Ճիշտ 20 տարի առաջ, այսօր, լույս տեսավ մեր թերթի առաջին համարը: Խորհրդային Միությունը փլուզվում էր, ինքնապաշտպանական-ազատագրական պայքարը նոր թափ էր ստացել Արցախի ողջ տարածքում եւ Խ. Հայաստանի սահմանամերձ գոտիներում, Հայաստանի խորհրդարանը (Գերագույն խորհուրդ) անցել էր Արցախյան շարժման եւ անկախության ղեկավարների ձեռքը, հետզհետե մարմնավորվում էր ազգային անկախ պետության գաղափարըՙ պարուրված կասկածանքի մշուշովՙ իսկ եթե Մոսկվան...
«Ազգը» դարձավ Հայաստանի Երրորդ Հանրապետության ծննդոցի վկան եւ տարեգիրը, եւ հետագա երկու տասնամյակներում եղավ ու մնում է նրա կարտիոգրամանՙ մատը նրա կրծքին ու բազկերակին: Հրճվեց ու տխրեց նրա հետ, հպարտացավ նրա նվաճումներով, սգաց նրա անդարձ կորուստները, արձանագրեց նրա վերելքներն ու անկումները, հաղթանակներն ու պարտությունները, փորձեց իր վերլուծումներով, քննադատություններով ու հորդորներով ուղի հարթել նրա համար եւ, ամենակարեւորը, հասարակությանը, ընդհանրապես ժողովրդին իրազեկ ու մասնակից դարձնել կարեւոր բոլոր գործընթացներին, միաժամանակ իր պարտականությունը համարելով սփյուռքահայությանը եւս աջակից ու զորակից դարձնել այդ գործընթացներին:
Իր առաջին համարից մինչեւ այսօր, ամեն օր, եւ անշուշտ վաղն էլՙ մինչեւ հարցի ամբողջական եւ արդարացի կարգավորումըՙ մեր թերթի հայացքը սեւեռված է մնալու Արցախի վրա, նրա եւ մեր բոլորի ամենահուսալի պաշտպանիՙ ազգային բանակի վրա, մեր երկրի հզորացման, ժողովրդավարական կարգերի արմատավորման եւ ազատականության քաղաքակիրթ ու արդյունավետ կիրառման խնդիրների վրա, ընթացքում հակահարված տալով խոչընդոտող ներքին եւ արտաքին ուժերին, մեր ազգային ուժերի միավորումը արգելակող բոլոր երեւելի եւ աներեւույթ ուժերին:
Սկզբից եւեթ «Ազգ»-ը ջատագովն ու պաշտպանն է եղել մեր ազգային, հոգեւոր ժառանգությանը, հոգեկան արժեքներին, մշակույթին, նրա մերօրյա մշակներին եւ սպասարկուներին: Միաժամանակՙ քաջալերել ու պաշտպանել է նորարարական միտքը, Արեւմուտքի եւ Արեւելքի մշակութային արժեհամակարգի խաչմերուկում հայկականի հավասարակշիռ եւ հավասարակշռող, ազդեցիկ եւ փոխազդեցիկ առանձնահատուկ առաքելության մերօրյա դրսեւորումները:
Մեր թերթը եղել է հանձնառու մամուլ եւ կմնա այդպիսին, առանց թեթեւելու ու սեթեւեթելու, առանց տուրք տալու նյութապաշտությանը, ծախելու եւ ծախվելու մոլուցքին, մակերեսային բոլորՙ առաջին հայացքից գրավիչՙ մոդայականություններին:
Սխալներ ունեցել ենք, ընթացքի զիգզագներՙ նույնպես: Բայց մեր ընթերցողը գիտի, որ միշտ եղել ենք անկեղծ, անսուտ եւ անխարդախ:
20-ամյակի առթիվ շնորհակալություն ենք հայտնում մեր հավատարիմ ընթերցողներին, մեր բոլոր տարիների բոլոր աշխատակիցներին, մեր հարյուրավոր հեղինակներինՙ Հայաստանում թե արտասահմանում, մեր բարերարներին, գովազդատուներին, աջակիցներին: Հայ մամուլի բեռն իրենց ուսերին տանող մեր բոլոր գործընկերներին: Շնորհակալություն: