«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2011-02-08 | #21, 2011-02-09 | #22, 2011-02-10


ՍԵՐԲԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԸՙ ՀԱՅԵՐԵՆ

Երեւանյան «Ոսկե խատուտիկ» հրատարակչությունը վերջերս լույս ընծայեց սերբական ժողովրդական հեքիաթների մի փոքրիկ գիրք: Հեքիաթները սերբերենից թարգմանել ու գրքի համար առաջաբան է գրել գրող, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանը, որ տարիների ընթացքում հավաքել է դրանք` առանձին գրքով հրատարակելու միտումով:

Սերբական ժողովրդական հեքիաթները Բաբկեն Սիմոնյանի թարգմանությամբ ժամանակ առ ժամանակ լույս են տեսել հայ պարբերական մամուլում: Առանձին գրքով, սակայն, հայերեն լույս են տեսնում առաջին անգամ: Այդ հեքիաթները ժամանակին հավաքել ու մշակել է սերբական գրական նոր լեզվի հիմնադիր, բանասեր, բանահավաք, լեզվաբան Վուկ Կարաջիչը:

Արժե հիշատակել, որ ժողովրդական բանահյուսության արժեքավոր այդ ընտրանիի հրատարակումը 1853 թվականին առաջին անգամ սերբերենով իրականացել են Վիեննայի Մխիթարյան միաբանության հրատարակիչները: Եվ ահա թե ինչու Մխիթարյանները: 1804 թվականին` սերբական առաջին ապստամբության ժամանակ, Վուկ Կարաջիչը փոխադրվել է Վիեննա, ուր մտերմացել է Մխիթարյանների հետ: Տեղեկանալով, որ Մխիթարյանները հոգեւոր գործունեությունից զատ նաեւ հրատարակչական գործունեություն են իրականացնում, Վուկ Կարաջիչը նրանց առաջարկել է տպագրել իր կազմած հանրահայտ «Սերբական բառարանը»: 1818 թվականին Մխիթարյան միաբանության տպարանում առաջին անգամ տպագրվում է Կարաջիչի բառարանը, իսկ ավելի ուշ` նրա շատ աշխատություններ ու կազմած գրքեր, հանդեսներ:

Սերբական ժողովրդական հեքիաթների այս փոքրիկ ընտրանիում տեղ գտած հինգ պատմվածքները ունեն իրենց բույրն ու ինքնատիպ երանգները, որոնք հիշեցնում են հայկական ժողովրդական բանահյուսության հրաշալի նմուշները: Այլաբանությամբ ու պատկերների հարստությամբ ինքնատիպ հեքիաթների այս փունջը լավ նվեր է ոչ միայն հայ մանուկներին, այլեւ մանկագիրներին:

ՈՈՒԲԵՆ ՆԱՀԱՏԱԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4