Երբ մշակույթը հուսալի ձեռքերում է...
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ Վրաստանում իշխանական ղեկը նվաճեցին ազգայնամոլները, ջավախահայությունը հայտնվեց դաժան փորձությունների շեմին: Մինչդեռ, ազգային զարթոնքի ֆոնի վրա հայտնվեցին ազնիվ հայորդիներ, ովքեր ոչ միայն թույլ չտվեցին, որպեսզի ջավախահայությունը նույնպես ներքաշվի ազգամիջյան բախումների եւ հակամարտությունների հորձանուտում, նաեւ հոգ տարան փրկելու մշակութային, կրթական, հոգեւոր այն բոլոր նվաճումները, ինչ ձեռք էր բերվել տասնյակ տարիների ընթացքում: Նման բարեմասնություններով էր օժտված Ալիկ Քսպոյանը, որ անտեսելով համընդհանուր քաոսը, ազգաբնակչության անհուսալի վիճակը, ոչ միայն տեր կանգնեց մշակույթին, այլեւ դրա զարգացման ու տարածման համար լուսավոր ուղիներ կանխորոշեց: Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի միջնակարգի դպրոցի առաջին շրջանավարտներից էր, երբ նրանց ընտանիքը մշտական բնակություն հաստատելու միտումով տեղափոխվեց Ախալքալաք: Դա 1986 թվականն էր: Երկու տարի անց, ճակատագիրը նրան «նետեց» հեռավոր Բլագովեշչենսկ (Ռուսաստան):
...Համարձակ քայլերը պատնեշների չհանդիպեցին, երբ բախեց հիշյալ քաղաքի պատմության ինստիտուտի դուռը: Հիմա կասեք` Ջավախքի Ջիգրաշենը ուր, Բլագովեշչենսկը` ուր: Ինստիտուտը հյուրընկալորեն իր գիրկն առավ ջավախքցի ուսումնատենչ պատանուն, որ զուգահեռաբար հաճախեց Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Վլադիմիր Բաբերեժսկու օպերային ստուդիա:
1974թ. ավարտելով ինստիտուտը, եւ միաժամանակ խորացնելով ընկալումները երգարվեստի բնագավառում, նրան տեղում աշխատելու եւ «առաջ գնալու» հնարավորություններ ընձեռվեցին, մինչդեռ Ջավախքը կանչում էր: Հայրենի բնօրրանի կարոտը նրան հանգիստ չէր տալիս:
...Վերադառնալով Ախալքալաք, Ալիկ Քսպոյանը աշխատանքի է անցնում գրքասերների ընկերությունում, ակտիվ մասնակցություն ցուցաբերելով տարբեր գեղարվեստական խմբերի կազմավորման գործընթացներին: 1989թվականից Ալիկ Քսպոյանը շրջանի մշակույթի տան տնօրենն է, որը այժմ կոչվում է Ախալքալակի մունիցիպալիտետի ակումբների միություն: Այսօր մշակութի տան հարկի ներքո գործում է ժողովրդական թատրոն, տիկնիկային թատրոն, երգի-պարի, ժողգործիքների, «Ջավախք» ազգագրական երգի-պարի համույթներ, աշուղական երգչախումբ, եւ վերջապես` աշուղական դպրոց: Ի դեպ, այս վերջինը գործում է 2007 թվականից եւ հայ իրականության մեջ երկրորդն է Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ Երեւանում գործող Ջիվանու անվան աշուղական դպրոցից հետո: Աշուղական դպրոցում այսօր ընդգրկված են երեք տասնյակ սաներ, որոնցից ամենափոքրը 6, իսկ ամենամեծը... 35 տարեկան է: Այսինքն, տարիքային առումով սահմանափակում չի նախատեսված: Այստեղ սաները ուսանում են երեք տարի, եւ ստանում համապատասխան վկայականներ: Նրանք սովորում են աշուղական տաղաչափություն, աշուղական արվեստի պատմություն, բեմական մշակույթ, ձայնի մշակում եւ այլն: «Միջոցների սղության պատճառով, միշտ չէ, որ կարողանում ենք արտերկիր դուրս գալ, -պատմում է Ա. Քսպոյանը: - Հրավերներ շատ ենք ստանում: Ասեմ, որ վերջին տաս տարվա ընթացքում «Ջավախք» ազգագրական երգի-պարի (այն հիմնադրվեց 2000թ.) խումբը համերգային շրջագայություններ է ունեցել (նաեւ մրցույթ-փառատոների մասնակցել) Հունգարիայում,Սլովենիայում, ՌԴ-ի տասնյակ քաղաքներում, էլ չեմ ասում վրաստանյան եւ հայաստանյան հյուրախաղերի մասին: Եվ ամենուր ներկայացրել ենք հատկապես ջավախքյան երգն ու պարը»:
Ի դեպ, 2008 թ. Ա. Քսպոյանի ջանքերով ստեղծված մանկական թատրոնը այդ նույն տարի Երեւանում մասնակցեց «Նռան հատիկ» փառատոնին:
Ալիկ Քսպոյանը Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ է, պարգեւատրվել է Վրաստանի, Հայաստանի, ՌԴ-ի շուրջ երկու տասնյակից ավելի մեդալներով: 2003 թվականին Հայհամերգի եւ Հայաստանի Արվեստի միջազգային կենտրոնի կողմից նրան շնորհվեց «Արվեստի նվիրյալի» կոչում:
Սա դեռ ամբողջը չէ: 2006 թվականին Երեւանում հանդիսավոր պայմաններում Ալիկ Քսպոյանին շնորհվեց աշուղի կոչում` ստանալով Աշուղ Ալիք Ջավախք անունը: Այս վեհ կոչմանը նա արժանի է, որովհետեւ 100-ից ավելի եերգերի հեղինակ է, թողարկել է մեկ տեսաերիզ, մեկ աշուղական երգարան:
Նրա գործունեության հիմնական լեյտմոտիվը մեծն Ջիվանու աշուղական արվեստի ավանդույթների զարգացումն ու տարածումն է, ջավախքյան բանահյուսության, ազգագրության բառ ու բանի, երգ ու տաղի պահպանումը:
ՌԱԶՄԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ