Կառավարության որոշումով նախատեսվում է այս տարվա սեպտեմբերից գործածության մեջ դնել կենսաչափական տվյալներով անձնագիրն ու նույնականացման քարտը: Երեկ «Հենարան» ակումբում ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը նշեց. «Նախատեսվում է, որ անձնագիրը տրամադրվելու է 5 տարի ժամկետով, իսկ կենսաչափական տվյալներով նույնականացման քարտը` 10 տարով»: Նույնականացման քարտ ստանալու են 16 տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիները, իսկ կենսաչափական տվյալներով անձնագիր այլ երկիր մեկնելու համար չափահաս քաղաքացիները կարող են ստանալ ըստ ցանկության: Նորայր Մուրադխանյանի փոխանցմամբ` նման անձնագրերն ու նույնականացման քարտերը գործածության մեջ դնելու նպատակն է բարձրացնել փաստաթղթի հուսալիությունն ու հեշտացնել քաղաքացիների ու փաստաթղթի նույնականացումը: Հարցին, իսկ արդյոք վստահելի՞ չեն հիմա գործածվող անձնագրերը, բանախոսը պատասխանեց, որ դրանք ե՛ւ հուսալի են, ե՛ւ պաշտպանված, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերը գործածելը ՄԱԿ-ի բանաձեւի պահանջն է:
Ըստ բանախոսի` քաղաքացիները նույնականացման քարտ ստանալու համար պետք է վճարեն 1000 դրամ, իսկ անձնագրի համար` մոտավորապես 15 հազար դրամ: Նորայր Մուրադխանյանը տեղեկացրեց, որ այսօր գործածվող անձնագրերն ուժի մեջ են մինչեւ իրենց վավերականության ավարտը, այսինքն` եթե քաղաքացին այս տարի 10 տարի ժամկետով անձնագիր է ստացել, դա կարող է չփոխել մինչեւ 2021 թվականը եւ հենց այդ անձնագրով էլ կարող է մեկնել արտերկիր:
Ի. Պ.