Ռոբերտ Արզումանյանի հարցազրույցը «Յագելոնիայի» կայքին
Վերջերս լեհական «Յագելոնիա» տեղափոխված Ռոբերտ Արզումանյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:
- Ինչպիսի՞ն են նոր թիմից առաջին տպավորությունները:
- Շատ լավ: Թիմում տարեց մի քանի ֆուտբոլիստներ են խաղում, իսկ հիմնականում «Յագելոնիան» երիտասարդ ակումբ է: Այսինքն թիմում երիտասարդության եւ փորձի հիանալի զուգորդում է, ինչը շատ կարեւոր է: Գլխավոր մարզիչ Միխալ Պրոբիրզն էլ իսկական պրոֆեսիոնալ է, լավ մասնագետ:
- Ի՞նչ ես կարծում, հարգանքով վերաբերվելով մարզչին, ընդհանուր լեզու կգտնե՞ս նրա հետ:
- Հավանաբար այո: Պրոբիրզը ժամանակին ֆուտբոլիստ է եղել, լավ է հասկանում ֆուտբոլը, ուստի նրան հեշտ կլինի ֆուտբոլիստների հետ շփվելը: Ընդամենը մի քանի օր եմ մարզվում թիմում, սակայն արդեն տակտիկական նորանոր հմտություններ եմ ձեռք բերել: Իսկ ամենակարեւորըՙ սովորում եմ լեհերեն արտաբերել խաղային տերմինները:
- Իսկ թիմակիցներիդ մասին ի՞նչ կասես:
- Հիանալի եւ ընկերասեր տղաներ են, ինձ լավ ընդունեցին: Մնում է միայն խաղադաշտում նրանց վստահությանն արժանանամ:
- Իսկ հաղորդակցվելու խնդիրներ չունե՞ս:
- Ոչ: Ֆուտբոլը վերացնում է բոլոր արգելքները, եթե նույնիսկ ֆուտբոլիստները խոսում են տարբեր լեզուներով: «Յագելոնիայում» ոչ բոլորն են անգլերեն խոսում, իսկ լեհերենի իմ իմացությունն առայժմ այնքան էլ վարժ չէ: Սակայն դա չի խանգարում, որ խաղադաշտում միմյանց հասկանանք:
- Թիմի կազմում մասնակցել ես ստուգողական հանդիպումների: Ինչպե՞ս կգնահատես քո խաղը:
- Ես դեռ լավագույն մարզավիճակում չեմ: Բայց յուրաքանչյուր մարզումից հետո մարզավիճակս բարելավվում է: Առաջընթաց է նկատվում ֆիզիկական պատրաստվածության մեջ: Բայց առջեւում դեռ շատ աշխատանք կա կատարելու:
- Նախորդ 6 ամիսների ընթացքում դու դանիական սուպերլիգայում չես խաղացել: Պատճառը մարզչի հետ տարաձայնություննե՞րն էին, թե՞ դա պայմանավորված էր խաղային կարգապահությամբ:
- Ոչ մեկը, ոչ մյուսը: Բավական լավ մարզավիճակում էի ու մարզիչն էլ վստահում էր ինձ: Պարզապես տարաձայնություններ ունեի ակումբի նախագահի հետ: Սակայն վերջինս այդ թեմայով նույնիսկ չէր ցանկանում զրուցել հետս: Այս ամենի արդյունքում ինձ թիմի 2-րդ կազմում ընդգրկեցինՙ հնարավորություն չտալով խաղալ: Բարեբախտաբար, արդեն այդ թիմում չեմ ու ամեն ինչ մնացել է անցյալում:
- Դու փորձաշրջան անցար «Շլյոնսկում», սակայն չհաջողվեց համաձայնության գալ: Իսկ այլ թիմերից առաջարկներ ունեի՞ր:
- Իհարկե: Սակայն ավելի կոնկրետ էր «Յագելոնիայի» առաջարկը: Շատ պահանջկոտ եմ, այդպիսին է նաեւ «Յագելոնիան», որը տարեցտարի առաջադիմում է: Այնպես որ այս առումով իրար հարմար ենք:
- Մինչեւ Լեհաստան ժամանելն ի՞նչ գիտեիր այդ երկրի եւ ֆուտբոլային լիգայի մասին:
- Գիտեի, որ այստեղ մի շարք ուժեղ թիմեր կան: Հանդիպումների ելքը դժվար է կանխատեսել: Լեհաստանը մեծ երկիր է, երկու անգամ ՀՀ հավաքականի կազմում մասնակցել եմ այդ երկրի ընտրանու հետ հանդիպումներին: Սեփական հարկի տակ հաղթեցինք 1-0 հաշվով, մրցակցի դաշտում նույնպիսի արդյունքով պարտվեցինք:
- Չնայած երիտասարդ տարիքիդ, դու Հայաստանի ազգային հավաքականում մոտ 50 խաղ ես անցկացրել:
- Վաղ եմ սկսել խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Նորամուտս կայացել է 2005-ին Քուվեյթի ընտրանու հետ ընկերական խաղում: Այդ օրվանից գրեթե մշտապես խաղացել եմ հավաքականում:
- Հայաստանի հավաքականը հնարավորություն ունի՞ Եվրո-2012-ի ուղեգիր նվաճել:
- Իհարկե: Մեր հավաքականը ներկայումս բավական երիտասարդ է ու լավ է հանդես գալիս: Մենք 7 միավոր ունենք եւ առայժմ զիջում ենք միայն ռուսներին, որը 9 միավոր է վաստակել: Մեզ հաջողվել է առաջ անցնել Սլովակիայի, Իռլանդիայի եւ Մակեդոնիայի հավաքականներից: Մարտին հանդիպելու ենք ՌԴ հավաքականի հետ: Անհամբերությամբ եմ սպասում այդ մրցախաղին: Իսկ եթե այդ խաղում ցանկալի արդյունքի հասնենք, ապա ուղեգիր նվաճելու լավ հնարավորություն կունենանք:
- Հավաքականի կազմում ո՞ր խաղն է առավել տպավորվել:
- 2009-ին Երեւանում Իսպանիայի հավաքականի հետ կայացած խաղը: Մենք բավական լավ խաղացինք այն ժամանակվա Եվրոպայի չեմպիոնների դեմ: Ինձ հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն խաղավարտից 10 րոպե առաջ մրցավարը 11 մ հարված նշանակեց, եւ իսպանացիները հաղթանակ տարան: Արդյունքը հիասթափեցրեց, սակայն Ֆեռնանդո Տորեսի եւ Դավիթ Վիլյայի դեմ խաղալը մեծ հաճույք էր ինձ համար: