Ժամը 17-ին Հայաստան-Վրաստան խաղը Հ1-ի ուղիղ եթերում
Այսօր ՖԻՖԱ-ի խաղացանկով նախատեսված ընկերական հանդիպումների օր է հավաքականների համար: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում ուժերը կչափի Վրաստանի ընտրանու հետ: Այդ հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 17-ին եւ ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ:
Երկու հավաքականներն էլ նախապատրաստվում են Եվրոպայի 2012-ի առաջնության ընտրական հերթական մրցախաղերին, ուստի այսօրվա հանդիպումը հայ եւ վրացի ֆուտբոլիստների համար ուժերի վերջին ստուգատեսը կլինի: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շատ է կարեւորում վրացիների հետ հանդիպումը, ուստի խաղի է հրավիրել այս պահին բոլոր ուժեղագույններին: Ճիշտ է, բացակայում են դարպասապահ Ռոման Բերեզովսկին ու կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, որոնք վերջերս վիրահատվել են եւ այսօրվա հանդիպմանը պատրաստ չեն: Կիպրոս չի մեկնել նաեւ «Միկայի» փորձառու պաշտպան Աղվան Մկրտչյանը, որի ազգանունը նշված էր հավաքականի նախնական հայտացուցակում:
Նախորդ անգամ նշել էինք, որ այսօրվա խաղին չի բացառվում «Այաքսում» հանդես եկող Արազ Օզբիլիսի մասնակցությունը: Սակայն վերջինս առայժմ չի շտապում ընդունել Հայաստանի հրավերը: Նա ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանին տեղեկացրել է, որ մինչեւ մայիս կոնկրետ պատասխան չի տա հավաքականում հանդես գալու հարցում, քանի որ հույս ունի հրավեր ստանալ Հոլանդիայի ազգային հավաքականից:
Անկեղծ ասած, Արազ Օզբիլիսի խաղային ունակություններին ծանոթ չենք: Սակայն ֆուտբոլիստն առայժմ իր հաստատուն տեղը չունի «Այաքսի» հիմնական կազմում եւ խաղադաշտում ընդամենը մի քանի րոպե է անցկացնում: Նման պայմաններում այնքան էլ հասկանալի չէ, թե արդյոք նման ֆուտբոլիստն ի վիճակի կլինի՞ ուժեղացնելու Հայաստանի հավաքականի կազմը, առավել եւսՙ Հոլանդիայինը:
Կրկին վերադառնանք Հայաստան-Վրաստան հանդիպմանը: Որքան էլ որ տարօրինակ թվա, սակայն անկախացումից հետո երկու հարեւան պետությունների ազգային հավաքականները մինչ օրս ընդամենը 4 անգամ են միմյանց հետ մրցել: Մրցակիցները մեկական անգամ հյուրընկալվել են հարեւան երկրում, 2 խաղ էլ կայացել է Կիպրոսում անցկացված մրցաշարի շրջանակներում:
Այդ խաղերից մեկը կայացել է 11 տարի առաջ Լիմասոլի «Ցիրիոն» մարզադաշտում, որտեղ այսօր կրկին մրցելու են հայ եւ վրացի ֆուտբոլիստները: 2000-ի փետրվարի 6-ին կայացած այդ հանդիպումը Կիպրոսի մրցաշարի վերջին խաղն էր: Հայաստանի հավաքականը, որի ղեկը ստանձնել էր Վարուժան Սուքիասյանը, մրցակցին զիջեց 1-2 հաշվով: Մեր թիմից միակ գոլը խփեց հավաքականի ավագ Վարդան Խաչատրյանը, վրացիներից աչքի ընկան Զազա Ջանաշիան ու Զուրաբ Մենթեթաշվիլին: Հետաքրքրական է, որ այդ խաղում Վրաստանի հավաքականի դարպասը պաշտպանում էր Սոսո Գրիշիկաշվիլին, որը վերջին 2 մրցաշրջաններում հանդես եկավ «Միկայում»:
Իսկ Հայաստանի եւ Վրաստանի հավաքականների առաջին ծանոթությունը կայացել է 1997-ի մարտի 30-ին Թբիլիսիում: Այդ խաղը իսկական մղձավանջ էր մեր ֆուտբոլիստների համար, որոնք 0-7 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին: Հավաքականն այն ժամանակ մարզում էր Խորեն Հովհաննիսյանը: Միայն 7 տարի անց, 2004-ի փետրվարի 21-ին մեր ընտրանուն հաջողվեց ռեւանշի հասնել վրացիների հետ մրցավեճումՙ Կիպրոսում հաղթելով 2-0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Արման եւ Արտավազդ Քարամյանները: Իսկ մինչ այդ խաղը, 2000-ի ապրիլի 26-ին «Հրազդանում» կայացած խաղում դարպասները մնացել էին անառիկ:
Այնպես որ կայացած 4 հանդիպումներից միայն մեկում են հայ ֆուտբոլիստները հաղթել: 2 խաղում հաջողությունն ուղեկցել է վրացիներին, մեկ խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի:
Այսօրվա խաղում բուքմեյքերական գրասենյակները մրցակիցների հաղթելու հնարավորությունները տարբեր կերպ են գնահատել: «Վիվարոն» երկու հավաքականների հաղթանակը գնահատել է հավասարՙ 2,55 գործակցով, ոչ-ոքինՙ 3,10: Իսկ ահա ռուսական «Մարաթոնը» որոշ առավելություն է տվել ՀՀ հավաքականին, որի հաղթանակի գործակիցը 2,62 է` Վրաստանի 2,88-ի դիմաց: Ոչ-ոքին գնահատվել է 3,20 գործակցով: