«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2011-02-12 | #25, 2011-02-15 | #26, 2011-02-16


ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱԵՐՈՖԼՈՏԻ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Սերգեյ Մովսիսյանն անդրանիկ պարտությունը կրեց

Մոսկվայում վերջնագծին է մոտենում շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարը, ուստի պայքարի լարվածությունն աճում է: 7-րդ տուրում ուժեղագույնների մրցաշարի հայաստանցի մասնակիցներից իր օգտին հաղթական միավոր գրանցեց միայն Տիգրան Պետրոսյանըՙ սպիտակներով պարտության մատնելով Իլդար Խայրուլինին: Պետրոսյանը 4,5 միավորով 14-րդ տեղում է:

Տուրն անհաջող էր Սերգեյ Մովսիսյանի համար, որն անդրանիկ պարտությունը կրեց: Նրա մրցակիցը սերբ Բոյան Վուչկովիչն էր: Մովսիսյանը 3,5 միավորով 42-րդ տեղում է: Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Ռյազանցեւի հետ ու վաստակեց 3,5 միավոր: Իր օգտին կես միավոր գրանցեց նաեւ 3 միավոր ունեցող Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Բրազիլահայ շախմատիստը հաշտություն կնքեց Մարկ Բլուվշտեյնի հետ:

Ուժեղագույնների մրցաշարում վստահ է հանդես գալիս վիետնամցի գրոսմայստեր Լե Քուանգ Լիեմը, որը հերթական հաղթանակը տոնելով Միխայիլ Կոբալիայի նկատմամբ, 6 միավորով ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: 5 միավորով նրան հետապնդում են Դենիս Խիսմատուլինը, Յանգյու Յուն, Նիկիտա Վիտյուգովը, Եվգենի Տոմաշեւսկին, Ռուստամ Կասիմջանովը, Ռաուֆ Մամեդովը եւ Իվան Չեպարինովը:

B խմբի մրցաշարում առաջատարի դիրքը պահպանեց Տիգրան Քոթանջյանըՙ հաշտություն կնքելով Դարվին Լայլոյի հետ: Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Յանգ Վեն-Դորիան Ռոգոզենկո պարտիան: Նշված շախմատիստները Նիկոլայ Կաբանովի եւ Վլադիմիր Բելոուսի հետ 5,5 միավորով գլխավորում են աղյուսակը:

Նրանցից կես միավոր են հետ մնում ռուսաստանցիներ Պողոս Նահապետյանը, Ալեքսեյ Գավրիլովը, Ալեքսանդր Շիմանովն ու մոնղոլ շախմատիստ Բայարսայխան Գունդավան: Նահապետյանը հաշտություն կնքեց Ալեքսանդր Շիմանովի հետ: Հայաստանցի շախմատիստներից B խմբի մասնակիցներից հաղթեցին միայն Հովհաննես Գաբուզյանն ու Հովիկ Հայրապետյանը: Վերջինս 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց եւ տուրից տուր բարելավում է մրցաշարային վիճակը: Պարտության մատնելով Ազատ Շարաֆիեւին, Հովիկը 4,5 միավորով տեղափոխվեց 20-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունեցող Հովհաննես Գաբուզյանը 12-րդ տեղում է: Նա հաղթեց Ալեքսանդր Կարպատցեւին: Նույնպիսի արդյունք ունի նաեւ 16-րդ տեղում ընթացող Դավիթ Պետրոսյանը, որը հաշտություն կնքեց Ալեքսեյ Պրիդորոզնու հետ:

Բավական հետաքրքրական իրադարձություններ են ծավալվում C խմբի մրցաշարում, որտեղ առաջատար դիրքերում հայ շախմատիստներն են: 7-րդ տուրում ուշադրության կենտրոնում երկու առաջատարներիՙ Տիգրան Սիմոնյանի եւ Արթուր Ղարագյոզյանի մրցավեճն էր: Երկուսն էլ մինչ այդ անպարտելի էին: Այդ մրցավեճում հաջողությունն ուղեկցեց Սիմոնյանին, որը 6,5 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: 6-ական միավորով նրան հետապնդում են Դավիթ Շահինյանն ու Վարվառա Ռեպինան: Դավիթը հաղթեց ռուսաստանցի Գլեբ Ապրիշկոյին: 8-րդ տուրում մեծ հետաքրքրությամբ է սպասվում Շահինյան-Սիմոնյան մրցավեճը: Նշենք, որ երկուսն էլ անպարտելի են: Սիմոնյանը 5 անընդմեջ հաղթանակ է տոնել, Շահինյանը վերջին 3 տուրերում պարտության է մատնել մրցակիցներին:

Արթուր Ղարագյոզյանն ու Վարդան Խոջայանը ունեն 5,5 միավոր: Խոջայանը հաղթեց իր հայրենակից Արամ Պլուզյանին, որն ունի 4,5 միավոր: 5-ական միավոր են վաստակել Սարգիս Մանուկյանն ու ռուսաստանցի Էդուարդ Բարսամյանը: Մանուկյանը ոչ-ոքի խաղաց Էդուարդ Խաթոեւի հետ, իսկ Բարսամյանը հաղթեց Աննա Բուրտասովային:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4