Բնապահպանները ստորագրահավաք են սկսել տարածքի պահպանման համար
«SOS Խոսրով» էկոլոգիական հասարակական դաշինքի անդամները կրկին ահազանգում են. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» արգելավայրի խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Բնապահպանների պայքարի նպատակը Խոսրովի անտառի պահպանումն է: «Խոսրովը պետք է ոչ թե կազմալուծվի, քայքայվի, այլ զարգանա ու պահպանվի»: Սա դաշինքի անդամ Հրանտ Սարգսյանի դիրքորոշումն է:
Հայաստանում կա երեք արգելոց` Շիկահողի, Էրեբունի եւ Խոսրովի անտառ: Ի տարբերություն առաջին երկուսի` «Խոսրովի անտառի» գիտական արժեքը շատ բարձր է: Խոսրովի անտառում կան մի քանի տիպի համակեցություններ` անտառ, նոսր անտառ, տափաստան, հուշարձաններ, պատմական արժեքներ:
Խոսրովի անտառը հարուստ է կենդանական եւ բուսական աշխարհով: Արգելոցի սրտում` 200 հա կազմող Գիլանում կան արջեր, գայլեր, քարայծեր: Այսօր այնտեղ կառուցվող շինարարությունը հսկայական սպառնալիք է նրանց համար:
«Ազգ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի խնդրին: Հիշեցնենք, որ 2007-ին կառավարության որոշմամբ Խոսրովի անտառի «Գիլան» հատվածն անվանվեց արգելավայր: Իրավաբանական առումով կարգավիճակի փոփոխությունը նշանակում է, որ տարածքը կարող է տրվել վարձակալությամբ, եւ այնտեղ կարելի է զարգացնել էկոտուրիզմը: Ամիսներ անց կառավարության մեկ այլ որոշմամբ 60 տարի ժամանակով տարածքը վարձակալության հիմունքներով տրամադրվեց «Հովազաձոր» ՍՊԸ-ին: Այդ ժամանակ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ընկերության հիմնադիրներ Կամո Խաչատրյանն ու Միխայիլ Բեզռուկովը սերտ հարաբերություններ ունեն պետական շրջանակների հետ: Մասնավորապես Խաչատրյանի որդու քավորը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, որը 2007-ին որպես փոխվարչապետ ստորագրել է վերոնշյալ որոշումները: Կառավարությունը վերոնշյալ որոշումը կայացրել էր Գիլանում էկոտուրիզմի զարգացման նպատակով, սակայն իրականում տարածքը վերածվում է հերթական խաշ-խորոված ուտելու վայրի:
Էկոտուրիզմ ասվածը բացառում է բետոնե շինարարություն: Ըստ միջազգային ստանդարտների, էկոտուրիզմ զարգացնելու համար պետք է կառուցել միայն փայտյա քոթեջներ: Դրանց կառուցման համար ընտրում են այնպիսի վայր, որ ծառ կտրելու անհրաժեշտություն չառաջանա, բացի դրանիցՙ հնարավոր լինի վարձակալության պայմանագրի ավարտին ապամոնտաժել:
Ի տարբերություն բետոնե կառույցներիՙ փայտյա քոթեջները որեւէ վնաս չեն կարող հասցնել բուսական եւ կենդանական աշխարհին:
Այնուամենայնիվ, անգամ միջազգային չափանիշներին համապատասխանող էկոտուրիզմը կարող է հսկայական վնաս հասցնել արգելոցին:
Էկոտուրիզմը ենթադրում է մարդկանց հոսք, ինչը վտանգավոր է արգելոցի համար: Բնապահպան Կարինե Դանիելյանի մեկնաբանությամբՙ արգելոցում պետք է ծավալել ոչ թե տնտեսական, այլ միայն գիտական գործունեություն:
Մինչդեռ Գիլանում կառուցում են երկհարկանի հյուրանոց եւ ռեստորան: Սեփականատերերը մտադրվել են նաեւ տարածքում լիճ կառուցել, իսկ կիսավեր եկեղեցու բակում` մատաղատեղի:
Բնապահպանների դժգոհությունը հիմնավորված է այն փաստով, որ կառավարության աջակցությամբ բնությանը հսկայական վնաս է հասցվում, խախտվում են ՀՀ օրենքներ ու միջազգային կոնվենցիաներ:
Հայաստանն արդեն երկու խիստ զգուշացում ունի Միջազգային կոնվենցիայի խախտման առնչությամբ: «Դա մեծապես ազդում է երկրի միջազգային վարկի վրա: Հաջորդ անգամ Հայաստանին ուղղակի կհանեն կառույցից», ասում է բնապահպան Կարինեն Դանիելյանը:
Բնապահպանները նամակներ են ուղարկել բնապահպանության նախարարություն եւ ՀՀ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին, սակայն որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել եւ մոթել հիշեցնող կառույցները չեն ապամոնտաժվում:
Բնապահպանները սկսել են ստորագրահավաք անցկացնել, արդյունքները կներկայացվեն վարչապետին ու կառավարությանը` Գիլանին նախկին կարգավիճակ վերադարձնելու պահանջով:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ