երկրի բնական հարստություններից երկիրն ու բնակչությունը համարժեք եկամուտներ են ստանում: Թերեւս ոչ: Պատահական չէ, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակվում է «Ընդերքի մասին» նոր օրենքի նախագիծը:
Հանքարդյունաբերության ոլորտում, Համաշխարհային բանկի մասնագետների հավաստմամբ, շատ մեղմ հարկային դաշտ է գործում, որը պետությանը չի բերում համարժեք եկամուտներ: Անհրաժեշտություն կար հարկային բեռը ավելացնելու, որպեսզի պետությունը ստանա լրացուցիչ եկամուտներՙ մետաղների միջազգային գների բարձրացմանը համարժեք: Խոսքը բնապահպանական վճարների չափերում փոփոխություններ կատարելուն է վերաբերում: Համաձայն այդ փոփոխությունների, նախատեսվում է սանդղակ ընդունել բնապահպանական վճարների համար, որը մետաղների միջազգային գներին համարժեք պետք է փոփոխվիՙ ավելանա կամ նվազի:
Միաժամանակ, ՀԲ մասնագետներն առաջարկում են հստակեցնել հանքերի շահագործման լիցենզավորման կարգըՙ ներդրողների համար այս ոլորտն առավել գրավիչ դարձնելու համար: Գուցե սա նպաստի՞ երկրի ներսում հանքարդյունաբերությունից վերջնական արդյունք ստանալուն: Ներկայումս, թեեւ միջազգային շուկայում բարենպաստ իրավիճակ է այս ոլորտի համար, բայց Հայաստանից շարունակվում է արտահանվել մետաղների որոշակի պարունակությամբ հանքաքարՙ մասնավորապես պղնձի դեպքում: Եթե մոլիբդենն անցնում է որոշակի մշակման փուլ եւ արտահանվում է որպես ավելի թանկ գին ունեցող ֆերոմոլիբդեն, ապա պղնձի դեպքում այդպես չէ: Ինչպես նշել ենք բազմիցս, անհրաժեշտ է Հայաստանում պղնձաձուլարան կառուցել: Դա պետք է տնտեսապես շահավետ լինի, ինչի համար էլ հարկ է, որ արդյունահանվող պղնձի ծավալները մեծ լինեն: Եթե նոր օրենքը բարձրացնի ոլորտի գրավչությունը ներդնողների համար եւ ավելանան հանքադյունահանման ծավալները, ապա դա նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման եւ դրանից հետո արդեն մետաղներ ու մասնավորապես պղինձ պարունակող ապրանքների արտադրությունների զարգացման համար:
Մի խոսքով, դատելով խոշոր հարկատուների ցանկում հանքարդյունաբերական ընկերությունների գրաված դիրքերից եւ վճարած գումարներից, այս ոլորտը ներկա պահին գործում է ու զարգանում: Սակայն այդ զարգացումը երկարատեւ ու կայուն չի լինի, եթե չիրականացվեն ոլորտի արդյունավետությունը բարձրացնելուն կոչված միջոցառումները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ