Պատասխանելով հայ լրագրողի հարցինՙ Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին երեկ ասաց, որ Վրաստանը մտադիր չէ վաճառել «Հյուսիս-հարավ» գազատարի, որով Ռուսաստանից գազ է մատակարարվում Հայաստանին, վրացական հատվածի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: «Գոյություն ունեն ռազմավարական օբյեկտներ, որոնց կառավարումը կշարունակի իրականացնել Վրաստանի կառավարությունը», նշեց Նիկա Գիլաուրին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահը նախկինում հայտարարել էր, որ բանակցություններ է վարում Վրաստանի կառավարության հետ գազատարի այդ հատվածը ձեռք բերելու վերաբերյալ:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի երեկ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ երկու երկրների սահմանները հատելիս առաջացող խնդիրներին: Դրանք են հայկական բեռնատարների համար Վրաստանի տարածքում ճանապարհների պահպանման տուրքը եւ Հայաստան մտնող վրացական ավտոմեքենաների համար ԱՊՊԱ պայմանագիրը: Ինչպես նշեց Տիգրան Սարգսյանը, վրացական կողմի հետ պայմանավորվել են այս հարցերը լուծել այնպես, որ անհարմարությունները հասցվեն նվազագույնի, եւ այդ մասին հանձնարարական է տրվել երկու երկրների ֆինանսների նախարարներին:
Ա. Մ.