Աբու Դաբիի «Էմիրեյթս փելեյս» 7 աստղանի հյուրանոցում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Laureus World Sports Awards 2011 մրցանակաբաշխությունը: 2010-ի աշխարհի լավագույն մարզիկի համար սահմանված մրցանակը հանձնվեց իսպանացի թենիսիստ, թենիսիստների համաշխարհային դասակարգման ցուցակի առաջատար Ռաֆայել Նադալին: Նա 2-րդ անգամ է արժանանում Laureus-ի մրցանակին: 2006-ին Նադալն արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին:
Լավագույն մարզուհի ճանաչվեց ամերիկացի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը: Երկու մրցանակ ստացան գերմանացի մարզիկները: Գոլֆիստ Մարտին Կայմերին հանձնվեց «Տարվա հայտնություն» մրցանակը, իսկ դահուկորդուհի Վերենա Բենտելեն արժանացավ հաշմանդամ մարզիկներից լավագույնի համար նախատեսված մրցանակին:
«Տարվա վերադարձ» մրցանակի դափնեկիրը իտալացի մոտոարշավորդ, աշխարհի յոթակի չեմպիոն Վալենտինո Ռոսին էր, որը մարզման ժամանակ ոտքը կոտրելուց ընդամենը 41 օր անց կրկին մրցասպարեզ էր դուրս եկել:
Սպորտում ունեցած մեծ ներդրման եւ մարզական ակնառու նվաճումների համար հատուկ մրցանակի արժանացավ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը: Գոլֆի Եգիպտոսի հավաքականին հանձնվեց «Մարզական բարձր ոգու համար» մրցանակը: «Սպորտ հանուն բարության» մրցանակը տրվեց Բեյրութի մարաթոնյան վազքի մրցումների կազմակերպիչ Մեյ էլ Հալիլին: Ամերիկացի սերֆինգիստ Կելի Սլեյթերը 3-րդ անգամ դարձավ «Ակտիվ սպորտի ձեւերի լավագույն ներկայացուցիչ» մրցանակի դափնեկիր: