Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերություններին բնորոշ բարձր մարկարդակի եւ դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ: Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էդվարդ Նալբանդյանին փոխանցել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհի ողջույններն ու բարեմաղթանքները: Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել առաջիկայում երկկողմ շփումների օրակարգի շուրջը: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, նշելով, որ այն կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում: Քննարկվել է նաեւ երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունների մշտական մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ զարգացող բազմաբովանդակ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող նախագծերին եւ հեռանկարային ծրագրերինՙ էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջը:
Հ. Ա.