Հայաստանի նախագահի այցը կարող էր շատ ավելի տպավորիչ լինել
«Ազգը» ներկայացնում է կիպրահայ հայտնի լրագրող, «Financial Mirror» թերթի հրատարակիչ եւ տնօրեն Մասիս Տեր-Բարթողի հետ հարցազրույցը` Հայաստանի նախագահի կիպրոսյան այցելության, համայնքի դերակատարության, մտահոգությունների, ինչպես նաեւ Մելգոնյան վարժարանի առնչությամբ ներկա իրավիճակի մասին:
- Պրն Մասիս, հունվարին Կիպրոս այցելեց Հայաստանի նախագահը: Ի՞նչ տպավորություններ ունեք այցելությունից, եւ արդյո՞ք Կիպրոսի հայ համայնքը գոհ է իրավիճակից:
- Նախագահ Սերժ Սարգսյանի Կիպրոս այցելությունը երկրորդն էր, առաջին անգամ նա այցելել է որպես պաշտպանության նախարար, գրեթե հինգ տարի առաջ: Կարող եմ ասել, որ իբրեւ պաշտպանության նախարար շատ ավելի տպավորիչ եւ արդյունավետ այցելություն կատարեց, քան հիմաՙ որպես հանրապետության նախագահ:
Մի կողմից, իր հետ եկել էին տարբեր գործարարներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ: Ինչպես հասկացել եմ, մասնավոր համաձայնություններ կայացնել չի հաջողվել, ինչը, անշուշտ, նախագահի մեղքը չէ: Կարող է` ժամանակն էր անհարմար, կամ Կիպրոսը փոքր շուկա է, կամ Հայաստանի ընկերությունները ուրիշ բան են փափագում եւ Կիպրոսի ընկերությունների հետ չէին կարող համաձայնել: Դրանից բացի, նախագահի այցելությունն ինքնին կարծում եմ կարող էր շատ ավելի տպավորիչ լինել:
Կիպրոսի հայկական գաղութը փոքր է, թվով մեծ չէ, բայց պատմական է, զգալի առավելություններ ունի: Գլխավոր առավելությունն այն է, որ Կիպրոսի կառավարությունը մեծ հարգանք ունի հայկական համայնքի հանդեպ: Հայաստանի նախագահը այցելել էր կարծես Չինաստան կամ ուրիշ մի երկիր, այլ ոչ Կիպրոս: Գաղութն ակնկալիքներ ուներ, որ հանդիպում լիներ: Այդպիսի ակնկալություններ, մտահոգություններ ունեին Կիպրոսի հայ գաղութը, այդտեղ ապրող հայաստանցիները: Դա տեղի չունեցավ, միայն մեկ հանդիպում եղավ, այն էլ շատ կարճ` Նիկոսիայում, մեր նախակրթարանի սրահում, նախագահը եկավ, իր խոսքն ասաց ու մեկնեց:
Հաջորդ օրն առավոտյան Հայոց ցեղասպանության հուշարձան էլ շատ արագ այցելեց, սակայն Երեւանը կարծեք չի անդրադառնում, որ Կիպրոսը շատ կարեւոր դեր կարող է խաղալ Հայաստանի արտաքին դիվանագիտության պահանջները, կարիքները գոհացնելու առումով:
Եսՙ իբրեւ լրագրող, իբրեւ գաղութի անդամ, շատ շփումներ ունեմ համայնքի ներկայացուցիչների հետ եւ լավ գիտեմ, թե որոնք են մտահոգությունները: Ես ակտիվորեն զբաղվում եմ գաղութի հարցերով, որոնց ընթացքում էլ տեղեկանում եմ մտահոգությունների մասին: Ուստի կարող եմ ասել, որ ակնկալվում էր, որ նախագահի այցելությունն ավելի տպավորիչ եւ արդյունավետ կլինի:
- Ինչպե՞ս կարող է Կիպրոսը աջակցել Հայաստանին, կոնկրետ ի՞նչ հարցերում կարելի է ակնկալել այդ աջակցությունը, եւ որքանո՞վ է դա օգտագործվում:
- Կիպրոսը փոքր լինելով` ավելի դյուրին է շարժվում, ըմբռնում: Կիպրոսը, հայ գաղութը եւս, ԵՄ անդամ լինելով, առավելություններ ունի, որոնց կարիքը Հայաստանը ունի, այսինքն` ունենալու մեկը, որ կկանգնի Հայաստանի կողքին: Նաեւ իբրեւ հայ փոքրամասնություն` ունենք հավելյալ առավելություններ, որ շատ տեղերում չունենք: Օրինակ, պետության կողմից արեւմտահայերենը պաշտպանվում է որպես փոքրամասնության լեզու, այսինքն` Կիպրոսի պետությունը հայերենը ճանաչում է բոլոր ձեւերով: Իսկ հայոց լեզվին կցված են մեր մշակույթը, մեր պատմությունը:
Կիպրոսի հույն քաղաքացիները հայերի հետ լավ, եղբայրական հարաբերություններ ունի, քանի որ հստակ են Կիպրոս-Թուրքիա բախումները, եւ հույները իրենց կաշվի վրա են զգացել Թուրքիայի հետ հարաբերությունների ցավը եւ հասկանում են հայերի ցավը:
Այլ հարցեր էլ կան, որոնց առումով Կիպրոսի հայ համայնքը առավելություններ ունի Կիպրոսում, ընդ որում, Կիպրոսի կառավարությունը միշտ աշխատում է առավելագույնս օգտակար լինել հայ գաղութին: Այո, դիվանագիտությունը կարեւոր է, բայց եթե Երեւանը հարկ եղածի չափ կարեւորություն չտա հայ գաղութին, Կիպրոսի հույն պետությունն էլ հարկ եղածի չափ չի ցույց տա հարգանք եւ օժանդակություն: Կիպրոսն իր փոքր ուժերով կարող է օգտակար լինել Եվրոմիության մեջ հայերին ու Հայաստանին վերաբերող հարցերում, հատկապես որ ԵՄ-ում Հայաստանը ձայն չունի: Հունաստանը եւս կարող է աջակից լինել Հայաստանին, բայց ինչպես մեզ սովորեցրել են պատմության ուսուցիչները, Հունաստանը եւ հույները հեռատես չեն, եւ հույս դնելը դժվար է: Կարծում եմ, փոքր Կիպրոսը կարող է շատ ավելի օգտակար լինել Հայաստանին:
- Ներկայումս ինչպիսի՞ն է Կիպրոսի հայ համայնքը, ի՞նչ մասշտաբներ եւ ազդեցություն ունի;
- Կիպրոսի հայ համայնքը հիմա մոտ 3000 է` Կիպրոսի 900 հազարանոց հույն համայնքի կողքին, հիմնականում կենտրոնացած է քաղաքներում` Նիկոսիա, Լառնակա եւ Լիմասոլ: Որոշ տվյալներով, կան նաեւ մոտ 1000 եկածներ Հայաստանից, որ չեն վերադարձել: Մենք նրանց մասին տեղեկանում ենք, երբ որոշ ժամանակ նրանք արդեն ապրում են Կիպրոսում եւ, ասենք, մտածում են երեխաներին ուղարկել հայկական վարժարան կամ կարիքներ ու դժվարություններ ունեն:
Հայ համայնքը Կիպրոսում փոքր է, բայց զբաղվում է գրեթե բոլոր հարցերով, ներկայություն ունի հասարակության բոլոր շերտերում` կուսակցություններից մինչեւ գործարար շրջանակներ: Այս տարի մայիսին խորհրդարանական ընտրություններ կան, որոնց էլ կմասնակցեն նաեւ հայեր` ազդեցիկ կուսակցությունների հետ: Ընդհանրապես ավելի շատ հայերը բիզնեսով են զբաղվում, դա ավանդաբար այդպես է, քանի որ շատերը պատմական Հայաստանից են եկել, ջարդերից փախչելիս, եւ այն ժամանակ մտել են առեւտրի մեջ: Կան երկրորդ, երրորդ սերնդի գործարարներ, կան փոքր թվով մտավորականներ:
Գաղութն ընդհանրապես կենտրոնացած է դպրոցի եւ եկեղեցու շուրջը, ունենք նաեւ պետական ներկայացուցիչ, որը բացառություն է Եվրոպայում, որովհետեւ Կիպրոսի սահմանադրության մեջ հստակորեն ասված է, որ հայերի հետ եւս երկու փոքրամասնություններ, խորհրդարանում անդամ ունենալուց բացի, իրավունք ունեն ունենալու նաեւ պետական ներկայացուցիչ, որը ճանաչվում է որպես ոչ իբրեւ փոքրամասնություն, այլ կրոնական համայնք: Խորհրդարանում էլ ներկայացուցիչը թեեւ, ընդհանուր առմամբ, իրավունք չունի ժողովներին քվեարկելու, բայց կարող է քվեարկել բոլոր այն հարցերում, որ վերաբերում են հայ գաղութին:
- 2005-ից փակ է Կիպրոսում եւ աշխարհում հայտնի Մելգոնյան վարժարանը: Ի՞նչ իրավիճակ է հիմա այս հարցի առնչությամբ եւ ի՞նչ սպասումներ կան:
- Վերաբացման փորձեր արվել են, բայց միակողմանի: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը չի ցանկանում բացել դպրոցը, քանի որ տեսնում է, որ Մելգոնյան վարժարանը մեծ հարստություն է, մեծ կալվածք է, որ մեծ արժեք ունի, եւ ուզում է շահագործել որպես բիզնես, այսինքն` ուզում է վաճառել: Որեւէ մեկը չի կասկածում, որ ՀԲԸՄ-ն իրավունք ունի իր ուզած ձեւով օգտագործելու իր սեփականությունը, բայց Կիպրոսի պարագայում մենք ասում ենք, որ սա ազգային հարստություն է: Արդեն իբրեւ Մելգոնյանի փակման հետեւանք, Կիպրոսի հայ գաղութը, կասեի, անկումՙ չէ, բայց դժվարություններ ունի, մշակութային կյանքում մեծ պակաս կա այն դեպքում, երբ առաջ շատ հարուստ կյանքով էր ապրում:
Բացի դրանից, տարբեր տեղերից գալիս էին աշակերտներ, շատերը վերադառնում էին իրենց երկիրը` ավելին իմանալով Կիպրոսի, նաեւ Եվրոպայի մասին: Նրանց մեջ էլ մշակվում էր հայկական ոգին, ինչը հիմա այլեւս անհնար է անել: Փոքր-ինչ այդ հարցը լուծում է «Նարեկ» վարժարանը, բայց այն նախակրթարան է, ունի միայն երեք դասարան, որոնք փոքր են, եւ հնարավոր չէ փոխանցել համայնքին այն նույն աշխատանքը, ինչ արվում էր Մելգոնյան վարժարանի միջոցով: Բացի դրանից, պատմական առումով, Մելգոնյանով մոտավորապես 2500 աշակերտ է անցել, ու ցրված են աշխարհով մեկ: Կիպրոսի գաղութի փոքրիկները գնում են «Նարեկ» նախակրթարան` 6-12 տարեկան: Մեր երեք վարժարաններում մոտ 160 աշակերտ կա, որոնցից միայն 12-ն են շարունակում միջնակարգ դասարաններ:
- Ինչպիսի՞ն կարող է լինել Մելգոնյան վարժարանի ապագան:
- Մելգոնյանի դռները փակված են, բայց մեզ համար հարցը փակված չէ: Մենք շատ անգամ դիմել ենք Կիպրոսի կառավարությանը, որը պատրաստակամ է որեւէ նոր ծրագիր իրականացնելու Մելգոնյանում կամ դրանից դուրս: Հայերն ինչ ուզեն, Կիպրոսի պետությունը միշտ աջակցել է` թե՛ ֆինանսական, թե՛ այլ առումով: Հիմա նոր կազմակերպություն կա` «Այբ» հաստատությունը, որը Երեւանում 2011-ի սեպտեմբերին վարժարան է բացելու: Այդ կազմակերպությունում գտնում են, որ սփյուռքում նոր վարժարանի կարիք կա, եւ իրենց առաջարկվել է, որ եթե ցանկանան` դա բացեն Կիպրոսում, որտեղ արդեն իսկ պատմություն կա այդ վարժարանի. Մելգոնյանը համբավ եւ հեղինակություն ունի: Նրանք էլ կարծես փորձում են ՀԲԸՄ-ի հետ կապեր հաստատել, եւ հուսով եմ, որ մի կողմ կդրվեն մեր բախումները Բարեգործական միության հետ, եւ միասին կնայենք դեպի ապագան:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Նիկոսիա-Երեւան