Շուտով հայաստանցին էլ կհայտնվի Կարմիր գրքում
Նոր հրատարակված Հայաստանի Կարմիր գրքում աճել են անհետացման վտանգի տակ հայտնված կենդանիների եւ բույսերի տեսակները: Գրանցվել են ողնաշարավոր կենդանիների արդեն անհետացած տեսակներ:
Սեւանա լճի իշխան ձկան երկու ենթատեսակ իսպառ վերացել են: Ցավոք, դրանց վերարտադրանքի որեւէ հնարավորություն չկա: Վտանգված են հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, հովազը:
Եթե նախորդ տարի Կարմիր գրքում ընդհանուր առմամբ 367 տեսակ էր ընդգրկված, ապա նոր գրքում ընդգրկվածների թիվը գերազանցում է 450-ը: Ի տարբերություն նախորդ գրքի, այս տարվա Կարմիր գրքում ներառվել են նաեւ սնկեր:
Ոչնչացման եզրին է հայտնվել 40 տեսակի սունկ: Նախորդ տարվա համեմատությամբ բարձրացել է ողնաշարավոր կենդանիների ոչնչացման վտանգը: 2009-ին Կարմիր գրքում ընդգրկվել էր 99 տեսակի ողնաշարավոր կենդանի, 2010-ին` 153 տեսակի ողնաշարավոր եւ 155 տեսակ անողնաշարավոր:
Չափազանց բարձր ռիսկի տակ են գտնվում 143 տեսակի բույս եւ կենդանի: Վտանգված տեսակները` 249 են, խոցելի, անհետացման բարձր ռիսկի գոտում հայտնվել է 60 տեսակ: Կենսաբազմազանության տեսակետից Հայաստանն աշխարհի կենտրոններից է: Օրինակ, Էնդեմիկ տեսակներ կան, որոնք միայն Հայաստանն ունի: Եթե վերացանՙ աշխարհը կկորցնի այդ տեսակները:
Բնապահպան Կարինե Դանիելյանը նշում է, որ եթե այսպես շարունակվի, ապա Կարմիր գրքում կընդգրկվի նաեւ Հայաստանում ապրող մարդը:
«Մենք մեզ չենք վերարտադրում, միգրացիան շարունակվում է: Բնակչությունը ծերանում է եւ մարում»:
Բնապահպանի բնութագրմամբ, Հայաստանը վերածվել է հումքային կցորդ երկրի, արտահանման հիմնական կազմը ընդերքի օգտագործումից է առաջանում, ընդ որում` բաց ընդերքի:
Դանիելյանը որպես օրինակ ներկայացնում է Թեղուտում անտառային տարածքի բաց օգտագործումը, ինչն ամենամեծ հարվածն է բնությանը: Բացի դրանիցՙ Հայաստանում լայն թափով զարգանում է շինարարությունը, անհետանում են կանաչ տարածքները:
Դանիելյանը փաստում է` Կարմիր գրքի հաստափոր դառնալուն առաջին հերթին նպաստում է այն փաստը, որ օրենքը չի պահպանվում ու անընդհատ խախտվում է:
«Եթե բարձրաստիճան պաշտոնյային որեւէ գեղեցիկ հատված է դուր գալիս պահպանվող տարածքում, ապա ներքին կարգով տարածքը նրան է տրամադրվումՙ այնտեղ ռեստորան կամ հյուրանոց կառուցելու համար», նշում է բնապահպանը: Խոսրովի արգելոցի Գիլան արգելավայրը այս խոսքերի ամենացայտուն ապացույցն է: Անցյալ տարի «Ազգ»-ը բազմիցս անդրադարձել է խնդրին: Կառավարության որոշմամբ արգելոցից արգելավայրի վերածված Գիլանում բազմաթիվ ծառեր էին հատվել, նախատեսվում էր այնտեղ ռեստորան եւ հյուրանոց, մատաղ անելու վայր կառուցել: Դրվել էին արհեստական լիճ կառուցելու հիմքերը:
Բնապահպանների ու մամուլի բարձրացրած բողոքի ու դժգոհության արդյունքում շինարարությունը դադարեցվեց, սակայն իրավական առումով Խոսրովի արգելոցը շարունակում է վտագավոր գոտում մնալ, որովհետեւ Գիլանը չի վերանվանվել արգելոց: Արգելավայրի պարագայում թույլատրվում է այնտեղ շինարարություն իրականացնել:
Բնապահպանի գնահատմամբ, Կարմիր գրքի հրապարակմամբ բնապահպանության նախարարությունն իր աշխատանքն է կատարել: Սակայն նախարարության գլխավոր պարտականություններից է հսկել կենսաբազմազանության պահպանությունը, որպեսզի կարմիր գրքերը ոչ թե հաստանան, այլ բարակեն: «Շուտով կզարմանանք ու հարց կտանք, թե ինչու քաղցկեղ հիվանդության դեպքերը շատացան, կամ ինչու աննորմալ, միքանիգլխանի ծնունդների թիվն աճեց: Այս ամենը թելերով կապված է», եզրափակեց բնապահպանը:
Հ. Հ.