Լույս փետրվարի 14-ի գիշերը Մոսկվայի մետրոպոլիտենում սեփական արկածախնդրության հետեւանքով մահացել են երկու հայ երիտասարդներ: Իվան Մկրտումովն ու Վիկտոր Վարդանյանը` 19 եւ 20 տարեկան, սովորում էին մոսկովյան տարբեր բուհերում ու երկուսն էլ, ինչպես ռուսական լրատվամիջոցներին են հայտնել երիտասարդներին ճանաչողները, ունեցել են նախասիրություն` ցատկել ընթացող գնացքի վագոնների վրա: Այսպես` պատահարի օրը` «Կիեւսկայա» կայարանում մետրոյի գնացքի տանիքից հայտնաբերել են Վարդանյանի, իսկ «Կունցեւսկայա» եւ «Պիոներսկայա» կայարանների միջեւ ընկած հատվածումՙ Մկրտումովի դին: Մոսկվայի մետրոպոլիտենի մամլո քարտուղար Ալեքսեյ Միշլյաեւը հայտնել է, որ` «երիտասարդները, ուշանալով գնացքից, ցատկել են վագոնների վրա, որպեսզի հասնեն իրենց նախընտրած կայարանը»: Վարդանյանը մահացել է գլխին ստացած ծանր հարվածից, իսկ Մկրտումովը` մահացել է վզի կոտրվածքից:
Հ. Ա.